Ընթացքի մեջ է

12/11/2007

Արմավիրի մարզի Մարգարա, Վարդանաշեն, Արազատ, Արգավանդ եւ մի շարք այլ գյուղեր իրար հետ կապող պետական նշանակության կամրջի 75-80%-ը փուլ գալու եզրին է: Արմավիրցիների խոսքերով, կամրջի միայն 15%-ի հաշվին են բնակիչները փորձում երթեւեկել, ինչը շատ վտանգավոր է: Բնակիչների խոսքերով, եթե արդեն մեկ ամիս շարունակվող այս իրավիճակը չփոխվի, ապա այդ գյուղերի հողերը շուտով անմշակ կդառնան, քանի որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տրակտորները չեն կարողանում անցնել կամրջի վրայով: Վարդանաշեն համայնքի բնակիչները դիմել են ամենուր, օրերս էլ ահազանգել են փրկարար ծառայությանը: Այստեղից պատասխանել են, թե կգան, բայց դեռ ոչ ոք չկա: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «panorama.am»-ին փոխանցել են, որ այժմ ընթանում են կամրջի նախագծման աշխատանքները: Կամուրջը նախատեսված էր վերանորոգել հաջորդ տարվա ընթացքում, պետական բյուջեի նախագծում էլ դրա համար գումար էր սահմանված: Սակայն կամրջի անմխիթար վիճակի պատճառով նախարարությունում որոշել են վերականգնման աշխատանքներն արագացնել: Նրանց հավաստմամբ, նախագծման աշխատանքները մոտ ժամանակներս կավարտվեն, որից հետո կսկսվի կամրջի վերականգնման գործընթացը: