Թյուրըմբռնո՞ւմ

09/11/2007

Երեկ ՀՀ Արդարադատության նախարարությունում հասարակական քննարկման ներկայացվեց «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագիծը, որն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ստեղծել անկախ մարմին` Հատուկ քննչական ծառայություն, որն իրականացնելու է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ՝ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով օրինագիծը` նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ այն հենց այս փուլում հասարակական լսումների ներկայացնելն իր տրամաբանությունն ունի, քանզի օրինագծի հետ կապված հարցադրումներն առանձնակի սրությամբ դրվել են հենց այս փուլում: Նրա խոսքով` չնայած օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ, եղել են հարցադրումներ, որոնց առնչությամբ տարաձայնություններն առ այսօր շարունակվում են: Սակայն միասնական մոտեցումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ են նաեւ հասարակական լսումներ, որտեղ կհնչեն նաեւ ոչ մասնագետների դիրքորոշումները: «Մի շարք պատգամավորների կողմից օրինագծի թյուրըմբռնման կամ ոչ բավարար աստիճանի իրազեկ լինելու հետեւանքով մամուլում օրինագիծը բավարար չափով չի լուսաբանվել, հաճախ խոսվում է այնպիսի դրույթների մասին, որոնք օրինագծի հետ ոչ մի ընդհանուր եզրեր չունեն»,- ասաց Գ. Դանիելյանը` հավելելով, թե պետական պաշտոնյաների հանցավորության հետ կապված քննության հնարավորինս ավելի արդյունավետ, ավելի անկախ մարմինների միջոցով իրականացումը պետք է լինի ոչ թե ընդհանրապես նոր բնույթի մարմին ստեղծելու, այլ արդեն իսկ ստեղծված մարմիններին համապատասխան կարգավիճակ վերապահելու միջոցով:

Իսկ ինչ վերաբերում է հատուկ Քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը ՀՀ գլխավոր դատախազին եւ նրա լիազորած դատախազներին վերապահելուն, ապա Գ. Դանիելյանն ասաց. «Սա նորույթ չէ մի շարք երկրների դատական համակարգերի համար, մասնավորապես` Եվրամիությանն անդամակցող Մերձբալթյան երկրների, որոնց օրենսդրական ակտերն արդեն իսկ ներկայացվել են լուրջ փորձաքննությունների, եւ որոնք միաժամանակ գրեթե գտնվում են նույն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակում, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը` որոշակի տարբերություններով: Եվ այս երկրների իրավական համակարգն ավելի կիրառելի է մեզ համար, քան այլ ցանկացած երկրինը»:

Ըստ նրա, ստեղծվելիք քննչական մարմինը պետք է հնարավորինս անկախ լինի եւ այս մարմնի ծառայողի ընդունման մրցութային եւ ատեստացիոն հանձնաժողովի կազմի հաստատման հետ ծառայության ղեկավարը որեւէ առնչություն չի ունենա: Գ. Դանիելյանի ասելով` եղել են առաջարկություններ, ըստ որոնց` պետք է բարձր լինի ծառայության աշխատակիցների աշխատավարձը, կարգավիճակը, կենսաթոշակային ապահովվածությունը:

«Այս ամենով մենք չենք լուծում բոլոր խնդիրները, փակում խոցելի տեղերը, սակայն մենք գնում ենք դրան: Չկա ինստիտուտ, որը լինի ամբողջովին անխոցելի, սակայն մենք պետք է ձգտենք դեպի առավել օպտիմալ լուծումների: Եթե հանցագործությունը կատարել է պաշտոնատար անձը, նախկին քննչական մարմինների կողմից քննություն վարելու դեպքում նա հնարավորություն կարող էր ունենալ ազդելու քննության ընթացքի վրա: Այդ դեպքում տուժողի իրավունքները չէին պաշտպանվի այն չափով, որքան որ կարող են պաշտպանվել, երբ քննություն իրականացվի մի մարմնի կողմից, որի գործունեությունն ավելի թափանցիկ է եւ պրոֆեսիոնալ: Օրինագծով նախատեսված են դրույթներ, ըստ որոնց` այդ քննչական խումբը պետք է տարեկան հաղորդումներ ներկայացնի ԱԺ-ում եւ ՀՀ նախագահին»,- ասաց Գ. Դանիելյանը: