Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ անդրադարձել է հանրահայտ փաստաթղթին, որը Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրել էին ԱՊՀ ռուսամետ մի քանի կառավարություններ, այդ թվում եւ՝ Հայաստանը, ու ներկայացրել ԵԱՀԿ: Փաստաթղթում առաջարկվում էր, որ ԱՊՀ երկրների տարածքում ընտրությունների դիտարկման առումով սահմանափակվի ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործողությունների շրջանակը: Ինչպես հաճախ է լինում, Օսկանյանն ասել է, թե անճշտություն կա փաստաթղթի ընկալման մեջ: Ըստ նրա, առաջարկը վերաբերում է միայն ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելություններին, որոնք ֆինանսավորվում են ԵԱՀԿ ընդհանուր բյուջեից: Հենց ընդհանուր բյուջեի ֆինանսական ծանրությունը թեթեւացնելու համար էլ, Օսկանյանի հավաստմամբ, առաջարկվել է սահմանափակել այդ երկարաժամկետ դիտորդական առաքելությունների շրջանակը՝ այն թողնելով մինչեւ 50 դիտորդի սահմանում: Վ. Օսկանյանի խոսքերով՝ ՀՀ-ի վրա դա չի ազդի, որովհետեւ մինչ այժմ մեր երկիր գործուղված ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության կազմում եկել է ոչ ավելի, քան 30 դիտորդ: Այս կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսն էլ ասել է, թե ՀՀ նախագահի ընտրությունից առաջ ԵԽ-ն ՀՀ-ում իրականացնելու է 10 կետից բաղկացած ծրագիր, որը հատկապես մեծ ուշադրություն է դարձնելու ընտրությունից առաջ լրատվամիջոցների ազատությանը: Թ.Դեւիսի խոսքերով՝ կարեւոր է ոչ թե այն, թե լրատվամիջոցներն ինչ կասեն ընտրությունից 2-3 շաբաթ առաջ, այլ՝ թե ինչ կասեն ընտրությունից 3-4 ամիս առաջ, քանի որ դա է ազդում ընտրողի կողմնորոշման վրա: