Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի եւ Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ: «Անուրանալի է Ռաֆայել Ղազարյանի վաստակը 1988թ. ազգային զարթոնքի, մեր ժողովրդի հոգեւոր վերածննդի ու նորանկախ ՀՀ կայացման ազգանվեր գործում, որպես եւ մեծ է ակադեմիկոս Ղազարյանի ներդրումը հայ գիտության, մասնավորապես՝ ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Վստահ եմ, որ մտավորականի, գիտնականի եւ ակտիվ քաղաքացու նրա կերպարը նոր սերնդի շատ գործիչների համար հիրավի լավ օրինակ է ծառայել ու դեռ ծառայելու է: Խորապես սգում եմ ակադեմիկոս Ռ.Ղազարյանի մահը»,- ասված է Ս. Սարգսյանի ցավակցական խոսքում: Վարչապետի հրամանագրով՝ Ռ. Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այսօր ժամը 13:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի կունենա Ռ. Ղազարյանին վերջին հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 15:00-ին: Ցավակցություններ են ստացվել անգամ մեկուսարանից. մասնավորապես ցավակցել է նաեւ Ժիրայր Սէֆիլյանը: «168 Ժամը» եւս ցավակցում է Ռ. Ղազարյանի եւ Ա. Յավուրյանի հարազատներին: