Բանից պարզվում է՝ իսկապես «մենք բոլորս կախված ենք մի կում թարմ, հանքային ջրից»։ Ընդ որում՝ կոնկրետ մակնիշի։ Խոսքը «Ջերմուկի» մասին է, որովհետեւ «Բջնի» գործարանի բնականոն աշխատանքը խաթարված է։
Որեւէ մեկի համար, իհարկե, գաղտնիք չէ, որ «ՍԻԼ» կոնցեռնի դեմ սկսված տոտալ հարձակումը կապված է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր կեցվածքի հետ։ Բայց եկեք մենք եւս առաջնորդվենք անմեղության կանխավարկածով (խոսքը Հարկային տեսչության անմեղության մասին է) եւ մի պահ ենթադրենք, թե այդ կառույցն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, ստուգումներն էլ որեւէ կապ չունեն Խաչատուր Սուքիասյանի քաղաքական հայտարարությունների հետ։
Եվ այսպես, նոյեմբերյան մի պայծառ առավոտ Հարկային տեսչության օրինապաշտ աշխատակիցները, քաղաքացիական բարձր գիտակցությամբ եւ հասարակական պարտքի վսեմ զգացմունքներով առլեցուն, առանց ծանոթ լինելու Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին՝ որոշում են ստուգումներ անցկացնել «Բջնի» գործարանում։ Զուտ պատահաբար այդ օրը զուգահեռ ստուգումներ են անցկացվում նաեւ «Պիցցա դի Ռոմա» սրճարաններում եւ նույն անձին պատկանող այլ ընկերություններում։ Որեւէ մեկը հավատո՞ւմ է այս հուզիչ պատմությանը։ Եթե այո, ապա շարունակենք։ Հարկային տեսչության օրինապաշտ աշխատակիցները միայնակ չեն լինում։ Նրանց ուղեկցում են «Վեցերորդ վարչության» աշխատակիցները։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։
Իրականում ամեն ինչ պիտի լիներ այսպես. Հարկայինը պիտի գար, ստուգումներ անցկացներ, եւ, եթե ինչ-որ հանցագործություն հայտնաբերեր (այն էլ՝ կազմակերպված), պիտի հրավիրեր Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին։ Իսկ այս դեպքում Հարկայինն «էն գլխից» այդ վարչության աշխատակիցների հետ է եկել։ Երեւի չեն ցանկացել երկու անգամ բենզին ծախսել, այսինքն՝ խնայել են պետական միջոցները։ Սա նույնպես խոսում է նրանց քաղաքացիական բարձր գիտակցության մասին։
Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Տեսականորեն այստեղ երկու տարբերակ կա. կամ «ՍԻԼ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններն իսկապես «մաքուր» չեն աշխատել, կամ լավ էլ մաքուր են աշխատել։
Երրորդ տարբերակ պարզապես հնարավոր չէ։ Երկու տարբերակներն էլ հերթով քննարկենք։
Ենթադրենք՝ «Սիլ» կոնցեռնը «մաքուր» չի աշխատել։ Բայց դա Հայաստանի հզորագույն ընկերություններից մեկն է, եւ եթե այնտեղ ինչ-որ լուրջ խախտումներ լինեին, իշխանությունները պետք է որ վաղուց իմանային այդ մասին։ Բացի այդ էլ, Խաչատուր Սուքիասյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական հայացքները, եւ բավականաչափ խելոք է՝ հասկանալու համար, որ իր բիզնեսի յուրաքանչյուր դրվագն իշխանությունները խոշորացույցով են ուսումնասիրելու։ Լավ, ենթադրենք՝ այդքանով հանդերձ՝ նրա բիզնեսն այնքան էլ մաքուր չէ։ Եթե, ըստ բժիշկների, «չկան առողջ մարդիկ, կան վատ հետազոտվածներ», նույնն էլ հարկային դաշտում է։ Ի՞նչ է ստացվում։
Ստացվում է, որ իշխանություններին հետաքրքրում են ոչ թե խոշոր ընկերությունների «հարկային պարտավորությունները», այլ այդ ընկերությունների տերերի քաղաքական հայացքները։ Այսինքն, քանի դեռ այդ գործարարներն իշխանությունների նկատմամբ լոյալ են, նրանց «խոշորամասշտաբ ստուգումների» ենթարկելու կարիք չկա, թող մի քիչ էլ հարկեր թաքցնեն։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ տարիներ շարունակ իշխանություններն աչք են փակել կոնկրետ հանցագործության դեմ, որից տուժել է ՀՀ պետբյուջեն։ Այսինքն՝ իշխանությունները վնաս են հասցրել պետությանը։
Հիմա քննարկենք երկրորդ տարբերակը։ Այն է՝ «ՍԻԼ» կոնցեռնը աշխատել է բացառապես օրենքի շրջանակներում։ Այդ դեպքում ստացվում է, որ այս ամենը սովորական քաղաքական հետապնդում է, եւ նպատակներն էլ, բնականաբար, քաղաքական են։
Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ որեւէ մեկը չի կարող հետապնդումների ենթարկվել իր քաղաքական համոզմունքների համար։
Մի խոսքով, երկուսից մեկն է։ Կամ «ՍԻԼ» կոնցեռնն իսկապես եկամուտներ է թաքցրել (այդ դեպքում ստացվում է, որ իշխանություններն իրենց անգործությամբ տարիներ շարունակ նպաստել են դրան), կամ «ՍԻԼ» կոնցեռնը ոչ մի խախտում էլ չի արել (այդ դեպքում ստացվում է, որ համապատասխան իշխանական կառույցները հենց այս պահին խախտում են ՀՀ Սահմանադրության միանգամից մի քանի հիմնադրույթներ)։
Այլ կերպ ասած, Խաչատուր Սուքիասյանի ձեռնարկություններն օրենքը խախտել են, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց որ իշխանական կառույցները մեղավոր են ցանկացած դեպքում՝ պարզ է արդեն այսօր։