Պարող եւ երգող օլիգարխը

12/11/2007

Երաժիշտներ Էրիկ Քլեպտոնն ու Էլթոն Ջոնը պատրաստվում են նոր մյուզիքլի երաժշտություն գրել, որի հերոսը կլինի ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը: Մյուզիքլի համար հիմք է հանդիսացել Թոմ Հաթչինսի «Աբրամովիչ. անհայտությունից ծնված միլիարդատերը» կենսագրական վեպը, որը մեծ հաջողությամբ վաճառվում է Եվրոպայում:

Նախատեսվում է, որ Աբրամովիչի երկրորդ կնոջ դերում հանդես է գալու երգչուհի Սելին Դիոնը, առաջին կնոջ դերը կկատարի ռուս երգչուհի Վալերիան, իսկ Բորիս Բերեզովսկու դերը կկատարի կատակերգակ Դենի դե Վիտոն: Ապագա մյուզիքլում հանդիսատեսը կարող է տեսնել նաեւ պարող Բորիս Ելցինին, լսել «Չելսի» ֆուտբոլային ակումբի եւ Չուկոտկայի եղնիկների դերակատարների խմբերգերն ու Սիբիրի նավթի պաշարների ճակատագիրը որոշող Կրեմլի բանակցություններին ականջ դնել: Նախագիծն արժենալու է մոտ 2 մլն դոլար, հեղինակներն ակնկալում են, որ գումարի մեծ մասը կտրամադրի հենց Ռոման Աբրամովիչը: