Մեր տեղեկություններով, վերջին օրերին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները ոչ պաշտոնական այցով գտնվել են Երեւանում` «Հայկական երկաթուղու» ընդհանուր վիճակին ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ 2008թ. հունվարի 15-ին հայտնի է դառնալու «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող կազմակերպությունը (մրցույթում հայտ է ներկայացրել նաեւ հնդկական «Ռայթս» ընկերությունը), որը, ամենայն հավանականությամբ, կլինի հենց «Ռուսական երկաթուղիները»: Նշենք, որ այս մրցույթի թափանցիկության կապակցությամբ ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությանն ուղղված նամակում իր մտահոգությունն էր հայտնել Համաշխարհային բանկը: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ռուսական ոչ պաշտոնական պատվիրակության կազմում է եղել «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության այն ներկայացուցիչը, որը զբաղեցնելու է «Հայկական երկաթուղու» տնօրենի պաշտոնը: