Ղարաբաղի հարցը հասցրեցին «գեյ պարադի» մակարդակի

07/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մոտ 10 տարի առաջ, շահարկելով Ղարաբաղի հարցը, Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք խոստանում էին 8000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Ղարաբաղ: Իրականում տեղի ունեցող իրադարձություններն ամենեւին նման հեռանկար չեն խոստանում:

Ցավոք, արդեն շատերի մոտ այլեւս առանձնապես զարմանք կամ զայրույթ չի առաջացնում այն, որ նախորդ 10 տարիներին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, ԼՂ հիմնախնդիրը վերածվեց պարզ տարածքային վեճի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով եւ այլն: Աստիճանաբար միջազգային տարբեր փաստաթղթերում ու զեկույցներում սկսեց նշվել, թե հայկական կողմն «էթնիկ զտումներ է իրականացրել Ադրբեջանի տարածքներում», «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները՝ ԼՂ-ն ու հարակից յոթ շրջանները» եւ այլն: Սակայն պարզվում է, որ ՀՀ-ի կողմից վերջին 10 տարիներին վարվող արտաքին քաղաքականության ձախողումներն այս ամենով կամ նույնիսկ Հայաստանի՝ տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից մեկուսանալով, Ռուսաստանի ֆորպոստ դառնալով ու նմանօրինակ այլ «նվաճումներով» չի սահմանափակվում: Ավելի վատ «արդյունքներ» էլ կան: Օրինակ՝ 10 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկի մտքով կանցնի ԼՂ հիմնախնդիրն ու… արվամոլների շքերթը դիտարկել միեւնույն հարթության մեջ: Սակայն այսօր դա իրողություն է, ու նման դիտարկում անողն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն է, ով մի քանի տարի առաջ այդ կազմակերպությունում ԼՂ հարցով զեկուցողն էր: Իսկ ԼՂ հիմնախնդիրն ու արվամոլների շքերթը մի հարթության մեջ դնող հայտարարությունը Թ. Դեւիսն արել է հենց Հայաստանի մայրաքաղաքում՝ մեր երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ երեկ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ: Նկատի ունենալով, որ ԵԽ-ն միշտ դատապարտել է ԼՂ-ում կայացած ցանկացած մակարդակի ընտրություն, լրագրողները ԵԽ գլխավոր քարտուղարից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ նա այս անգամ չի դատապարտել մի քանի շաբաթ առաջ Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը: Եվ ահա թե ինչ է պատասխանել Թերի Դեւիսը. «Եթե ես արձագանքեի աշխարհում տեղի ունեցող համանման բաներին, ապա դրա համար գուցե ժամանակը չբավականացնի: Օրինակ, եթե որեւէ տեղ արվամոլների շքերթի արգելման հետ կապված հանրահավաք է, այդ դեպքերում պարտադիր չէ, որ ես ամեն անգամ հանդես գամ այդ արգելքը դատապարտող հայտարարությամբ: Լռությունը երբեմն անհամաձայնության լավագույն ձեւն է»: Ահա այսպես: Իսկ այդ պահին Թերի Դեւիսի կողքին կանգնած ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն իրեն պահել է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ վերջինիս հետ համատեղ ասուլիսում Ռուսաստանի Դումայի խոսնակ Բորիս Գրիզլովը նշեց, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, այսինքն՝ ինչպես եւ Ա. Բաղդասարյանը, Վ. Օսկանյանը եւս որեւէ ռեակցիա չի տվել, որեւէ կերպ չի փորձել հարթել կամ գոնե մեղմել հնչած անհեթեթությունը՝ ասես արտառոց ոչինչ չի էլ եղել: Սակայն է՛լ ավելի տխուր է տեղի ունեցածին հայրենի քաղաքական վերնախավի, քաղաքական ուժերի ու, մասնավորապես, իրենց խիստ ազգային համարող կուսակցությունների շատ կանխատեսելի ռեակցիան: Լավագույն դեպքում կհնչեցնեն պարոն Դեւիսի «պորտը տեղը դնող» մի քանի սաստիկ հայրենասիրական նախադասություններ, ու ամեն բան կհամարեն կարգավորված: Բարոյական հաղթանակն էլ՝ կա ու կա: Արդյունքում՝ ստացվում է այնպես, որ կարծեք՝ չնկատեցինք, թե անցած 10 տարիներին վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանն ինչպես աստիճանաբար Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջից վերածվեց Ռուսաստանի ֆորպոստի, իսկ Արցախի հարցը՝ ազգերի ինքնորոշման խնդրից…՝ «գեյ պարադի» նման մի բանի: Եվ այսքանից հետո ամենեւին էլ զարմանալի չէ, որ ԼՂ-ի մասին խոսելիս նույն Դեւիսը երեկ օգտագործել է «անջատողական ռեժիմ» արտահայտությունն ու այդ հակամարտությունը դասել Աբխազիայի կամ Մերձդնեստրի նման հակամարտությունների շարքին (դարձյալ պարոն Օսկանյանի ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ): Այսպես, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ինքը ԼՂ-ի մասին խոսելիս օգտագործում «ռեժիմ» բառը, իսկ Կոսովոյի դեպքում՝ ոչ, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է. «Կոսովոյի ու ԼՂ-ի միջեւ կա մեծ տարբերություն: Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ, այնտեղ կառավարում է ՄԱԿ-ը: Ես հասկանում եմ, որ Կոսովոյում ոմանք ցանկանում են անջատվել Սերբիայից, բայց դա կառավարությունը չէ»: Միաժամանակ նա ԼՂ իշխանությանը դասել է Աբխազիայի, Մերձդնեստրի եւ մյուս համանման սուբյեկտների շարքը, ասելով, թե դրանք անջատողական ռեժիմներ են: Այսպիսով, եթե խոսենք վերջին շրանում ընդունված բառապաշարով, այս իշխանությունները ԼՂ հարցով «ընդունել են» բանակցային լիիրավ կողմ հանդիսացող, հաղթողի դիրքերից հանդես եկող Արցախ, «հանձնում են» բանակցային գործընթացից դուրս մղված եւ եվրապաշտոնյաների խոսքերով՝ «գեյ պարադի» հետ նույն դաշտում գտնվող, «Ադրբեջանի տարածքներում էթնիկ զտումներ իրականացրած» մի «անջատողական ռեժիմ»: