«ԼՂՀ հակամարտության կարգավորման առումով ես այնքան էլ լավատես չեմ»,- Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում ունեցած ելույթից հետո պատասխանելով ներկաների հարցերին՝ երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով` եթե դիտարկենք այն նախագիծը, որը քննարկվում է, ապա այն տպավորությունը կստեղծվի, որ ճանապարհի մեծ մասն անցած է: Նա նաեւ պնդել է, թե ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունները 3-4 հարցերի շուրջ են, որոնց մի մասը, ըստ Ռ. Քոչարյանի՝ տեխնիկական բնույթ ունեն, որոնց շուրջ կարելի է պայմանավորվել: Սակայն տեղի ունեցող սպառազինությունների մրցավազքը, ռազմական ճարտասանությունը, մշտական սպառնալիքները, ըստ Ռ.Քոչարյանի, այն տպավորությունն են ստեղծում, թե խոսքը երկու տարբեր նախագծերի մասին է. «Դա շարժում է տարբեր ուղղություններով. փաստաթուղթը բերվում է ինչ-որ խելամիտ տեսքի, իսկ ինչ տեղի է ունենում իրականում` բոլորովին այլ գործընթաց է: Այդ իսկ պատճառով լավատեսությունն ինձ մոտ շատ չէ»,- նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով` խնդրի փուլային լուծման հնարավորություն կա, բայց դա կարող է լինել իմպլեմենտացիայի գործընթացում: «Չպետք է լինի նախապայման` օրինակ, վերադարձնել տարածքները, հետո քննարկել կարգավիճակի հարցը: Պետք է լինի ամբողջովին համաձայնեցված փաթեթ, վերջինիս բաղադրիչների լուծումը կարող է ձգձգվել տեխնիկական, քաղաքական, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Տարածքների հարցը եւս փաթեթի մի մասն է, ընդ որում` ոչ բոլորը: Հայկական կողմի խնդիրներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ցամաքային կապ Հայաստանի հետ, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյություն չի կարող լինել»,- ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե գոյություն ունի՞ ինչ-որ կապ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների միջեւ, ՀՀ նախագահը նշեց, որ ընդհանուր կապն այն է, որ այդ հակամարտություններն անմիջական հետեւանք են Խորհրդային Միության, ընդհանրապես` սոցիալիստական ճամբարի փլուզման: Այդպիսի գործընթացներ, որպես կանոն, տեղի են ունենում գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում: «Վստահ եմ, որ այդ հակամարտությունների լուծումը կապված չէ միմյանց հետ, չնայած գտնում եմ, որ դրանց լուծումն այժմ կբերի ավելի քիչ խնդիրների, քան դրանց ձգձգումը կամ սառեցումը»,- նշել է Ռ. Քոչարյանը՝ հավելելով, թե կա այն մոտեցումը, որ եթե փորձեն լուծել հակամարտություններից մեկը, ասենք` Կոսովոյինը, ապա այն կհանգեցնի որոշակի շղթայական ռեակցիայի: «Ես պարզապես վստահ եմ, որ հակամարտությունների այն քանակությունը, որ կարող էր ի հայտ գալ այս պահին` արդեն ի հայտ է եկել, պարզապես պետք է մտածել դրանց նորմալ, հասկանալի լուծումների մասին: Դրանց միջեւ ուղղակի կապ չկա»,- ամփոփել է Ռ. Քոչարյանը: