Հայտարարություն

09/11/2007

Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող զարգացումները, Վրաստանում կատարվող իրադարձությունները, Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ սադրիչ հայտարարությունները հայոց ցեղասպանության բացահայտ ժխտման եւ ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության մեջ ազգությամբ հայ անդամներ լինելու մասին, Իրանի Իսլամական Հանրապետության առնչությամբ ծավալվող լարվածությունը, ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի անպարկեշտ գնահատականները, որոնք պաշտոնական Երեւանի կողմից մնացին անպատասխան, Հայաստանի Հանրապետության իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից պահանջում են առավել զգոնություն եւ շրջահայացություն: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» վերստին կարեւորում է քաղաքական ուժերի, լինի իշխանական թե ընդդիմադիր, ժողովրդին միաբանելու նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը՝ խնդիր ունենալով արգելակել երկրում իրավիճակն ապակայունացնող ցանկացած դրսեւորում: Ստեղծված իրավիճակում մենք առանձնահատուկ կարեւորում ենք բիզնեսի օրենքով պաշտպանվածությունը, ձեռներեցների, հատկապես խոշոր բիզնեսմենների օրինապաշտ պահվածքը, որը նախընտրական այս շրջանում կբացառի ֆինանսական, մարդկային եւ այլ լծակների օգտագործումը ժողովրդի ազատ կամքի արտահայտման դրսեւորման վրա, լինի դա իշխանության թե ընդդիմության օգտին: Պատասխանատու այս ժամանակաշրջանում ազգը պառակտող ցանկացած գործողություն, ում կողմից էլ որ այն կատարվի կամ հրահրվի, խստագույնս կդատապարտվի «Ազգային Միաբանություն կուսակցության» կողմից եւ, համոզված ենք՝ կարժանանա պատմության դատաստանին:

«Ազգային Միաբանություն կուսակցություն»