Դրամի կուրսի ամրապնդման գործընթացը չի ավարտվի առանց զանգվածային աշխատանքային միգրացիայի խնդրի լուծման:
Մասնավոր տրանսֆերտների հոսքը վերջին երեք տարիների ընթացքում կտրուկ մեծացել է եւ շարունակում է աճել արագ տեմպերով: Ճիշտ է, մի կողմից՝ մասնավոր տրանսֆերտները կարելի է անվանել Հայաստանի ներկայիս տնտեսական զարգացման շարժիչ, ինչպես հաճախ կարելի է լսել այսօր: Մասնավոր տրանսֆերտները կազմում են տնտեսության մեջ կատարվող ներդրումների զգալի մասը եւ լրջորեն նպաստում են բնակչության սպառողական պահանջարկի աճին: Իրականում, սակայն, այդ շարժիչն ամենեւին «Մերսեդեսի» չէ: Համաձայնեք, անհնար է պատկերացնել նորմալ երկիր, որի տնտեսական աճի շարժիչը ժամանակավոր աշխատանքային միգրանտների եկամուտները լինեն: «Զարգացած գաստարբայտերության» նման մոդելը բնորոշ է երրորդ աշխարհի երկրներին ու պատիվ չի բերում աշխատուժ արտահանող երկրին:
Վերջերս հայտնի ռուս հեռուստահաղորդավար Շվիդկոյն իր հեղինակային «Մշակութային հեղափոխություն» ծրագրում, որոշելով բարի խոսք ասել գաստարբայտերների մասին, ամբողջ Ռուսաստանով մեկ հայտարարեց. «Հայտնի է, որ Մոսկվայում լավագույն հավաքարարները տաջիկներն են»: Չեմ կասկածում, որ Շվիդկոյը ցանկանում էր հաճոյախոսել աշխատասեր տաջիկների հասցեին, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց… Եվ նույնիսկ, եթե Տաջիկստանը համարվի Ռուսաստանի եռապատիկ ռազմավարական գործընկեր, նման «շարժիչով» գործընկերը ռուսական հանրության կողմից մշտապես ընկալվելու է այնպես, ինչպես Շվիդկոյի մոտ, այսինքն` միայն որպես գաստարբայտերների մատակարար:
Ուստի, եթե իրերը կոչենք իրենց անուններով, տրասնֆերտներն ավելի շուտ ազգային խայտառակություն են, քան շարժիչ: Եթե դա շարժիչ լիներ, ապա տրամաբանական կլիներ նրանից պահանջել շրջանառության հետագա աճ, այսինքն՝ տրանսֆերտների հետագա աճ` աշխատուժի էքսպորտի հետագա մեծացման հաշվին: Անհեթեթություն է, իհարկե: Լիակատար ցանկության դեպքում անգամ նման գործընթացը ոչ մի կերպ չի կարելի զարգացում անվանել: Այո, այն ապահովում է երկրի գոյատեւումը, բայց` միայն այդ: Իսկ եթե խոսում ենք իրական զարգացման մասին, ապա այս համատեքստում զարգացում պետք է համարել զանգվածային գաստարբայտերության աստիճանական նվազման գործընթացը, այսինքն, նաեւ` տրանսֆերտային հոսքերի իջեցման միտումը: Անհրաժեշտ է ընդմիշտ հիշել, որ մասնավոր տրանսֆերտը գոյատեւում է, ոչ թե զարգացում:
Ցավոք, այսօր Հայաստանի արտահանման հիմնական հոդվածն աշխատուժի արտահանումն է Ռուսաստան: Այս ճանապարհով երկիրը մասնավոր տրանսֆերտների տեսքով ստանում է տարեկան ավելի քան 1,5 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ապրանքների ու ծառայությունների արտահանման մյուս բոլոր հոդվածներով՝ ընդամենը մոտ 1 մլրդ դոլար: Այս հարաբերակցությունն ինքնըստինքյան մեզ առանձնահատուկ պատիվ չի բերում` երկիրը ստեղծում է չնչին էքսպորտային արտադրանք: Սակայն, հայկական տնտեսության հիմնական առանձնահատկությունն այն է, որ մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասնում է 25 եւ ավելի տոկոսի: Դա ահռելի թիվ է (ես գիտեմ եւս մեկ երկիր մասնավոր տրանսֆերտների նման տեսակարար կշռով` Ղրղըզստանը): Ուրեմն, լիովին պետք է գիտակցել, որ Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացների բնույթը հիմնականում որոշվում է հենց այդ գործոնով, որը երկրում առաջացրել է յուրօրինակ մակրոտնտեսական իրականություն:
Նոր իրականությունը կայանում է նրանում, որ երկիր մտնող ու միանգամից շուկա գնացող չվաստակած գումարների հսկա ծավալը (ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, որը չվաստակած գումարները հավաքում է Ստաբիլիզացման հիմնադրամում) հանգեցրեց տնտեսական տեսության մեջ հայտնի «հոլանդական հիվանդությանը»: Այն դրսեւորվել է բազմաթիվ երկրներում: Բայց «հոլանդական հիվանդության» հայկական տարբերակի յուրահատկությունն այն է, որ ՀՆԱ-ում տրանսֆերտների աննախադեպ բարձր տեսակարար կշռի պատճառով այն ընթանում է հատկապես ծանր ձեւով, ինչը, որպես կանոն, ոչ տեղին է դարձնում բոլոր համեմատություններն այլ երկրների հետ:
Հայտնի է, որ «հոլանդական հիվանդությունը» հանգեցնում է ազգային դրամի կուրսի խիստ ամրապնդմանը, իսկ հետո, որպես հետեւանք` ազգային արդյունաբերության անկմանը` արտահանողների մրցունակության թուլացման, ներքին գների բարձրացման, ներմուծման կտրուկ աճի, տնտեսության ամբողջ կառուցվածքի փոփոխության եւ այլ պատճառներով: Տեղին է ասել, որ ինձ անձամբ հայտնի է դեպք, երբ ձախողվել են Հայաստանում խոշոր, նորարարական դեղարտադրություն հիմնելու ներդրողների կողմից արդեն հաստատված պլանները բացառապես դրամի ամրապնդման պատճառով: Անկասկած նման դեպքերը եզակի չեն:
Այնուամենայնիվ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, սա միանգամայն օբյեկտիվ, կարելի է նույնիսկ ասել, դասագրքերում նկարագրված դասական տնտեսական գործընթաց է: Ուստի, այն բոլոր խոսակցությունները, թե կուրսն արհեստական մանիպուլյացիաների է ենթարկվում, լավագույն կողմից չեն բնութագրում դրանց հեղինակներին: Անհնար է կանխել դրամի կուրսի ամրապնդումը «հոլանդական հիվանդության» ժամանակ: Այլ բան է, թե կարելի է ու պետք է պայքարել վերջինիս բացասական հետեւանքների դեմ, ինչը չի կատարվում:
Ահա թե ինչ է ստացվում հետագայում: Որքան մեծ են տրանսֆերտների ծավալները, այնքան դրամի կուրսն ամրապնդվում է, այդքան վատանում է ազգային արդյունաբերության վիճակը, այդքան քչանում է աշխատատեղերի պահանջարկը երկրի ներսում: Այս ամենից բխում է աշխատանքային միգրացիայի ավելացումը, հետեւաբար նաեւ` մասնավոր տրանսֆերտների հոսքերի մեծացումը: Ստացվում է փակ շրջան կամ տրանսֆերտային տնտեսության ծուղակ: Տրանսֆերտները հանգեցնում են դրամի կուրսի աճին, իսկ դրամի կուրսի աճն, ի վերջո, հանգեցնում է տրանսֆերտների ծավալի մեծացմանը` երկրից աշխատուժի դուրս մղման հաշվին:
Որտե՞ղ է խնդրի լուծումը: Բնականաբար, տրանսֆերտներն արգելել չի կարելի: Միակ ճանապարհն այն է, որ ներկայիս հարյուր-հազարավոր գաստարբայտերներին Հայաստանը ի վիճակի պետք է լինի առաջարկելու արժանավայել աշխատանք ու համարժեքորեն վճարվող աշխատատեղեր, առաջին հերթին` արդյունաբերական սեկտորում: Սա ակնհայտորեն անհնարին է առանց պետության խթանող դերի: Մինչ այսօր, սակայն, կառավարությունը գերադասում է, գլուխը թաղելով ավազում, ընդհանրապես չնկատել խնդիրները եւ առանց ամաչելու հպարտանալ ցածրորակ տրանսֆերտային տնտեսական աճով, որի հետ նա առնչություն չունի, եւ որը, փաստորեն, ազատել է կառավարությանը ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից: Տրանսֆերտային գոյատեւումն արգելակ է դարձել զարգացման ճանապարհին:
Այն փաստը, որ մասնավոր տրանսֆերտների ծավալը շարունակում է անկասելիորեն աճել, վկայում է այն մասին, որ մենք ոչ միայն դուրս չենք գալիս իրավիճակից, այլեւ շարունակում ենք ներքաշվել ծուղակի մեջ: Մեր տնտեսությունը շարունակում է անհրապույր մնալ մեծ թվով բարձրորակ կադրերի համար: Այնուամենայնիվ, եթե կառավարությունը ոչինչ չձեռնարկի երկրում աշխատատեղերի ստեղծումը խթանելու ճանապարհով աշխատանքային միգրացիան կրճատելու ուղղությամբ, ապա դրամի կուրսի ուժեղացումն առաջիկա տարիների ընթացքում կշարունակվի նույն տեմպերով, տարեկան մոտավորապես 12-13%` սրանից բխող բոլոր հետեւանքներով:
«Դելովոյ էկսպրես»