ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկը նախկինում ձիանոց է եղել: Ցարական Ռուսաստանը 1812 թ. շինությունը կառուցել է իբրեւ ախոռ, այնուհետեւ՝ սկսած 1870-ից, այն գործել է որպես կալանավայր: Նախկինում «Գորիս» ք.հ.-ում պահվում էին բանտային ռեժիմի դատապարտված դատապարտյալները։ Ի դեպ, նախկին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով եղել է գնդակահարության հոդված, սակայն Հայաստանում երբեք մահապատիժ չի իրականացվել: Որպես կանոն՝ մահապարտներն ուղարկվել են Ռուսաստան, որտեղ էլ նրանց ենթարկել են մահապատժի: Ներկայումս ՀՀ Քրեական օրենսգրքում մահապատժին փոխարինում է ցմահ բանտարկությունը:
«Գորիս» ք.հ.-ից ցմահ բանտարկյալներին տեղափոխել են «Նուբարաշեն» ք.հ.: Ասում են՝ դատապարտյալների համար «Գորիսում» «նստելը» մահ է: Ի տարբերություն մյուս կալանավայրերի՝ այս հիմնարկը հիմնականում փակ ռեժիմային գոտի է: Դատապարտյալներն ու կալանավորները պատիժը կրում են բետոնե խցերում, որոնք փակված են սեւ գույնի, համարակալված երկաթե դռներով: Սեւ, ծանր դռները բացվում են օրվա մեջ երկու անգամ՝ կալանավորին զբոսանքի տանելիս եւ մեկ ժամ անց՝ զբոսանքից խուց վերադառնալիս: Խելագարվելու բան է՝ մարդն արեւի լույս է տեսնում օրվա մեջ 1 ժամ, այն էլ՝ երկաթե մետաղալարերով ցանցապատված «առաստաղի» միջով:
Հսկիչը սեւ դռան ետեւի դիտանցքից հրահանգում է՝ «շարվել»: Համարակալված երկաթե սեւ դուռը բացվում է. հիվանդանոցի նման մահճակալներ են շարված, իսկ մահճակալների վրա հոգնած ընկած են սեւ շորերով տղաներ: Հոտառությանդ դիպչում է սիգարետի ծխի մշուշը: Խցում գտնվող կալանավորները շատ են ծխել, ու խցի մի քանի սանտիմետրանոց ճաղապատ պատուհանն ի զորու չէ խեղդող ծուխն արտամղել: Բոլորն իրար նման են՝ գունատ, հյուծված, դռան արանքից ներս թափանցած լույսից ջղաձգված: Տղաները դանդաղկոտ շարվում են, որովհետեւ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հիմնարկի պետ Աշոտ Մարտիրոսյանի հետ մտնում ենք խուց: Ամեն ինչ անտանելի մոխրագույն է, իսկ ճաղավանդակը հուշում է այստեղի բնակիչների վաղվա օրվա անորոշության մասին: Խցի սառնությունը դաջվել է կալանավորների դեմքի արտահայտությանն, ու բոլորի աչքերում ժամանակը մահացել է: Կալանավայրերի վարչության պետի հետ այցելում ենք մի քանի խցեր, որտեղ փակված կալանավորները դժվարությամբ են մահճակալներից վեր կենում: Ակնհայտ է, որ մի գիշերն այստեղ անցնում է մեկ տարվա նման, դրա համար էլ մարդիկ լուսաբացը դիմավորում են տառապած հայացքներով: Երեւի չեն կարողանում իրենց պարտադրված ժամանակը հաղթահարել: Գիշերը չեն քնել… Թվում էր՝ խցում ապրողների հայացքներում պիտի լիքը սպասում լիներ, բայց դա էլ չկա: Միայն սառնություն, անորոշություն ու «ներվ» կա: Բոլորի մեջ զսպված լարվածություն կա ու էդ «ներվն» այնքան տկար, սպառված է, որ թվում է՝ առիթ է պետք, որ պայթի: Մարդիկ վճարում են կատարած սխալների համար, բայց շատ թանկ:
Ոմանք խելագարվում են, ոմանք՝ ամուսնանում
«Գորիս» ք.հ.-ի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ փակ ռեժիմային գոտում ներկայումս պահվում են 170 դատապարտյալ, կալանավորներ, հիմնականում՝ ծանր հանցագործություն կատարած մարդիկ, բազմակի անգամ դատապարտվածներ, ռեցիդիվիստներ: Կալանավորներն ու դատապարտյալները պահվում են խցերում եւ օրվա մեջ 1-ժամյա զբոսանքի իրավունք ունեն: Այս հաստատությունը համարվում է փակ տիպի, խցային ռեժիմի կալանավայր: Գոյություն ունեն 4 տիպի՝ բաց, կիսաբաց, փակ եւ կիսափակ ռեժիմներ, որոնցից ամենածանրը փակ ռեժիմն է: Այստեղ պահվող կալանավորներն ու դատապարտյալները հիմնականում սպանություն, ավազակային հարձակում, բռնաբարություն կատարած եւ նախկինում մի քանի անգամ դատապարտված հանցագործներ են: Արմեն Պետրոսյանը մեկ տարի է, ինչ ղեկավարում է այս հիմնարկը: Նրա հավաստմամբ՝ մեկ տարվա ընթացքում փախուստի դեպք չի գրանցվել, սակայն եղել է փախուստի փորձ, որը կանխվել է: «Մի քանի մետր խորությամբ հողը փորել են, որպեսզի գետնի տակով դուրս գան, փախչեն, բայց կանխվել է: Այդ տեղն արդեն վերանորոգվել է, որպեսզի այլեւս հնարավոր չլինի փորել: Երկուսն էլ կրկին դատապարտվեցին, մեկը՝ 5, մյուսը՝ 2 տարվա ազատազրկման»,- պատմում է Ա. Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ խցերում դիտանցքեր կան, որոնց միջոցով տեսուչները յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ պարտավոր են ստուգել իրավիճակը: Այդպիսով կանխվում են նաեւ «ղումարի» (մոլախաղ), ալկոհոլի, թմրանյութերի, ֆիզիկական ուժի օգտագործման երեւույթները: Դիտանցքերի միջոցով հսկողությունը նպատակ ունի անընդհատ ինֆորմացիա ստանալ դատապարտյալներից, հակառակ դեպքում խցերում կարող է կատարվել անսպասելին: 2004 թ. «Գորիս» ք.հ.-ից երկու դատապարտյալներ փախուստի էին դիմել: Վերջիններս կարողացել էին ճաղավանդակը հանել, բարձրանալ տանիք եւ փախչել: Փախուստի դիմածները եղել են ցմահ դատապարտյալներ: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանն ասում է, որ այդ դեպքը ք.հ.-ի աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի արդյունքն է եղել, ովքեր, ի դեպ, պատժվել են: Ինքնասպանության փորձերի դեպքերն այստեղ անխուսափելի են: Հիմնարկի պետը պատմում է, որ ապրիլ ամսին մի դատապարտյալ ինքնասպանություն է գործել: «5 րոպեի ընթացքում կազմակերպել է ինքնասպանությունը: Միեւնույն խցում պահվող մի դատապարտյալի տարել են տեսակցությունների սենյակ, իսկ նա կարողացել է այդ ընթացքում սպիտակեղենը կապկպել ու կախվել»,- պատմում է Ա. Պետրոսյանն՝ ասելով, որ կախվող դատապարտյալը տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ ժամանակ առ ժամանակ նոպաներ է ունեցել: Հիմնարկի պետը վստահեցնում է, որ նա Կենտրոնական հիվանդանոցում պարբերաբար բուժվել է եւ դեղահաբեր է օգտագործել, սակայն, այնուամենայնիվ, ունեցել է «անջատումներ»: «Գորիս» ք.հ.-ում աշխատում են սոցիալ-հոգեբաններ, ովքեր կալանավորների եւ դատապարտյալների հետ հոգեբանական ամենօրյա աշխատանք են կատարում: Կալանավայրում հայտնվելուն պես, մասնավորապես՝ առաջին անգամ կալանավայրում հայտնված դատապարտյալներն ու կալանավորները, սթրեսային վիճակում են լինում, սակայն նման վիճակի պատճառ կարող է լինել նաեւ հարազատների կողմից ուշ այցելությունը, անտարբերությունը, վատ լուր լսելը եւ այլն: Սոցիալ-հոգեբանը պարտավոր է դատապարտյալի հետ աշխատել նաեւ ազատազրկման ժամկետը լրանալուց առաջ, քանի որ ցանկացած դատապարտյալի համար ազատությունը եւ հասարակական վերաբերմունքի անորոշությունը շոկային հետեւանքներ կարող է ունենալ: Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում գոյություն չունի կալանավայրերին կից վերականգնողական կենտրոն, որտեղ նախկին դատապարտյալների հետ աշխատանքներ են տանում եւ աստիճանաբար ադապտացնում հասարակությանը: Համաձայն աշխարհում կիրառվող պրակտիկայի, վերականգնողական կենտրոնները նաեւ նպատակ ունեն պաշտպանել անօթեւան դատապարտյալներին՝ նրանց ապահովելով ժամանակավոր կացարաններով, ինչպես նաեւ՝ աշխատանքով: Իսկ ամենակարեւորը՝ նման կենտրոնները դատապարտյալին ինտեգրում են հասարակությանն ու դաստիարակում են՝ այլեւս հանցագործություն չկատարել:
Ի դեպ, որքան էլ զարմանալի է՝ դատապարտյալներից ոմանք կալանավայրում ամուսնանում են: Ա. Պետրոսյանն ասում է. «Նախկինից ծանոթներ, ընկերուհիներ գալիս են այցելության եւ որոշում են ամուսնանալ: Զագսի փաստաթղթերով, օրինական ձեւով, քավոր-քավորկնոջով, քահանայի օրհնությամբ պսակադրվում են: Կնքվում է ամուսնության ակտը, եւ նրանք դառնում են օրինական ամուսիններ: Երկարատեւ այցելությունների համար նախատեսված տեղ ունենք, որտեղ նորապսակները 3 օր մնալու իրավունք ունեն»: Նրա խոսքով, ներկայումս դատապարտյալներից դիմումներ կան, որով կալանավայրում ամուսնանալու թույլտվություն են խնդրել:
«Բրիտվա, մեխ եմ կուլ տվել, ինձ պաժառ եմ տվել, ոտս մեխել եմ»
Արտակը 18 տարեկանից ընկել է հանցագործ աշխարհ: Ներկայումս 30 տարեկան է, բայց հասցրել է լինել Հայաստանի գրեթե բոլոր կալանավայրերում: Ազատություն ստանալուն պես մշտապես հանցագործություն կատարելով՝ կրկին վերադարձել է կալանավայր: Ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը ծնվել է Արտակի կալանավորվելուց 4 ամիս անց: Ներկայումս կրում է 3-րդ դատվածությունը, իսկ մեկ տարվա ընթացքում կլրանա «կալենդար սռոկը»: Չնայած կրիմինալ աշխարհի նկատմամբ հակվածությանն, այնուամենայնիվ, Արտակը շատ հետաքրքիր, հումորով եւ խելացի մարդ է: Նրա հետ կարելի է շատ երկար զրուցել եւ չձանձրանալ: «Առաջին անգամ դատվել եմ աղջիկ փախցնելու համար, 18 տարեկան էի: 17 տարեկան մի ընկերուհի ունեի, որի ծնողները դեմ էին ինձ: Երկար տարիներ Ռոստովում եմ ապրել, եկա Հայաստան ու էդ աղջկա հետ ընկերություն էի անում: Ջահել, անկայուն բնավորություն… Պրինցիպի հարց էր ոնց որ: Տնեցիք ուզում էին վախացնեին, որ էդ աղջկանից հիասթափվեմ: Ես էլ պրինցիպի ընկա ու էդ աղջկան ասեցի՝ ես ձեր ավտոյով ձեր սաղ տնեցիքին իրար հետ փախցնելու եմ»,- պատմում է Արտակն՝ ասելով, որ աղջկա հոր սեփական ավտոմեքենայով աղջկան փախցրել է: Մարզահամերգային համալիրի մերձակայքում մեքենան խփել է, որին հաջորդել է ոստիկանների ժամանումն ու Արտակի ձերբակալումը: Ասում է, որ ընկերուհին համաձայն է եղել փախուստին եւ չի բողոքել Արտակի դեմ: «Ուզում էին մարդ առեւանգելու հոդված դնեին, բայց չկարեցան, «ավտոուգոն» են դրել, մեկ էլ՝ օրգանին դիմադրություն: Խոսքի, քաղմասի աշխատողներին, գայիշնիկներին խփել, բան եմ արել: Բերին, դատեցին՝ 3 տարի տվեցին: Վերաքննիչն էլ 1 տարի թողեց: Նստեցի»,- պատմում է Արտակն, ում փոխանցել են, որ իր դատապարտվելուց հետո այդ աղջիկը մեկնել է Շվեյցարիա: 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո Արտակը վերադարձել է տուն, սակայն ազատությունը շատ չի վայելել: Նորից սիրահարվել է մի աղջկա, ու նորից աղջկա ծնողները դեմ են եղել Արտակի հետ հարաբերություններին: Ասում է՝ «Դե, հայ աղջկերքի ծնողները մի քիչ կապիկություն, բան են անում: Ընկերություն էինք անում, մի քանի անգամ գնացինք ուզելու, տնեցիք՝ բա թե՝ փոքր ա, էս ա, էն ա: Ես էլ անկեղծ ասել էի, որ էսինչ բանի համար դատվել եմ, հո ամոթ չի՞, էսօրվա դրությամբ շատ մարդիկ են դատվում: Սրանց տարանք Սեւան հյուրասիրության, ու տենց հերն անհամություն արեց: Խմել էր, տղամարդկությունը բռնել էր, բա՝ իմ աղջիկը սենց, իմ աղջիկը նենց: Դանակով խփեցի, 2 տարվա պայմանականով դատեցին, չնստեցի: Խոսքի, սաղիս էլ պարզ ա, թե խի չնստա»: Հարցնում եմ՝ «Մահացա՞վ»: «Չէ՛, 32 անգամ խփել էի փորին, բայց չմեռավ»,- ասում է: «Փող շա՞տ էիք տվել, որ չնստեցիր»,- հարցնում եմ: «Փող չէինք տվե, բայց գեներալներ, բաներ էին զանգե: Մի քիչ էլ ֆինանսական հարցեր ենք լուծե»,- պատասխանում է Արտակն՝ ասելով, որ աղջկա հայրը հաշմանդամ չի դարձել, բայց ֆիզիկապես մի քիչ նեղվում է: Մի խոսքով, երկրորդ անգամ պայմանականով պատժվել է դիտավորյալ դանակահարություն, ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Որոշ ժամանակ անց ամուսնացել է, չնայած կնոջ ծնողները նույնպես նախորդների նման համաձայն չեն եղել այդ ամուսնությանը: Արտակը պատմում է՝ «16 տարեկան էր: Ծնողներով, հարեւաններով, բանով, ոչ մեկ էլի ինձ չէր ուզում, էն ժամանակ «Նիվա» ունեի, իրանք էլ «ԳՈՒՄ»-ի մոտ էին ապրում: Դաժե ավտոյով գնացել եմ իրանց հայաթ, տվե, սաղ ավտոները ջարդուխուրդ եմ արե: Բայց դե, դպրոցից փախցրել եմ, 9-րդ դասարանը մեր տնից ա գնացել: Հիմա էլ երկու տղա ունեմ, մի տղես 1-ին դասարան ա, փոքրն էլ 4 տարեկան է»: Արտակը մի անգամ էլ Ռուսաստանում է դատապարտվել եւ պատիժը կրել է Կրասնոդարի երկրամասի գաղութում: Պատճառը՝ ավազակային հարձակում, անօրինական զենք: «Հետո ազատվեցի, եկա Հայաստան ու… Կեսը շառ ա, կեսը՝ ճիշտ: Յանըմ զենք եմ պահել, ռազբոյ եմ արել։ Դրոյի թվի զենքեր հանին տնից: Մի հատ զենք են գտել իմ մոտ, դրին ավազակային հարձակում՝ 8-15 տարի: Տո տենց բան չէր եղե, փող էին տվե, իմ դեմ ցուցմունք տվին: Պռոստը իրանք շատ էին ուզում ինձ դատեին, բայց չէին կարում: Էսի զակազով պետք էր անել, ու տենց էլ արին»: Արտակն ասում է, որ իր մոտ եղած զենքը նվեր է եղել, սակայն զենք կրելու թույլտվություն նա չի ունեցել, որովհետեւ այդ օրենքներին չի սիրում ենթարկվել: Զենք սիրում է ու զարմանալով ասում է, որ հիմա նույնիսկ աղջիկներն են զենք կրում: Ինչեւէ, «Ավազակային հարձակում» հոդվածով նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման, սակայն դատապաշտպանի շնորհիվ՝ «Նենց արեց՝ Վերաքննիչը սռոկս թափեց ու 5 տարի սարքեց: Էդ ա, հիմա էլ նստել եմ, չեն ուզում ազատեն: Հես ա կալենդարս լրանում ա»: Վաղաժամկետ ազատման հարցը քննող անկախ հանձնաժողովը նպատակահարմար չի գտել Արտակին ազատել: «Ինչքան էլ փող տվինք՝ ասին՝ չէ՛, չենք ազատում»: Արտակն ասում է, որ Հայաստանի բոլոր կալանավայրերում ինքը «նստել» է, որովհետեւ իրեն համարում են անուղղելի դատապարտյալ, չեն կարողանում պահել: «Քարտիս վրա 100 ձեւի բաներ են գրել՝ հարձակման, ինքնավնասման, պաժառ տալու հակում ունի: Դե՛, խոսքի օրինակ՝ ես էլ իրանց ասում եմ՝ եթե ես մի բանի հակում ունեմ՝ դուք եք դրդում, որ ես անում եմ: Եթե, խոսքի օրինակ, դուք չեք դրդում, ու ես անում եմ, ուրեմն՝ ես գիժ եմ: Եթե գիժ եմ, ուրեմն՝ համապատասխան փաստաթղթերը տարեք հոգեբուժարան, ներկայացրեք, թող ինձ թուղթ տան, ազատեն»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ այս ամսվա վերջին լրանում է պատիժը կրելու ժամկետը: Հարցնում եմ՝ «Բայց, եթե էդքան անհանգիստ դատապարտյալ ես՝ կթողնե՞ն, որ…»: Պատասխանում է՝ «Հա՛, ո՞նց կարան չթողեն, ինձ չեն կարա չթողեն, ուղղակի ուզում եմ 1-2 օր շուտ դատարանով ազատվեմ, որովհետեւ հիմա կալենդարով եթե ազատվում ես՝ ուրիշ ձեւի են նայում, ավելի գողականով, մի տարի վարչական տույժ են դնում վրեդ, քաղաքային վարչության հսկողության տակ ես մտնում, ու, խոսքի, ոնց որ մանկապարտեզի երեխա լինես, ժամը 8-ից հետո կարող ա գան-նայեն տունը, չըլնես՝ կարող ա տանեն 15 սուտկա տան, 3 անգամից հետո կարող ա 6 ամսով ուղարկեն բերդ»: Հարցնում եմ՝ «Փո՞ղ ես տալու, որ 1-2 օր շուտ ազատվես ու վարչական տույժի չենթարկվես»: Պատասխանում է՝ «Դե՛, չէ, իրանք տենում են, որ էսքան նստել եմ, տանջված կալանավոր եմ, չարժե ինձ էդքան պահել»: Արտակը պատիժը կրելու ընթացքում իրեն շատ է վնասել, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նյարդերը չեն դիմանում: «Շատ եմ վնասել, խոսքի՝ դանակով էլ եմ ինձի վնասել, խփել: Քույրիկ ջան, դե՛, խոսքի, բաներ կա, որ չես դիմանում: Ես կալանքի մեջ, ախպորս բանակ տեղ խփել են, հոգեկան ահավոր ապրումներ են: Երեխես ծնվավ՝ ես նստած: Մի բան էլ ըլնում ա՝ շուտ ես բռնկվում»: Ասում է, որ քրեակատարողական ո՛ր հիմնարկ տարել են՝ երկու ամսից ավելի չեն կարողացել պահել. «Մենք գործ չունենք,- ասում են,- մեր գլխին փորձանք կբերես»: Ազատություն ստանալուց հետո Արտակը երբեք չի աշխատել: «Սաղ Հայաստանի կալանավայրերն ինձ էտապ են արել ու ամեն առավոտ ժամը 7-ին տեղափոխելուց մտել են, 8 հոգով կանդալել ու, ոնց որ ցմահ են բռնե, տենց քցել են ավտոն ու տեղափոխել են»: Արտակն ընդունում է, որ անհանգիստ բնավորություն ունի, շուտ բռնկվող է, բայց նաեւ գտնում է, որ կալանավայրի աշխատակիցներին «ձեռք չի տալիս», որ կալանավորը շատ է հասկանում: «Մեր երկրի ղեկավարներին էլ ձեռք չի տալիս, որ կալանավորը շատ ա հասկանում: Եթե հիմնարկում կա մեկը, ով ինձնից շատ ա հասկանում ու կասի, որ օրենքներն ինձնից լավ գիտի՝ ես կասեմ՝ հալալ ա: Կարամ 1961 թվից բռնած սաղ օրենքները հատ-հատ ասեմ՝ փոփոխություններով ու բարելավումներով: Լյուբոյ քաղաքացի պարտավոր ա իրա երկրի օրենքները լավ իմանա: Իրանք զգում են, որ ես լավ եմ հասկանում, 40-ից ավելի նիստ ա եղել, սաղ օրենսգրքով, իրա հոդվածներով ասել եմ, որ սենց պետք ա լինի: Դաժե դատավորն ասեց, որ՝ ես չեմ ուզում քեզ դատեմ, բայց չեմ կարա չդատեմ, այսինքն՝ զակազ ա: Պիտի դատեն, ո՞ւմ ա ձեռ տալիս, որ դու շատ ես հասկանում: Էն «Բանդիտսկի Պետերբուրգ» կինոյի նման, որ ասում ա՝ խոսքի հեծանիվ գողանաս՝ կտանեն 20 տարի կդատեն, բայց, որ պոեզով, վագոններով մեծ քանակությամբ գողանաս՝ կվախենան քեզ մոտիկ գան: Հիմա նույնը Հայաստանում ա»: Ազատություն ստանալուց հետո Արտակը Հայաստանում չի մնա: Քույրն ապրում է արտասահմանում, հավանաբար կգնա նրա մոտ: Ասում եմ՝ «Էստեղ շատ ճնշող է, ո՞նց եք դիմանում»: Պատասխանում է՝ «Դե՛, աշխատողները նորմալ են, տելեվիզոր, հեռախոս կա, DVD, դիսկեր ունենք, տեսակցություն ենք շուտ-շուտ վերցնում, դիմանում ենք, էլի: Խոսքի, որ հիմնարկ մտել եմ, ազնվությամբ, պետը եկել, ասել ա՝ սաղ իմ աշխատողներն են, քո հետ գործ չունեն, դու էլ իրանց հետ գործ չունես, ոչ կռիվ կանես, ոչ էլ բան: Չի եղել մի բան, որ ես ասեմ՝ էս մեկը սենց պըտի լինի, ասեն՝ չէ, տենց չպիտի լինի: Մենակ ստե չէ, ցանկացած հիմնարկ՝ Սեւան, Սովետաշեն, Արթիկ, Լենինական, Կիրովական, Կենտրոնական հիվանդանոց…»: Նրա՝ գաղութները թվարկելուց հետո զարմացած հարցնում եմ՝ «Փաստորեն, Հայաստանում 12 կալանավայր կա, բոլոր տեղերում նստե՞լ ես»: Պատասխանում է՝ «Դե՛, հա, բայց հո կանանց գաղութում չե՞մ նստել»: «Կենտրոնական հիվանդանոցում ինչի՞ ես հայտնվել, հիվա՞նդ էիր»,- հարցնում եմ: Պատասխանում է՝ «Տո, եսիմ է, բրիտվա, բան, մեխ էի կուլ տվել: Եսիմ, է, ներվերս չէր հերիքում։ Չորս անգամ ներկայացրին ազատման, ասում էին՝ նպատակահարմար չենք գտնում, ռիսկայնությունդ՝ յանըմ դուխս էլի, բարձր ա, բա որ հելնես էլի հանցագործություն անես…»: Արտակը կալանքի ընթացքում մշտապես հացադուլներ է հայտարարել, սակայն վերջին 1 տարվա ընթացքում նման բաներ չի արել, որպեսզի ազատման վրա չանդրադառնան իր քայլերը: Ասում է՝ «Տենամ հիմա ի՞նչ մահանա են բռնելու, որ ինձ պահեն: Ռիսկայնությանս աստիճանը իջացրել եմ (ծիծաղում է.- Լ.Ս.): Շատ եմ տանջվել, եթե հատուկ մասից գործերս վերցնես-նայես՝ շատ կզարմանաս: Ինձ մի անգամ մեխել եմ: 2003 թվականին էր՝ ոտս մեծ մեխով մխել եմ աթոռին, մինչեւ անգամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ա եկել Սովետաշեն: Տո, քուրիկ ջան, ի՞նչ չենք արել՝ ինձ պաժառ էլ եմ տվել, բրիտվա եմ կուլ տվել, մեխ եմ կուլ տվել: Ադյալը կապել եմ վրես, վառել եմ ինձ: Մի անգամ էլ կարցերը (պատժախուց) եմ պաժառ տվել: Կալանքիս կեսը կարցերներում եմ եղել: Անցյալ տարի՝ 18 անգամ, էս տարի՝13 անգամ, խոսքի՝ 10,13, 5 օրով կարցեր են քցե: Վախտ ա եղել, որ 10 օրով կանդալած են կարցեր քցե, իրանց վախից, որ հանկարծ պաժառ-մաժառ, վնաս չտամ: Եսիմ, է, տենց բան չկա, որ չենք արե: Դաժե կարող ա մարդիկ դուսը լսել են, սարսափել են, բայց դե՛, ոչինչ»: Արտակն ասում է, որ մինչ կալանավայրում հայտնվելը ցանկացել է համալսարանում սովորել, բայց գաղութների կյանքը… Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ է երիտասարդներին ձգում հանցագործ աշխարհը, «նստած-հելած» լինելն արդեն հեղինակությո՞ւն է»: Ասում է՝ «Դե՛ չէ, հարգին՝ հարգի ա, բայց, խոսքի, մարդ կա՝ գալիս, պախկված ա ապրում: Մարդ կա, որ չենք ուզում իմանանք՝ ինքը խցում կա՞, թե՞ չէ: Բայց եթե մենք ուզենանք իմանանք, օրինակ՝ Մոսկվայում ո՞վ ա ապրում, կարանք իմանանք: Հետո՝ աշխատողն իրա տեղում պետք ա լինի, գողականն՝ իրա»: Հարցնում եմ՝ «Հիմա որ դուրս գաս՝ համարվելու ես գողակա՞ն»: Պատասխանում է՝ «Դե՛, ասում են, էլի, եսի՞մ: Հըլը մանկահաս են, էլի, ջահելները։ Որ գան, մի քանի տարի տանջվեն, ստեղի դառնությունը զգան… Մի լրագրող կար, թերթի մեջ հոդված էր տվել, որ բազմիցս եղել ա կալանավայրերում, շփվել ա գողականների հետ, ու ասում ա, որ մինչեւ իրա այցելելը լրիվ ուրիշ կարծիք ուներ հանցագործ աշխարհի մասին, բայց որ գնաց՝ կարծիքը փոխվեց: Հոդվածի մեջ պատմում ա, որ իրա ծնողները պատմել են, թե գողականը չպիտի ծառայի, սենց-նենց, զգույշ պետք ա լինել, իրանց հետ պետք չի ամուսնանալ։ Բայց որ շփվեց՝ հասկացավ, որ շատ լավ մարդիկ կան, ու ասում ա՝ հասկացա, որ բոլորս ենք հանցագործ, որ դատապարտյալներին տարանջատում ենք հասարակությունից»:
Ի դեպ, գողական աշխարհում ընդունված է հարգել ավազակային հարձակում հոդվածով դատապարտվածներին, իսկ անհարգին բռնաբարության հոդվածով դատապարտվածներն են: Վերջիններս առանձին խցում են ապրում, գողական աշխարհը նրանց խուցն անվանում է երամի խուց. «Իրանք ուզում են իրանց նմանի հետ ապրել, որովհետեւ իրանք գողական օրենքներով պատժվում են: Գողականների համար իրանք կոչվում են՝ արվամոլներ, արդեն պարզ ա, չէ՞: Ամենավերջին ստադիան ա, էլի՝ շոր լվալ ա, զուգարան մաքրել ա… Բացի հոդվածով պատժվելուց՝ գողականների կողմից էլ են պատժվում»,- ասում է Արտակը:
Հ.Գ. «Գորիս» ք.հ.-ի բազմակի անգամ դատված դատապարտյալների հետ մեր հարցազրույցը կներկայացնենք հաջորդ համարում: