Ըստ «ComRes»-ի գործադիր տնօրեն Էնդրյու Հովքինսի, 2000 հարցվածների 67 %-ը կարծում է, որ նախագահական ընտրություններում կհաղթի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Է. Հովքինսի խոսքով` Ս. Սարգսյանից հետո երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 4 %-ով, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը 3-րդ հորիզոնականում է` 3 %-ով, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չորրորդն է 2 %-ով, մեկական տոկոս ստացել են ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Ձայներ չեն ստացել Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:
Հարցվածների 56 %-ը համոզված է, որ մասնակցելու է փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: «Առավել բարձր կրթական ցենզ ունեցող ընտրողներն ավելի համոզված էին, որ կմասնակցեն ընտրություններին»,- նշել է Հովքինսը: Ս. Սարգսյանը համարվում է նաեւ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ունակ լավագույն թեկնածուն: Հարցվածների 45 %-ի կարծիքով` ԼՂՀ հիմնահարցը լավագույնս կարող է լուծել Ս. Սարգսյանը, 11 %-ի կարծիքով` Ր. Հովհաննիսյանը, 9 %-ը նշել է Ա. Բաղդասարյանին, 8 %-ը` Ա. Գեղամյանին, 6-ական %-ը` Վ. Հովհաննիսյանին եւ Վ. Մանուկյանին, 5 %-ը` Լ. Տեր-Պետրոսյանին, 3 %-ը` Ա. Ռուստամյանին եւ 2 %-ը` Տ. Կարապետյանին: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Ս. Սարգսյանն առաջին տեղը կիսում է Ա. Բաղդասարյանի հետ` 20-ական %: 3-րդ տեղում է Ր. Հովհաննիսյանը` 17 %, Ա. Գեղամյանին նշել է հարցվածների 15 %-ը, Վ. Մանուկյանին` 7 %-ը, Վ. Հովհաննիսյանին` 6 %-ը, Լ. Տեր-Պետրոսյանին եւ Տ. Կարապետյանին` 5 %-ը, Ա. Ռուստամյանին` 4 %-ը: Երկրի սոցիալական խնդիրների լուծման հարցում եւս հարցվածների մեծ մասը` 31 %, լավագույն թեկնածու է համարում Ս. Սարգսյանին, Ր. Հովհաննիսյանին նշում է 22 %-ը, Ա. Բաղդասարյանին` 21 %-ը, Ա. Գեղամյանին` 17 %-ը, Վ. Մանուկյանին` 10 %-ը, Տ. Կարապետյանին` 8 %-ը, Ա. Ռուստամյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին` 7-ական %-ը, Վ. Հովհաննիսյանին` 6 %-ը: Հարցման մասնակիցների 36 %-ը ՀՀ-ի ապագան կապում է բոլոր կազմակերպությունների հետ, 29 %-ը` Եվրամիության, 24 %-ը` ԱՊՀ-ի, 4 %-ը` ՆԱՏՕ-ի, ոչ մեկի հետ չի կապում 11 %-ը: Հարցվածների 52 %-ն իր ընտրությունում կարեւորում է այլ պետությունների հետ հարաբերությունների ու պատերազմի վտանգի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումները: Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ՀՀ-ում «գունավոր» հեղափոխությունն անհնար է: