«Լինել զուսպ` հիմարություններ չանելու համար»

12/05/2005 Հայկ ԱՐԱՄՅԱՆ

«Ամբողջ կյանքից տասնյակ տարի ա, մենք զբաղված ենք Ղարաբաղյան հարցի լուծմամբ եւ նվիրված ենք Ղարաբաղի ազատագրմանը: Ո՞րդից սովորեցինք կոռումպացվել: Ինչո՞վ ենք մենք կոռումպացված»:

ԱԺ մի պատգամավոր

Այս եւ նման կարգի արտահայտությունների պակաս հայրենի քաղաքական դաշտում չկա: Ղարաբաղի հարցը, ցավոք, տրանսֆորմացվեց որպես ներքաղաքական գործոն եւ շատ-շատերի համար դարձավ ինքնադրսեւորման, հարստացման, սեփական գործունեության արդարացման միջոց, ներքին ցնցումների, ատելության պատճառ: Հետպատերազմյան սինդրոմ կոչվածը հենց սա է` հերոսների ու դավաճանների, հայրենասերների ու օտարամոլների փնտրտուք, քրեական-կլանային կառույցների ռենեսանս` զինված ազգային գաղափարներով, սնափառության իսկական շքահանդես: Այս շքահանդեսի մասնակիցների` իշխանությունից մինչեւ ընդդիմություն, լիբերալներից մինչեւ ազգայնականներ, եւ սրանց արանքում տեղավորված մերձքաղաքական-տնտեսական-կլանային շրջանակների ջանքերով այլափոխվեցին եւ կամ մոռացության մատնվեցին հետպատերազմյան շրջանում ծառացած կարեւորագույն խնդիրները, փոխարենն առաջարկելով կաղապարներ` որպես վերջնական ճշմարտություն եւ սեփական գործունեության արդարացում: Որո՞նք են դրանք, եւ որքանո՞վ են համարժեք ժամանակակից աշխարհի զարգացումներին: Փորձենք անդրադառնալ մի քանիսին:

Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելը խանգարում է ժողովրդավարական գործընթացներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Հարց տանք ինքներս մեզ` երբ կեղծվում են ընտրությունները, կատարվում են անօրինականություններ, անտեսվում են հասարակական նախաձեռնությունները եւ այլն, ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը: Ընդամենն այնքան, որքանով որ անօրինականություններ կատարողներն իրենց արարքներն արդարացնում են նրանով, որ «ազգին ու հայրենիքին վտանգ է սպառնում»: Որեւէ այլ, իրական փաստարկ չեք լսի, որովհետեւ այդպիսին պարզապես չկա: Իրականության մեջ, սակայն, թե՛ չլուծված հակամարտությունների, թե՛ նույնիսկ պատերազմական պայմաններում ժողովրդավարական գործընթացների զարգացման օրինակներ` որքան կուզեք: Նույն Ղարաբաղում 1991 թվականին, պատերազմական ահավոր վիճակում, տեղի ունեցան ժողովրդավարական ազատ ընտրություններ, եւ ձեւավորվեց առաջին Գերագույն խորհուրդը: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա մոտեցումն այս հարցում առավել քան անհեթեթ է: Երբ ձեւավորվում են մենաշնորհներ, տեղի են ունենում կասկածելի սեփականաշնորհում եւ տնտեսական զանազան հանցագործություններ, ի՞նչ կապ ունի դա Ղարաբաղի հարցի հետ: Կրկին ընդամենն այնքան, որքան այդ հանցագործությունները կատարողները դա արդարացնում են «Ղարաբաղին ու ազգին» իրենց «նվիրվածությամբ»:

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտում երկու մոտեցում կա. առաջինը, որ ԼՂ խնդիրը խանգարում է առաջընթացին, եւ երկրորդ` որ ԼՂ անկախությունը եւ հաղթանակները կարող են հրթիռի դեր խաղալ հայության զարգացման համար: Առաջին մոտեցման պտուղները մենք քաղում ենք արդեն մեկ տասնամյակից ավելի: Դա քրեական կառույցների եւ քրեականացված իշխանական համակարգի տասնամյա մոտեցումն է` ժողովրդին վախեցնելու միջոցով սեփական բարեկեցությունը ապահովելու եւ իր անօրինական գործողություններն արդարացնելու համար:

Ղարաբաղի հարցը պետք է լուծվի փոխզիջումների ճանապարհով: Հարց տանք ինքներս մեզ` ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, ո՞ւմ միջեւ պետք է փոխզիջումներ լինեն, ո՞ր հարցերում` տարածքների՞, կարգավիճակի՞, հումանիտա՞ր: Ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհի դիրքորոշումն այս խնդիրներին, ի՞նչ են պահանջում, այսպես կոչված, հակամարտության կողմերից: (Այստեղ արժե նշել, որ ՀՀ առաջին նախագահը, լինելով ԼՂ հարցի միջազգայնացման ջատագովն ու իրականացնողը, հրաժարականից առաջ գրած իր հայտնի հոդվածում ասում է, որ ԼՂ հարցում մեր հիմնական հակառակորդը միջազգային հանրությունն է): Նույն միջազգային հանրությունը բազմիցս տարբեր մակարդակներով տարբեր, հաճախ իրարամերժ հայտարարություններ է արել, սակայն դրանցից ամենաէականն այն է, որ ԼՂ հարցը տարբերվում է մյուս հարցերից, եւ կա մեկ խնդիր` Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, իսկ մնացած հարցերն ածանցյալ են: Ինչո՞ւ է այս հայտարարությունն ամենաէականը. մի պարզ պատճառով, որ ներկայում մենք ապրում ենք նոր աշխարհակարգի ձեւավորման փուլում, որը նշանավորում է նախկին աշխարհակարգի սկզբունքների, այդ թվում` տարածքային ամբողջականություն, ազատ ինքնորոշում եւ այլն, վերանայում: Արդեն իսկ օրինակներ կան, երբ խնդիրները կարգավորվում են` ելնելով ոչ թե հնացած սկզբունքներից, այլ` կոնկրետ իրողություններից, մասնավորապես` Կոսովոյի խնդիրը: Որքանո՞վ է հայրենի քաղաքական վերնախավը համարժեք ընկալում այս նոր գործընթացներն ու «հրամայականները»: Արդյո՞ք Ստրասբուրգում Ա.գեղամյանատիպ ելույթները, կամ Է. Ջոնսի հայտարարության տեղական կոլխոզային արձագանքներն անհամարժեքության հերթական ապացույցը չեն աշխարհին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայրենի քաղաքական գործիչներից չեք լսի, որովհետեւ դրանք իրենց քաղաքական ու տնտեսական կապիտալ չեն բերի, եւ հետո` նրանք այդպիսի խնդիր իրենց առջեւ չեն դնում:

ԼՂ հարցի առկայությունը ստիպում է քաղաքական ուժերին ավելի զուսպ լինել ներքաղաքական պայքարում: Այս մեկը գոնե լավ է, այլապես, եթե ի վիճակի չեն նախաձեռնել ժողովրդավարական բարեփոխումներ, զարգացնել տնտեսությունը, գոնե «զուսպ» լինեն` հերթական հիմարությունները չանելու համար: