Միմիայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ընդդիմացավ

12/11/2007

Մեծ հարգանք տածելով տիար Կլոդ-Արմեն Մութաֆյանի ծավալած հայաշեն գործունեության հանդեպ, ինչպես նաեւ անվերապահորեն կիսելով «168 Ժամին» տված հարցազրույցում նրա արտահայտած որոշ կարծիքներն ու մեկնաբանությունները, հարկ ենք համարում անդրադառնալ Լուվրի թանգարանում կազմակերպված «Armenia Sacra» ցուցահանդեսի առնչությամբ «Էջմիածնի ներկայացուցիչների» վերաբերյալ նրա հայտնած կարծիքին:

Իրապես, Լուվրի թանգարանում եղան ինչպես կազմակերպչական ու տեխնիկական բարդություններ (ինչը բնական է եւ հատուկ մեծ ծրագրերի կենսագործմանը), այնպես եւ գիտական լուրջ տարակարծություններ էքսպոզիցիայի, բովանդակային, հայոց պատմության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաեւ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության, դավանանքի ու վարդապետության ներկայացման ու մեկնաբանության առումներով: Եվ այդ ամենը պարփակված էր ցուցահանդեսի կատալոգի մեջ` ի դեմս օտար եւ ծագումով հայ մասնագետների գիտական հոդվածների (Jannic Durand, Jean-Pierre Mahռ, Nina Garsoտan եւն): Եվ բնական է, որ սխալներ պիտի լինեին նաեւ ցուցահանդեսի քարտեզների մեջ:

Ահավասիկ, հարգո մտավորականը (ով, ի դեպ, հանդիսանում է խնդրո կատալոգի հոդվածագրերից մեկը) մատնացույց անելով Լուվրի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի թերությունները եւ գիտական մեծ սխալները՝ մասնավորաբար նշում է, որ «Էջմիածնի ներկայացուցիչներն» ուշադրություն չդարձրին դրանց, սակայն «բողոքեցին այն ձեւակերպման դեմ, ըստ որի` հայերն Ավարայրի ճակատամարտում պարտվել են»:

Նախ եւ առաջ հարկ ենք համարում վերստին հիշեցնել տիար Մութաֆյանին (ինչպես նաեւ՝ տեղեկացնել ընթերցողներին), որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես տեղեկացված չէր «Armenia Sacra» ցուցահանդեսի կատալոգի բուն բովանդակության մասին (ի պատասխան Սուրբ Էջմիածնի պատկան անձերի հարցադրումների՝ ասվել էր, որ սոսկ արվեստաբանական անդրադարձ է լինելու ներկայացված հոգեւոր արժեքների վերաբերյալ): Եվ միայն ցուցահանդեսի պաշտոնական բացումից երեք օր առաջ բացահայտվեցին կատալոգի ու վահանակների տեքստերի սկզբունքային նշանակություն ունեցող բոլոր սխալները, որոնց էլ, անխտրաբար,

ՄԻՄԻԱՅՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի՛նն ընդդիմացավ:

Հայոց Եկեղեցու Գերագույն Հոգեւոր խորհուրդը, Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչներից տեղեկանալով Լուվրում երեւան եկած գիտական խնդիրների մասին, Նորին Սրբություն ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց բարձրաձայնմանը եւ համապատասխան գրությամբ դիմեց Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Անրի Լուարետին. «Ցավով պետք է արձանագրենք սակայն, որ մեր ուրախությունը մեծապես մթագնեց, երբ իմացանք, որ այս առիթով հրատարակվող հարուստ կատալոգի էջերին կան այնպիսի լուրջ սխալներ, որոնք Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամների կողմից իրավամբ կարող են համարվել ոչ բարեկամական մոտեցում…» (16 փետրվարի, 2007 թ., թիվ 262 գրություն, Սուրբ Էջմիածին): Դեռ ավելին, որպեսզի ցուցահանդեսի այցելուների ու կատալոգի ընթերցողների համար բացահայտվեն այդ սխալները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Լուվրի թանգարանից պահանջեց, որ այլեւս ողջ տպաքանակով լույս տեսած խնդրո կատալոգի մեջ զետեղվի համապատասխան գրություն:

Արդ, թե՛ Լուվրի թանգարանի, թե՛ տիար Մութաֆյանի ջանքերով Մարսելի «La Vieille Charitռ» կենտրոնում կազմակերպված եւ թե՛ մյուս ցուցահանդեսների փակագծերն ամբողջովին չբացելով (քանի որ «հանդիմանություն կա, որ բարի չէ, եւ լռություն կա, որ իմաստություն է» (Սիրաքի իմաստ. 19:28), պարզապես կցանկանայինք Հայրենի հայագիտական մայր հաստատությունների որոշ աշխատակիցների հորդորել, որ միշտ աչալուրջ ու նախանձախնդիր լինեն եւ հայագիտության շահը վեր դասեն անձնական հարաբերություններից ու ամեն տեսակ շահերից. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել…» (Մատթ. 6:24):

Ասողիկ քահանա Կարապետյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն