Երեկ Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրության համար կտավներ են տրամադրել Հայաստանի տարբեր թանգարաններն ու մասնավոր կոլեկցիոներները:
Գեւորգ Բաշինջաղյանն առաջին հայ նկարիչն է, ով սկսել է պատկերել հայրենի բնությունը: Վրաստանի հեռավոր գյուղերից մեկում` Սղնախում ծնված նկարիչը երբեք չի ապրել Հայաստանում, սակայն մի քանի անգամ ճամփորդել է հայրենի հողերով: Ինչպես ասաց նկարչի թոռնուհին` տիկին Գայանեն` «Բաշինջաղյանը միշտ ճանապարհ է նկարել: Նա առաջինն էր, որ Հայաստանի բնապատկերները ստեղծեց եւ ուշադրություն հրավիրեց բնությունը սիրելու եւ գնահատելու խնդրին: Նա իր նկարներով պաշտպանեց բնությունը: Դա շատ լուրջ ուղերձ է մեր օրերի համար, որը կարելի է որպես էկոլոգիայի խնդիրների հիշեցում համարել»: Բաշինջաղյանը սիրել է ոտքով, ձիով կամ ֆայտոն նստած շրջել Ադրկովկասյան անտառներով, լեռնոտ ճամփաներով ու ծովի եզրերով: Ինչպես Բաշինջաղյանը գրում է իր հիշողություններում` նա հաճախ ստիպված է եղել գիշերել բաց երկնքի տակ, անտառում խարույկ վառել, ապաստարան գտնել կորած-մոլորված խրճիթներում, թրջվել անձրեւի տակ, քանի որ ցանկացել է որսալ այն պահը, երբ բնությունը դիտողի առջեւ բացում է իր գաղտնիքները: Հաճախ այդպիսի գաղտնիք կարող էր լինել արեւի մեկ ճառագայթը, որը նոր օրվա սկիզբն է ազդարարում: Գեւորգ Բաշինջաղյանի մյուս թոռնուհին` Մոսկվայում ապրող արվեստաբան Նաթելլա Բաշինջաղյանը պատմեց, որ իր պապն ամենից շատ սիրել է արեւածագը: «Նա պատրաստ էր ժամերով կանգնել գիշերվա անտառում, որպեսզի տեսնի, թե ինչպես է նոր օրը բացվում: Եվ ամեն անգամ զարմանում էր` այդ հրաշքը տեսնելով»,- ասաց նա:
Բաշինջաղյանի բնապատկերներում մարդիկ հազվադեպ են հանդիպում, ավելի հաճախ տեսնում ենք հանդարտ ու զուսպ բնությունը: Նա աշխատել է միշտ ճշգրիտ պատկերել բնությունը, մանրակրկիտ ու մեծ սիրով նկարել է բնության էլեմենտները` աշխատելով չխախտել ռեալիստական մոտեցումը: Բաշինջաղյանի բնությունը վառ ու աչք ծակող բացահայտում չէ, այլ` զուսպ ու մեղմ հիացմունք է: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ով նաեւ հայտնի նկարիչների աշխատանքների կոլեկցիոներ է (այս ցուցահանդեսին նա իր անձնական հավաքածուից հինգ գործ է տրամադրել) ասաց, որ Բաշինջաղյանի կտավներին նայելով՝ ինքը նա հոգեւոր հանգստություն է զգում:
Բաշինջաղյանը խոստովանել է, որ չի սիրում փոթորկող ու տարերային բնությունը, որը ոչ թե` հիացնում է, այլ` ընդհակառակը` խռովում է մարդու հոգին: Նրա կտավներում իշխում է խաղաղ եւ լիրիկական տրամադրությունը: Լինելով Եվրոպայում ու ծանոթանալով նորարար իմպրեսիոնիստների հետ, նա նոր ոճով նկարելու մի քանի փորձ արեց, սակայն հետագայում հրաժարվեց շարունակել որոնումները: Նա ուներ իր ոճը, թեման ու իր պոեզիան, որոնց եւ հավատարիմ մնաց ողջ կյանքում:
Հ.Գ. Ցուցադրության համար իր անձնական կոլեկցիայից Բաշինջաղյանի մի կտավ էր տրամադրել նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որն ունի նկարների շատ մեծ հավաքածու: