Ցանկության հարց է

09/11/2007

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որպես հնարավոր տարբերակ, առաջարկվել է նոյեմբերի վերջին նախարարների հանդիպում անցկացնել Մադրիդում ԵԱՀԿ նիստի շրջանակներում: Ներկա պահին ես համանախագահներից տեղեկատվություն եմ սպասում նրանց հետագա ծրագրերի մասին»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Մեկնաբանելով հոկտեմբերի վերջին միջնորդների այցն Ադրբեջան՝ նախարարն ասել է, որ «պատասխան է սպասում համանախագահներից, որովհետեւ նրանք այստեղից մեկնեցին Երեւան, ասացին, որ շարունակելու են մաքոքային դիվանագիտությունը»: «Բայց, դատելով այն բանից, որ տեղեկատվություն չի ստացվում համանախագահների գործողությունների մասին, Երեւանում նրանց անցկացրած բանակցությունները հաջողություն չեն ունեցել»,- նշել է Մամեդյարովը: Անդրադառնալով` մինչեւ 2008թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ջենտլմենական համաձայնության հասնելու հնարավորությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է. «Դա հիպոթետիկ հարց է, եւ ինձ համար դժվար է մեկնաբանել ցանկությունը: Ցանկություն կա: Եթե կարողանանք համաձայնության հասնել, եւ ընդսմին հայկական կողմը քաղաքական կամք ցուցաբերի, ապա, իհարկե, կարելի է ստորագրել»: