Թեեւ հայրենի իշխանությունները փորձում են հասարակությանը կամ գուցե՝ նաեւ իրենց համոզել, թե նախագահական առաջիկա ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը «թույլիկ» մրցակից է, եւ կան մի 2-3 ավելի «ուժեղ» թեկնածուներ, սակայն նրա դեմ սկսված հակաքարոզչությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:
Համաձայնեք, շատ «տարօրինակ է», որ իշխանություններն այդ երեւակայական «ուժեղ» թեկնածուներին թողած՝ պայքարում են «թույլիկների» դեմ, իսկ «ուժեղներին» ոչ միայն չեն «քլնգում», այլեւ սկսել են եթեր տրամադրել ու հաճույքով հեռուստահաղորդումներում ցիտել նրանց: Այս ամենին զուգահեռ՝ որոշակի, թեկուզ ալարկոտ ու անհավես աշխատանք է տարվում ընդդիմադիրի համարում ունեցող մի քանի ուժերի միասնական թեկնածու առաջացնելու ուղղությամբ: Թեեւ նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկին մնացել է մոտ երկու շաբաթ, Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ «Մետելիցա» սրճարանում սկիզբ առած հանդիպումները դեռ շարունակվում են՝ առանց որոշակի արդյունքների: Համենայն դեպս, այդ հանդիպման մասնակիցները ձեռնպահ են մնում որեւէ կոնկրետ բան ասել: Իսկ հանդիպումներին մասնակցում են Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Մանուկ Գասպարյանը, Շավարշ Քոչարյանն ու հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Դժվար չէ գուշակել, որ մինի-միասնական թեկնածուի դերին այս ցանկից հավակնում է Արտաշես Գեղամյանը: Այդ մասին անուղղակիորեն ակնարկում է նաեւ հենց Ա.Գեղամյանը: Վերջինս տարբեր ԶԼՄ-ներով, անգամ՝ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, թե չի կարելի դաշտը ներկայացնել սեւ ու սպիտակ գույներով, ինչպես, ըստ նրա, փորձում են անել ներկա եւ նախկին իշխանությունները: Ըստ Արտաշես Մամիկոնովիչի, արանքում այլ գույներ էլ պետք է լինեն, որ ժողովուրդն ընտրության այլ հնարավորություն էլ ունենա: Այդ գունավորումներն ապահովելու մղումով էլ հավանաբար նա կառաջադրի իր թեկնածությունը: Պարույր Հայրիկյանն էլ գույների մասով թերեւս մոտավորապես նույն կարծիքին է: Նա երեկ Արցախում էր, ու նրա հետ մանրամասն զրուցել չհաջողվեց: Մանուկ Գասպարյանն ու Դավիթ Հակոբյանը կարծեք թե հակված են սատարել ՀՀ առաջին նախագահին, իսկ թե ի՞նչ հակումներ ունի Շավարշ Քոչարյանը, մեզ երեկ այդպես էլ պարզել չհաջողվեց: Նկատի ունենալով այն, որ առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է նաեւ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, նախկին ԱԺՄ-ական Շ. Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ինքն ո՞ւմ է սատարելու՝ Վ. Մանուկյանի՞ն, թե՞ Ա. Գեղամյանին, որի մասնակցությամբ վերոնշյալ հավաքներին ինքն էլ է մասնակցում: «Բովանդակային ոչ մի հարցի չեմ պատասխանում: Այդ հարցում ես միշտ հետեւողական եմ եղել: Դե, եթե պետք լինի հայտարարել, կհայտարարենք: Եթե դա չի արվել, ես խնդրում եմ՝ ինձ անհարմար վիճակի մեջ միք դնի»,- պատասխանեց Շ. Քոչարյանը: Անսալով նրա խնդրանքին՝ փորձեցինք պարզել, թե ի՞նչ նպատակով են տեղի ունենում այդ հանդիպումները: «Մենք ուզում ենք, որ ձեւավորվի միասնական թեկնածու: Մենք գտնում ենք, որ պետք է ձեւավորվի այլընտրանք ներկա իշխանություններին: Այդ այլընտրանքը նախկինները չեն, եւ մենք պատրաստ ենք ամեն ձեւով աջակցել, որ այդ միասնական թեկնածուն ձեւավորվի»,- պարզաբանեց նա: Արտաշես Գեղամյանը կարո՞ղ է լինել այդ այլընտրանքը: «Ես անուններ չեմ ուզում տալ»,- կարճ կապեց նա: Իսկ եթե նախագահի ընտրության 2-րդ փուլում մրցեն ՀՀ առաջին նախագահն ու ՀՀ գործող վարչապետը, ո՞ւմ կսատարի Շ. Քոչարյանը, վերջինս վստահեցրեց, թե իրենց համար «երկուսն էլ հավասարապես անընդունելի են»: