Բաքուն, Սմբատյանն ու Նիցշեն

07/11/2007

«Day.az»-ին տված բացառիկ հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ասել է, որ անկեղծորեն գոհունակություն է զգում, որ ադրբեջանական առաջատար գործակալությունն իրենից հարցազրույց է որոշել վերցնել։ Նա օգտակար է անվանել հայ եւ ադրբեջանական մշակույթի գործիչների այցն Արցախ եւ մեջբերել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Երբ երկար սկսում ես նայել անդունդին, անդունդը սկսում է ինքը քեզ վրա նայել» խոսքերը։ «Մենք բոլորս կրկին պետք է սովորենք իրար հետ շփվել, մի կողմ դնենք բոլոր այն «փոցխերը», որոնց վրա մութ եւ ունայն այս աշխարհում նորից կարող ենք կանգնել»,- հայ-ադրբեջանական իրավիճակն այլաբանորեն մեկնաբանել է նա։ Խոսելով Բաքվից ստացած տպավորությունների մասին՝ Ա. Սմբատյանը նկատել է, որ մեր տարածաշրջանի բոլոր խոշոր քաղաքները նորացման ուղու վրա են կանգնած։ «Մեր ժողովուրդներին հատուկ է ստեղծագործելու ու աշխատելու մղումը, դրանում է կայանում մեր 2 ժողովուրդների դարավոր իմաստնությունը, որն արտահայտվում է բոլոր ժամանակներում եւ յուրաքանչյուր պայմաններում»,- ասել է նա։ Ադրբեջանցի լրագրողը նկատել է, որ թեեւ ԼՂՀ հակամարտությունը դեռ շարունակվում է, սակայն Բաքվի կենտրոնում անվնաս եւ կանգուն է մնացել Հայ Առաքելական եկեղեցու շենքը։ Մեր դեսպանը հակադարձել է՝ ասելով, որ Երեւանում էլ Կապույտ մզկիթն է գործում, իսկ Շուշիում մզկիթի վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ «Արդյո՞ք իրատեսական է, որ ԼՂՀ ժողովուրդը՝ տեսնելով Ադրբեջանի` օրօրի աճող տնտեսական հզորությունը, կրկին ցանկություն կհայտնի Ադրբեջանի կազմում հայտնվել» հարցին Ա. Ամբատյանը պատասխանել է. «Ավելի լավ է այդ հարցը Արցախի բնակիչներին ուղղեք։ Այն փաստը, որ ադրբեջանցի լրագրողներն այդ մասին Արցախի բնակիչներին չեն հարցնում, թույլ է տալիս կասկածել, որ նրանց առանց իրենց ցանկության են ուզում «վերադարձնել»։ Նա ասել է, որ դիտարկելով հայերի եւ ադրբեջանցիների կյանքը ՌԴ-ում, իր մոտ հարց է ծագում՝ կա՞ արդյոք որեւէ հակամարտություն այդ 2 ժողովուրդների միջեւ, քանի որ ռուսական հասարակության մեջ նրանք շատ համերաշխ են ապրում։ «Հայկական եւ ադրբեջանական համայնքները ՌԴ-ում քաղաքակիրթ ու զուսպ փոխհարաբերություններ ունեն։ Նրանք օրինակելի համայնքներ են։ Դա տեղի է ունեցել ոչ միայն համայնքների ղեկավարների, այլեւ՝ ռուսական իշխանությունների եւ ռուս հասարակության ջանքերի շնորհիվ։ Հակամարտության հաղթահարման համար ՌԴ-ում կան բոլոր նախապայմաններն ու հնարավորությունները»,- պատասխանել է դեսպանը։ Ադրբեջանցի լրագրողը նրան հիշեցրել է, թե լուրեր են շրջանառվում այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտության «սառեցումը» ձեռնտու է հենց ՌԴ-ին, որն օգտագործում է այն՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Լրագրողի հարցին՝ «Համաձայն չե՞ք, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերականգնեն իրենց հարեւանական հարաբերությունները», Ա. Սմբատյանը պատասխանել է. «Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ռուսաստանը լրիվ հակառակն է ցանկանում։ ՌԴ-ն, ինչպեսեւ ցանկացած երկիր, շահագրգռված է, որ իր շուրջը կայունություն լինի։ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի մենք կարողանանք պայմանավորվել իրար հետ… Ռուսաստանը պատրաստ է մեր պայմանավորվածությունների երաշխավորը դառնալ… Իսկ հակամարտության մասին կարող եմ ասել, որ այն երկար տարիների սխալների կուտակվելու եւ դրանք մի քանի շաբաթվա ընթացքում լուծելու փորձերի արդյունք էր։ Ինչպես ասում էր Նիցշեն՝ «Ներում է ստանում նա, ով ինքն է կարողանում ներել»։