Քաղաքացին միշտ իր գյուղմթերքը գնել է շուկաներից, ընդ որում` այդ գյուղմթերքն աճեցնող գյուղացու ձեռքից: Սակայն արդեն մոտ տասը տարի գյուղացուն քաղաքաբնակ-վերավաճառողները
դուրս են մղել այդ շուկաներից: Արդյունքում` գյուղմթերքի գները վերավաճառողներն իրենք են սահմանում` դրանք օրեցօր բարձրացնելով:
Իսկ խեղճ գյուղացին, որի մուտքն այլեւս այդ շուկաներ արգելված է, հող է մշակում, շատ էժան գներով ստիպված հանձնում է քաղաքաբնակ վերավաճառողներին, ու իր ողջ չարչարանքից ոչինչ չի հասկանում: Օրինակ, սովորական խառը կանաչու կապը, որ վերավաճառողներին է հանձնում կապը 20 դրամով (լավագույն դեպքում), իսկ վերավաճառողն այն վաճառում է 100-200 դրամով: Ընդամենը 20 դրամ՝ այդ չարչարանքի եւ դրա աճեցման համար արված ծախսերի դիմաց:
Սովորաբար, վաղ առավոտյան (ամռանը` դեռ լուսադեմին, ժամը 4-5-ի կողմերը, իսկ ձմռանը` մի ժամ ավելի ուշ) աշխուժանում է գյուղմթերքների շուկան: Այս շուկայում օրվա հաց վաստակողները հենց այդ ժամին էլ շտապում են տեր կանգնել իրենց ապրանքին եւ առաջինը սկսել իրենց առեւտուրը: Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող գյուղմթերքների շուկան իր ապրանքը հիմնականում ստանում է «երկրորդ ձեռից»: Այստեղ գործի հստակ բաժանում կա: Խորհրդային տարիների «Երազ» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսներն են հիմնականում «կլիենտներին» ապրանք ապահովում: Նրանք Մալաթիայի կամ Գումի մեծածախ շուկայից գնած ապրանքը վերավաճառում են շուկայում վաճառքով զբաղվածներին` մեկ կիլոգրամի մեջ վաստակելով իրենց 30-50 դրամը: Կան նաեւ փոխադրամիջոց ունեցող գյուղացիներ, ովքեր հենց իրենք են իրենց ապրանքը հասցնում շուկա եւ, մեծածախ գներով հանձնելուց բացի, նաեւ վաճառում են սեփական ապրանքը: Սակայն այդպիսիք շատ չեն: Ողջ շուկայում վաճառողները մատնացույց արեցին երկուսի` արամուսցի գազարավաճառին ու Գառնիի խնձոր վաճառող կնոջը: Սակայն բուն սպառողի համար բացարձակապես միեւնույն է, թե ումից է գնում ապրանքը, որովհետեւ շուկայում մրցակցությունն արգելված է: Գազար վաճառող տարեց կինը պատմում է, որ շուկայում առեւտուր անելը բավականին հեշտ գործ է` գյուղի գործի համեմատ: «Գազար աճեցնելը տանջանք է: Հողերի մեջ այնքան ենք քարշ գալիս, որ ձեռքերս ու ոտքերս արդեն ուռել են: Տղաս ինձ խղճում է, լավ է պահում եւ ասում է` մեր ջան, դու շուկայում նստի առեւտուր արա, մենք հողի գործը կանենք: Բայց դե հարսս էլ է մեղք, շատ է տանջվում: Գյուղում (Արամուսում.-Ա.Պ.) վրացիներին խնդրում ենք, որ տան դռնից 70 դրամով գազար տանեն: Իսկ Երեւան հասցնելու դեպքում մեծածախ շուկայում նույնպես 70 դրամով են վերցնում: Իմ ապրանքը ես եմ վաճառում, իսկ ովքեր վաճառելու հնարավորություն չունեն, տարվա կեսից սոված են մնում»,- ասում է գյուղացի այս տարեց կինը: Հետո պարզեցինք, որ իր ապրանքը վաճառողն իրավունք չունի շուկայում գին իջեցնել, եթե կանգնել է ապրանք վաճառելու, ապա պետք է խաղա տվյալ շուկայի խաղի կանոններով: Այլապես կստիպեն ապրանքը հանձնել մեծածախի գներով: Մեծածախ շուկայում խնձոր վաճառող կնոջն էլ ներկայացանք՝ որպես սկսնակ առեւտրական, եւ խնդրեցինք ծանոթացնել շուկայի նյուանսներին: «Եթե սկսնակ ես, ապա գործերդ սկզբում այնքան էլ լավ չեն առաջ գնալու: Պետք է սովորես կշեռքի հետ աշխատել: Ցանկալի է աշխատել սլաքով կշեռքով, որը մի փոքր խախտելու դեպքում, իմացիր, որ 2կգ-ի մեջ կես կիլոգրամ խաբում է: Չմոռանաս կշռաքարը միշտ կշեռքի վրա պահել, որ գնորդը չնկատի կշեռքի անճշտությունը»,- լիարժեք տեղեկատվություն է տալիս ճարպիկ վաճառողուհին:
Նոր Նորքի 3-րդ զանգվածի գյուղմթերքների շուկան հսկվում է չորս ընկերությունների կողմից: Ավանդական, հիմնակառույց համարվող շուկան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է, եւ շենքի ներսում նպատակահարմար են գտնում առեւտուր անել միայն չորացրած մրգեր ու ընկույզ վաճառողները: Տեղ զբաղեցնելու օրական վարձն էլ տատանվում է 1200-2000 դրամի սահմաններում: Սակայն այսքանով չեն ավարտվում օրվա ծախսերը: Երկաթյա սայլակներով «զինված» բեռնակիրները մեկ արկղի տեղափոխման «սակագինը» 50 դրամ են սահմանել, վճարում են նաեւ կշեռքի եւ անհրաժեշտ այլ աքսեսուարների համար: Շուկայի տարածքում կան նաեւ ալյուրի եւ շաքարավազի մեծածախ իրացման կետեր, որով անմիջապես զբաղվում են տարածքը «նայող» տղաները: Իսկ բաց երկնքի տակ գտնվող շուկան անձրեւոտ օրերին բավական վատթար վիճակում է հայտնվում: Շուկայի ներսում գոյացած ցեխաջրով լի փոսերի արանքում թեժ առեւտուր է գնում, եւ ոչ ոք իրեն նեղություն չի տալիս կարգի բերել ավերված ճանապարհը:
Այստեղ տարածքը կիսել են երեք ընկերություններ, եւ նրանցից մեկի ներկայացուցիչը` Արթուրը, պատճառաբանում է, որ երեքով պետք է միանան, գումար դնեն, որ փոսերը լցնեն: Ամենաթեթեւ հաշվարկներով, եթե շուկայի սեփականատերը զբաղեցնում է 100քմ տարածք, ամսական հավաքում են 4-4.5մլն դրամ, սակայն նշյալ տարածքը հասնում է մինչեւ 300քմ-ի, եւ բնական է, որ մուտքերն էլ այս դեպքում եռապատկվում են: Շուկան հարկվում է հաստատագրված վճարով, եւ շուկայի տնօրեն Արծրունից (ազգանունը չցանկացավ նշել) տեղեկացանք, որ ամսական հարկի գումարը տատանվում է` 1-3մլն դրամի սահմաններում, կախված այն բանից, թե որքան տարածք են վարձակալության հանձնել: «Վատ եղանակին քչերն են դուրս գալիս շուկա, ուստի նվազում է վարձակալության գումարը»,- ասաց Արծրունը: Իսկ որտեղի՞ց է երեւում, որ վարձակալության հանձնված բոլոր տարածքները հաշվառված են, եւ չունեք թաքնված շրջանառություն` մեր այս հարցը հունից հանեց տնօրենին: «Դա ձեր թերթում ի՞նչ գրելու բան է, շուկան ի՞նչ կապ ունի թերթի հետ»,- հարցնում է տնօրենը: Արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչո՞ւ շուկայում մրցակցություն չկա, ինչո՞ւ մարդը չի կարող վաճառել իր ապրանքն այն գնով, որով ցանկանում է: Այս ամենը կախված է շուկայի տերերի օրվա մուտքերից, նրանք կառավարում են նաեւ ապրանքի գները, որպեսզի հանկարծ խնդիրներ չունենան պլանային վարձերի հավաքագրման ժամանակ: