«Ջրային» վարկի գործը շարունակվում է

09/11/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 Ժամն» իր նախորդ համարներում անդրադարձել էր Երեւանի ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած չարաշահումների մի քանի փաստերին:

Ներկայացրել էինք, թե այդ համակարգի բարելավման հնգամյա ծրագրին Համաշխարհային բանկի հատկացրած 32 մլն դոլար վարկը եւ ՀՀ կառավարության հատկացրած միլիոնավոր դոլարների հասնող սուբսիդիան ֆինանսական ինչ մեքենայություններով է ծախսվել: Ներկայացրել էինք, որ վարկային այդ ծրագրում տեղի ունեցած անօրինականությունների եւ չարաշահումների մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Համայնքների զարգացման ԾԻԳ-ի, Երեւանի Ջրմուղ-կոյուղու հետ միասին տեղյակ է եղել նաեւ վարկատու Համաշխարհային բանկը (ՀԲ): Եվ եթե ՀԲ-ն չի փորձել շտկել այդ իրավիճակը, ուրեմն կարելի է եզրակացնել, որ այդ չարաշահումները կատարվել են այդ ֆինանսական կազմակերպության լուռ համաձայնությամբ: Ինչպես գիտեք, այդ ծրագրով ներկայումս հետաքրքրված են մարդու իրավունքների ոտնահարման, կոպիտ չարաշահումների դեպքեր ուսումնասիրող ամերիկյան եւ անգլիական մի շարք կառույցներ: Դրանց շարքում առանձնանում է հատկապես ամերիկյան GAP-ը՝ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությունը, եւ հատկապես այդ կառույցի Արտաքին հարաբերությունների վարչության տնօրեն դոկտոր Բեատրիս Էդվարդսը։ Տեղեկացնենք, որ այդ գործին ավելի մանրամասն ծանոթանալու, շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու համար նոյեմբերի 22-ին տիկին Էդվարդսը գալու է Հայաստան: Նա ցանկանում է հանդիպել հատկապես ՀԲ Երեւանյան գրասենյակի ղեկավարության, ՀՀ կառավարության, Ամերիկայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ հենց այս կառույցն է հետամուտ եղել եւ բացահայտել նաեւ ՀԲ գլխավոր տնօրեն Պոլ Վոլֆովիցի կատարած չարաշահումները: Եվ կարծես թե ամերիկյան GAP-ն իսկապես նպատակ ունի բացահայտել միջազգային մի հսկա ֆինանսական կառույցի՝ Հայաստանում իրականացրած վարկային «մութ» գործերից մեկը: Այն կառույցի, որի գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, եւ որի գլխավոր դոնոր երկիրն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, եւ որի բաժնեմասը բանկում ամենամեծն է՝ 16,3 տոկոս: Բոլոր դեպքերում ֆինանսական շատ այլ գործարքների նման առանց քննության չի՞ փակվելու նաեւ այս վարկային ծրագրի շուրջ ծավալված մեղադրանքների հարցը: Եվ հույս կա՞ արդյոք, որ միջազգային եւ տեղական կազմակերպություններն ուշադրության կարժանացնեն Երեւանի ջրամատակարարման բարելավման վարկային ծրագրում կատարված չարաշահումների մեղադրանքներին եւ փաստերին:

«Սա պետք է ունենա իր լուծումը,- ասում է Բ.Թասկերը: -Եվ եթե GAP-ի պես կառույցն է հետաքրքրված այս ծրագրով, դա նշանակում է, որ դրական տեղաշարժ արդեն կա: Ես նույնպես GAP-ի հետ միասին հետամուտ կլինեմ դրական ավարտի: Մանավանդ, որ դոկտոր Էդվարդսը ձեր թերթին տված հարցազրույցի մեջ ասել էր, որ Բրյուս Թասկերը որպես վկա կներգրավվի ընթացիկ հետաքննության գործընթացի մեջ: Հնարավոր է, որ հետագայում GAP-ն այս գործը ներկայացնի նաեւ Ամերիկայի Կոնգրեսին եւ Սենատին: Այս գործը GAP-ի համար շատ կարեւոր է, որովհետեւ ՀԲ Ինստիտուցիոնալ անաչառությունների վարչությունը՝ INT-ն չի կատարում իր բուն պարտականությունները: Ես ուզում եմ անպայման հանդիպել նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ ներկայացնել իմ մեղադրանքները հիմնավորող փաստաթղթեր»: