«Ադրբեջանում ցանկանում են, որ Հայաստանի նախագահ ընտրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա գնահատմամբ` ադրբեջանական լրատվամիջոցներում եւ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեսակետը, թե Ադրբեջանի համար վտանգավոր է, որ իշխանության գա Լ.Տեր-Պետրոսյանը, «կոպիտ բլեֆ է»: Ըստ նրա` Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի պայքարելու Արցախի համար, եւ նրանց այդ «բլեֆն» ուղղված է Հայաստանի շարքային քաղաքացիներին մոլորեցնելուն: «Մտածելով, որ Ադրբեջանը դեմ է նրան, մենք կընտրենք Լ.Տեր-Պետրոսյանին: Նրանք հույսները դրել են հակառակ ազդեցության վրա»,- ասել է քաղաքագետը: Փորձագետի խոսքերով` Ադրբեջանը մոլորության մեջ է պահում նաեւ միջազգային հանրությանը` նավթի եւ գազի մատակարարումը «շանտաժի գործիք դարձնելով»: Նրա կարծիքով` միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ադրբեջանամետ դիրքորոշումներն այդ երկրից մատակարարվող էներգակիրների հարցում ունեցած անձնական եւ ոչ անձնական շահերով են պայմանավորված: