Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին ու հեռանկարներին առնչվող հարցեր»: Սահակյանը Ֆրանսիայում է գտնվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախօրեին նա հանդիպել է Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Արցախի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Արցախ-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, Բակո Սահակյանն ընդգծել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչպես նաեւ՝ Արցախի մշակութային կյանքում: