Այսօր ժամը 13:00-ին ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանն ամենայն հավանականությամբ կլսի «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի ցուցմունքները: Անցած մի քանի դատավարությունների ժամանակ դատարանը հարցաքննել էր ընկերության տնօրեն Արամ Ղազարյանին: Հիշեցնենք, որ ի տարբերություն Ա.Ղազարյանի՝ Գ.Հակոբյանը կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: Նրան կալանավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայից վերադառնալիս: Վերաքննիչ դատարանը մերժել էր Գ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին փաստաբան Աշոտ Սարգսյանի միջնորդությունը: Ա. Սարգսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ չի պատրաստվում Վերաքննիչ դատարանի այդ որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: «Որովհետեւ դա 3 ամիս կտեւի: Իսկ ես հուսով եմ, որ եթե դատարանն առաջնորդվի օրենքով եւ ոչ թե վերեւներից իջեցրած հրահանգներով, ապա Գ.Հակոբյանն այդ ընթացքում ազատ կարձակվի»,- ասաց Ա. Սարգսյանը: