Վանքը նման է փոքրիկ դրախտի

09/11/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղը նման է փոքրիկ դրախտի: Իսկ երբ գյուղով շրջում ես, առաջին հերթին աչքի է ընկնում նոր դպրոցը` գունեղ, գեղեցիկ եւ չափազանց մաքուր: Անկեղծ ասած, նման դպրոց Երեւանում չեմ տեսել:

350 աշակերտի համար նախատեսված դպրոցն ունի մեծ սպորտային դահլիճ, լողավազան, թենիսի կորտ եւ նույնիսկ՝ պատկերասրահ: Այն ճաշակով կահավորված է, ունի անհրաժեշտ գույք: Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ այս դպրոցը կառուցվել է մոտ մեկուկես տարվա ընթացքում` գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով: Դպրոցի բացումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 26-ին` Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի օրհնությամբ: Դպրոցում այսօր սովորում է 230 աշակերտ: Արցախյան պատերազմի տարիներին աշակերտների թիվը կտրուկ նվազել էր, հազիվ 200-ի էր հասնում: Դպրոցի տնօրեն Ֆլորա Բաղրամյանը նշում է, որ պատերազմի ընթացքում պայմանները շատ էին ծանրացել, երիտասարդները չէին ուզում երեխա ունենալ, գնում էին ուրիշ երկրներ. «Այս տարի մեկ առաջին դասարան ունեինք` 19 երեխա, բայց մյուս ուսումնական տարում հաստատ երկուսը կունենանք: Գլխավորն այն է, որ գյուղի բնակիչներն այլեւս Ռուսաստան չեն գնում, այստեղ են աշխատում եւ ապրում»:

Տիկին Բաղրամյանը Վանքի դպրոցում աշխատում է 38 տարի, որոնցից 22-ը` իբրեւ տնօրեն: Նա պատմում է, որ դպրոցի նախկին շենքը պատերազմից հետո ավերվել է, 15 տարի չի վերանորոգվել. «Նախորդ շենքը պատերազմի արհավիրքների տակ էր, ռմբակոծված, հատակը լրիվ քարուքանդ եղած, առաստաղից կաթում էր: 250 աշակերտ ունեինք, 34 ուսուցիչ, աշխատում էինք, մեր պարտականությունները կատարում էինք, բայց շատ ծանր պայմաններում»:

Երբ նոր դպրոցը կառուցվել է, ըստ Ֆ. Բաղրամյանի, իրենք, իբրեւ շնորհակալություն, որոշել են այն կոչել Լ. Հայրապետյանի հոր` Գուրգեն Հայրապետյանի անունով, ում կիսանդրին դրված է դպրոցի բակում: Նա երկար տարիներ եղել է այդ դպրոցի քիմիայի ուսուցիչը, փոխտնօրենը, ապա` տնօրենը: Վերջինը եղել է գունավոր մետալուրգիայի գիտությունների թեկնածու: Դրանից առաջ դպրոցը կրել է ազատամարտիկ Սուրեն Աբրահամյանի անունը. «Նրա հոր հետ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ մանկապարտեզը կկոչվի իր որդու անունով: Ազատամարտիկը մեր առաջին զոհն է եղել, եւ նրանից հետո էլ շատ-շատ արժանիներ են զոհվել, գյուղը 36 զոհ է տվել պատերազմին: Համայնքի ղեկավարն ասաց, որ մի հուշաղբյուր կկառուցեն այդ տղայի անունով: Հիմա մանկապարտեզը գտնվում է մեր հին դպրոցի շենքում, բայց շուտով այն վերանորոգվելու է»:

Այսօր դպրոցում սովորում են նաեւ մի քանի աշակերտներ հարեւան գյուղերից: Դրանք այն գյուղերն են, որտեղ կամ դպրոցն է 8-ամյա, կամ էլ գրեթե բնակչություն չկա: Գյուղ կա, որտեղ միայն Հայաստանից եկած ընտանիքներ են բնակվում, տեղացիներից շատերը Ստեփանակերտ են տեղափոխվել: Վանքում Հայաստանից եկած երկու ընտանիք կա: Մեկը դպրոցի գերմաներենի ուսուցչուհու ընտանիքն է: Տնօրենը նշում է, որ դպրոցի դիմաց շուտով կառուցվելու է ռազմագիտության ու աշխատանքի ուսուցման համար նախատեսված առանձին տարածք, ինչպես նաեւ` գիշերօթիկի հանրակացարան, որպեսզի հարեւան գյուղերից երեխաներ գան եւ մնալու տեղ ունենան: Դպրոցի միակ խնդիրն այսօր անգլերենի մասնագետի բացակայությունն է: Որոշ ժամանակ առաջ գյուղ է եկել արմատներով վանքեցի, Նյու Յորքում բնակվող մի երիտասարդ` Արմենը Դանիելյանը: Վերջինը հիանալի տիրապետում է անգլերենին, սակայն հայերեն չգիտի, ռուսախոս է: Նա ասում է, որ դժվարանում է դասը ռուսերենով անցկացնել, քանի որ երեխաներից ոչ բոլորն են իրեն լավ հասկանում: Դրա փոխարեն՝ Արմենը, ով նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, լուսանկարչության խմբակ է բացել դպրոցում: Մտադիր է որոշ ժամանակ անց երեխաների նկարներով մեծ ցուցահանդես բացել: Իսկ իբրեւ անգլերենի մասնագետ, ըստ տնօրենի, սպասում են դպրոցի աշակերտուհիներից մեկին, ով այժմ սովորում է Արցախի պետական համալսարանի հինգերորդ կուրսում: Ավարտելուց հետո վերջինը դպրոցում անգլերեն կդասավանդի: Ընդհանրապես, գյուղի դպրոցից բուհ ընդունվողներ շատ կան: Այս տարվա 26 շրջանավարտներից 15-ն այժմ բուհի ուսանող է: Դպրոցի աշակերտներից շատերը երկար ժամանակ «աշխարհագրություն» առարկայից մասնակցել ու հաղթել են թե՛ շրջանային, թե՛ հանրապետական, թե՛ հայաստանյան օլիմպիադաներին. «Այն տղան, ով մեր դպրոցում դասավանդում էր աշխարհագրություն, Ֆիզիկա-մաթեմատիկան էր ավարտել Երեւանի պետական համալսարանում: Մեր գյուղացի էր, բայց այնքան լավ գիտեր աշխարհագրություն, որ ինչ օլիմպիադաների ասես՝ աշակերտները մասնակցում էին: Հետո ուրիշ գյուղ տեղափոխվեց` հոր մոտ: Ստիպված ուրիշ մասնագետ վերցրինք, բայց նրա նմանը չկա»,- ասում է Ֆլորա Բաղրամյանը:
Դպրոցում շատ է կարեւորվում նաեւ ռազմագիտությունը: Երիտասարդ ռազմղեկը արցախյան շարժման երկրորդ կարգի հաշմանդամ է: Տնօրենը պատմում է, որ դպրոցի բացման օրն աշակերտուհիներից մեկը 23 վայրկյանի ընթացքում քանդել ու հավաքել է հրացանը, ինչի համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նրան երաժշտական կենտրոն է նվիրել: Դասերից հետո երեխաների համար մի շարք խմբակներ են նախատեսված` ուշուի, շախմատի, երգի, պարի, ամռանը` նաեւ լողի, թենիսի եւ այլն: Տնօրենի խոսքերով` խեղճ երեխաներին նույնիսկ ժամանակ չի մնում` այլ հետաքրքրությունների համար: Այժմ աշակերտները միջոցառման են պատրաստվում:

Դպրոցում գիշերային պահակ կա: Ընդհանրապես, այն ամբողջ ընթացքում հսկվում է` գույքը թանկարժեք է, երեխաներն էլ կարող են փչացնել կամ կեղտոտել այն: Տիկին Բաղրամյանն ասում է, որ նախքան նոր շենք տեղափոխվելն ինքն էլ շատ է մտահոգվել դրա համար. «Կոպիտ ասած, նույնն էր, ինչ Գիքորին տանես Փարիզ: Այնտեղի պայմանները շատ վատ էին, իսկ այստեղ… Նախնական աշխատանքներ շատ եմ տարել թե՛ դասղեկների, թե՛ աշակերտների հետ: Երեխաներին ասել եմ, որ այստեղ պետք է ուրիշ ձեւով լինի ամեն ինչ: Բայց հիմա շատ գոհ եմ մեր երեխաներից, ճիշտ է` հսկողությունն էլ խիստ է, ես էլ ամեն դասամիջոցի շրջում եմ, բայց նույնիսկ թուղթ չկա ընկած: Երեխաներն էլ, տեսնելով այս պայմանները, զգում են, որ պետք է խելոք լինեն, չեն վազում, գոռգոռում, բայց ես էլ շատ եմ չարչարվել դրա համար»: