Անհեթեթ ռեկորդներ

12/11/2007

Ծագումով հնդիկ բրիտանացի Մանջիթ Սինգհը նոյեմբերի 8-ին՝ Գինեսի ռեկորդների միջազգային օրը, փորձել է նոր նվաճում սահմանել՝ ականջներին ամրացրած մետաղյա լարերով տեղից շարժել եւ 10 մետր տեղափոխել «Ռութմասթեր Բասը»՝ Լոնդոնի խորհրդանիշներից մեկը համարվող երկհարկանի ավտոբուսը: Ըստ DPA գործակալության, 57-ամյա նախկին ոստիկան Սինգհը կարողացել է տեղից պոկել ավտոբուսը, սակայն այն ընդամենը 5 մետր է տեղափոխել: «Դժբախտաբար, ռեկորդ չի սահմանվել, Մանջիթը շատ է հիասթափված, բայց ի՞նչ անես, հեշտ չէ ռեկորդներ սահմանել»,- ասել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման կենտրոնի պաշտոնյա Ամարիլա Էսպինոզան: Մանջիթ Սինգհը խոստովանել է, թե «լարերը խրվել էին ականջներիս մեջ եւ ահավոր ցավ էին պատճառում»: Այս տարի ավելի վաղ Սինգհն ականջներին ամրացրած մետաղյա ճոպանով կարողացել է 3 մետր 40 սանտիմետր տեղափոխել 7,5 տոննա քաշ ունեցող օդանավը: Մինչ այդ նա իր մազերով տեղից շարժել էր «Ռութմասթեր Բասը», մի անգամ էլ ականջներով 85 կիլոգրամանոց ձող էր բարձրացրել: Ավտոբուսը ականջներով 10 մետր տեղափոխելու անհաջող փորձը տեղի է ունեցել Լոնդոնի հայտնի «Հայդ Պարկ» զբոսայգում: Այդ օրը «Հայդ Պարկ»-ում մի խումբ մարդիկ փորձել են «կառուցել» ամենաբարձր աշտարակը… հացաբլիթներից: Նոյեմբերին 8-ին ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ տասնյակ այլ երկրներում տեղի են ունեցել ամենատարբեր անվանակարգերում անհեթեթ ռեկորդներ սահմանելու փորձեր: Մասնավորապես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ստեղծել են «կրծկալներից ամենաերկար շղթան», իսկ Կանադայում պայքարել են ոտքերին ամրացված ռետինե ճոպանով աշտարակից ցած նետվողները, ովքեր 24 ժամում թռիչքների քանակի ռեկորդ են սահմանել: