ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտությունը չափազանց երկար է ձգվում եւ պետք է կարգավորվի հնարավորինս արագ: «Չեմ ցանկանում դրանով տպավորություն ստեղծել, թե քննադատում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն ժողովրդի շահից է բխում, որ հակամարտությունը կարգավորվի: Կյանքում կան շատ ավելի կարեւոր բաներ, քան ԼՂՀ հակամարտությունն է, մինչդեռ դրա չկարգավորվածությունը հանրության ուշադրությունը շեղում է այդ կարեւոր հարցերից: Հակամարտությունը ոչ միայն ուշադրություն է խլում, այլ նաեւ՝ փող, որը կարող էր ծառայել ավելի լավ նպատակների համար»: Նա ափսոսանք է հայտնել հատկապես ԼՂ այն քաղաքացիների համար, ովքեր զրկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից: «Հուսով եմ, որ հակամարտությունը կլուծվի, եւ ԼՂՀ-ն էլ կկարողանա օգտվել ԵԽ ծրագրերից: ԼՂ-ում ապրող մարդը ֆիզիկապես չի կարող դիմել Մարդու իրավունքի եվրոպական դատարան, իսկ դա կարեւոր է, որպեսզի քաղաքացին պաշտպանված լինի իշխանություններից»,- ասել է նա՝ հաշտության կոչ անելով ՀՀ-ին, Ադրբեջանին ու Թուրքիային: