ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի` Երեւանում հնչեցված գնահատականներին եւ բնորոշումներին արձագանքել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Վերջինս զարմանալի է համարում, որ այլ դեպքերում դիվանագիտորեն սակավախոս եվրոպական պաշտոնյան թույլ է տվել շեշտադրումներ, որոնք «չեն պատշաճում ոչ իրեն, ոչ այն հեղինակավոր կառույցին», որը ներկայացնում է նա:
«Մասնավորապես, խոսելով ԼՂՀ վերջին ՏԻՄ ընտրությունները դատապարտող հայտարարության բացակայության մասին, պարոն Դեւիսը, հավանաբար, շփոթել է ոչ միայն աշխարհագրական, այլեւ ավանդույթային պարամետրերը: Առնվազն մտահոգիչ է, որ նման մակարդակի պաշտոնյան կարող է նույն հարթության վրա դնել միմյանց հետ որեւէ կապ չունեցող երեւույթները, եւ հույս ունենք, որ պարոն Դեւիսը եվրոպական հանրությանը տեղյակ կպահի, թե ի՞նչ համատեքստում է արել ոչ պարկեշտ զուգահեռը: Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների հասցեին հնչեցված արտահայտություններին, ապա ստիպված ենք պարոն Դեւիսին նկատել տալ, որ անկախության ձգտող բոլոր ժողովուրդներն էլ պատմական մի որոշակի ժամանակահատվածում ստիպված են լինում անցնել «անջատողականության» ճանապարհը: ԼՂՀ ժողովրդի մեղքը չէ, որ Խորհրդային Միության փլուզման օրերին ՄԱԿ-ը կամ ԵԽ-ն հասկանալի պատճառներով չէին կարող ԼՂՀ-ում հաստատել «արտաքին կառավարում», ինչը լեգիտիմություն կտար ներկայիս անկախությանը»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Հանձնաժողովը հիշեցրել է նաեւ, որ այն, ինչ ՄԱԿ-ն արել է Եվրոպայում` կանխելով էթնիկ զտումներն ու ցեղասպանության սպառնալիքը, ԼՂՀ ժողովուրդն իրականացրել է բացառապես սեփական ուժերով` օգտագործելով ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը: «Եթե պարոն Դեւիսը չի տիրապետում փաստերին, ապա ստիպված ենք նրան հիշեցնել, որ 1991թ. նոյեմբերի 24-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվել է ԼՂ ինքնավար կարգավիճակը եւ Պաշտպանության ու ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է «միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու ԼՂ ադրբեջանցիների անվտանգությունը»: Եթե սա ԼՂ բնիկ հայ բնակչությանը տարհանելու կամ բնաջնջելու նպատակով ընդունված որոշում չէ, ապա խնդրում ենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարը մեկնաբանի, թե ինչո՞ւ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմնի որոշման մեջ ոչ մի խոսք չկա ԼՂ հայ բնակչության քաղաքացիական եւ մարդկային իրավունքների մասին»: ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գնահատմամբ` Ադրբեջանի զինված նախահարձակումը հաջողությամբ հաղթահարած, պետական կառավարման որոշակի ուղի անցած եւ այսօր ժողովրդավարական զարգացման ձգտող ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչվելու ավելի օրինական հիմքեր ունի, «քան այն կազմավորումը, որին հղում է անում պարոն Դեւիսը»: