Միայն տեխնոլոգիայով Հայաստանում չեն ընտրվում

09/11/2007 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ամերիկայի ժողովուրդն ասաց իր խոսքը: Սակայն որպեսզի հասկանաս, թե նա ի՞նչ ասաց, որոշ ժամանակ է հարկավոր:
Բիլ Քլինթոն

Նոյեմբերի 6-ին մամուլի ակումբներից մեկում մամլո ասուլիս էր հրավիրել ընտրական տեխնոլոգիաների մասնագետ ներկայացած Արմեն Բադալյանը: Մեր բոլոր փորձերը՝ ճշելու, թե մինչ օրս ո՞ր ընտրություններում եւ ո՞ր քաղաքական ուժի հետ է աշխատել պարոն Բադալյանը` պսակվեցին անհաջողությամբ: Հայաստանյան լրագրողներից, քաղաքագետներից եւ PR-շչիկներից եւ ոչ մեկը չկարողացավ պատասխանել մեր վերոնշյալ հարցին: Սակայն խնդիրն ամենեւին էլ պարոն Բադալյանի անձը չէ: Մեզ ավելի շատ հետաքրքրեցին հարգարժան ընտրատեխնոլոգի արտահայտած մտքերը: Սկսենք նրանից, որ դասագրքային մտքերը յուրաքանչյուր մասնագետի համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են: Որովհետեւ, գիտության յուրաքանչյուր ճյուղ բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ փորձնական մասերից: Իսկ փորձը քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում շատ հակասական արդյունքների է հանգեցնում, կախված ազգային մենթալիտետից եւ այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իրողություններից, որոնք անմիջապես նախորդում են տվյալ ընտրությանը: Օրինակ, երբ պարոն Բադալյանն ասում է, թե «Շատերին թվում է, որ եթե լավ ծրագիր գրես` քեզ կընտրեն: Սակայն այդ պատկերացումը փլվեց, երբ շատ երկրներում իշխանության եկան լավ ծրագրերով ու դրանք չիրագործեցին: Իսկ հաջորդ սխալ մտայնությունը միասնական կամ իդեալական թեկնածուի մոդելն է, երբ վերցնում ես մի թեկնածուի ու փորձում նրան «հագցնել» իդեալական թեկնածուին բնորոշ հատկանիշներ», երեւի չի հիշում, որ վերջին 17 տարիների ընթացքում երկու, իր կողմից բացառվող, օրինակներն էլ մեծ հաջողությամբ իրականացվել են Հայաստանում: Խոսքս ՀՀՇ-ի գաղափարական (կամ որ նույնն է՝ ծրագրային) հենքի վրա իշխանության գալն էր 1990-ականների սկզբին եւ 1996թ. Վազգեն Մանուկյանի միասնական թեկնածու դառնալը: Ի դեպ, ընդամենը 4 տարի առաջ Միխայիլ Սահակաշվիլին, բավականին արդյունավետ, միասնական թեկնածու էր հարեւան Վրաստանում, իսկ Վիկտոր Յուշչենկոն` Ուկրաինայում: Մի կողմ թողնենք այն մտքերը, որտեղ պարոն Բադալյանը համոզված է, թե բոլոր թեկնածուները հանդես են գալիս ինչ-որ առանձնահատուկ կերպարներում` ամենախելացի, ամենաուժեղ եւ այլն: Շատ հետաքրքիր է ելույթի այն հատվածը, որտեղ ընտրատեխնոլոգը խոսում է ԶԼՄ-ների մասին: Նրա կարծիքով՝ «TV-ներն ավելի թույլ ազդեցություն ունեն մարդու վրա, քան տպագիր մամուլը, եւ, եթե ընդդիմությունն ունենա 2-3 անուն տպագիր լրատվամիջոց, նրանք կարող են չեզոքացնել, օրինակ, «Հայլուրի» կամ «360 աստիճանի» ազդեցությունը: Մամուլում տպագրվածն ավելի խորն է նստում մարդու ուղեղում, քան հեռուստատեսությամբ հաղորդված լուրը»: Արտահայտած այս մտքերից կարելի է եզրակացնել, որ պարոն Բադալյանը երկար տարիներ չի ապրել Հայաստանում եւ Երեւան է ժամանել երկու-երեք օր առաջ (կամ միչ փոքր ավելի շուտ, եթե հասցրել է արդեն ծանոթանալ «Հայլուրի» եւ «360 աստիճանի» հետ): Նախ նշեմ, որ անկախացումից ի վեր ընդդիմությունը միշտ էլ ավելի շատ տպագիր լրատվամիջոցներ է ունեցել, քան իշխանությունը (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք` «Երկիր», «Ազատամարտ», «Իրավունք», «Գոլոս Արմենիի», «Այժմ», «Լրագիր» եւ այլն, Ռոբերտ Քոչարյանի օրոք` «Հայկական Ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Իրավունք», «168 Ժամ», «Հայք», «Տարեգիր», «Ժամանակ Երեւան» եւ այլն): Սակայն այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի չփակվի «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իշխանությունների համար ավելի վտանգավոր էր, քան բոլոր թերթերը միասին վերցրած, քանի որ թերթերի նկատմամբ նման ոտնձգություն այդպես էլ չարվեց: Եվ երկրորդ` որպեսզի մամուլում տպագրվածը, ինչպես նշվում է, մարդու ուղեղում խորը նստի, մարդն առաջին հերթին պետք է այդ տպագրվածը կարդա: Իսկ հայաստանյան թերթերի տպաքանակներից կարելի է ենթադրել, որ Հայաստանում թերթ ընթերցողների թիվը չի գերազանցում 20.000-ը: Այնպես որ, ազգն այսօր գերադասում է դեգրադացվել եւ նախընտրում է համազգային, սուպեր եւ այլ տեսակի աստղերին տեսնել եւ լսել, քան կարդալ: Եթե չեք հավատում, դուրս եկեք փողոց եւ փորձեք սեփական օգտագործման համար փոքրիկ հարցում անցկացնել: Հարցաթերթիկը կարող է կազմված լինել ամենապրիմիտիվ հարցերից: Օրինակ, «Ո՞վ է Վահան Տերյանը», «Ի՞նչ է Տորիչելյան դատարկությունը», «Սալվադոր Դալին միայն օծանելի՞ք է, թե՞…», «Եթե Արման Հովհաննիսյանն աստղ է, ապա ո՞վ են այդ դեպքում Լուի Արմսթրոնգը կամ Փոլ ՄաքՔարթնին»: Համաձայնեք, որ վերջին հարցի պարագայում անգամ հեռուստացույցը չի փրկի: Ո՞ւր մնաց մամուլը:

Եվ վերջապես, պարոն Բադալյանը հայտարարել էր, թե «ընտրությունների ժամանակ ամենամեծ ռեսուրսը ոչ թե փողն է, ինչպես կարծում են ոմանք, այլ ինքը՝ թեկնածուն, ապա նաեւ` ցանցային աշխատանքը»: Այստեղ արդեն պարոն Բադալյանը նույն հարցաշարով պետք է մտնի ՀՀ Ազգային ժողով եւ հարցերն ուղղի մեր պատգամավորներին: Արդյունքում՝ մեր հարգարժան ընտրատեխնոլոգը կհամոզվի, որ Հայաստանում միակ ռեսուրսը փողն է: Իսկ մնացած թեկնածուները «ցանցային աշխատանքները» կատարելուց հետո գնում են իրենց տուն:

Ինչ վերաբերում է քաղաքական տեխնոլոգիաներին, ապա նշված տեխնոլոգիաները քաղաքակիրթ աշխարհում կիրառվում են ոչ միայն ընտրություններից առաջ եւ ոչ միայն ընտրությունների նպատակով: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի կողմից ղարաբաղյան խնդրի վերջին համեմատությունը գեյ-շքերթի հետ դրա վառ ապացույցն է: Այստեղ միայն մի խնդիր կա: Երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի Իտալիայի ներկայացուցիչը գեյերի մասին երկու խոսք էր ասել, որից հետո խեղճ մարդուն «նուրբ եւ զգայուն» եվրոպացիներն արգելեցին աշխատել այդ կառույցում: Հետաքրքիր է, այդ նույն եվրոպացիները կպատժե՞ն Թերիին իրենց «սիրելի» գեյերի հասցեին հնչեցրած նման «անթույլատրելի» եւ արհամարհական արտահայտության համար, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է հայերին, ապա, կարծում եմ, որ եթե մեր Արտաքին գործերի նախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեց պարոն Դեւիսի այդ արտահայտությանը, ապա, ինչպես կասեր իմ լավ բարեկամներից մեկը` ուրեմն դոստիգաետ (հասնում ա):