Մարիա Սահակյանի «Փարոսը»

07/11/2007

ՌԴ-ում բնակվող 27-ամյա կինոռեժիսոր Մարիա Սահակյանը Լոնդոնի կինոփառատոնին ներկայացրել էր իր «Փարոս» ֆիլմը, որը շատ ջերմ է ընդունվել եվրոպացի հանդիսատեսի կողմից։ Ֆիլմի գործողությունները կատարվում են կովկասյան փոքր գյուղերից մեկում, որը հայտնվել է զինված հակամարտության գոտում։ Հերոսուհին հարազատ գյուղ է գալիս իր տատին ու պապին փրկելու ու իր հետ մեծ քաղաք տանելու համար, սակայն արդյունքում՝ որոշում է մնալ այնտեղ, որտեղ ծնվել է։ Ֆիլմը ՀՀ-ում է նկարահանվել, սակայն ոչ մի դրվագում կոնկրետ վայրը չի նշվում։ «Ես ժամանակին հեռացա ՀՀ-ից հայ-ադրբեջանական հակամարտության եւ շրջափակման պատճառով, բայց սցենարը գրվել է վրաց-աբխազական հակամարտության մասին։ Արդյունքն ամենուր նույնն է, նույնն են նաեւ մարդկանց ճակատագրերը։ Պատերազմներում թշնամիներ որոնելն անիմաստ է, քանի որ հարեւանները երբեք մեղավոր չեն լինում, մեղավոր են այն երկրները, ում ձեռնտու է պատերազմների շիկացումը»,- ասել է Մ. Սահակյանը, ով իրեն բախտավոր է համարում, քանի որ իր առաջին ֆիլմում նկարահանվել են այնպիսի հիանալի դերասաններ, ինչպիսիք են՝ Սոս Սարգսյանն ու Սոֆիկո Չիաուրելին։ «Սոսն ու Սոֆիկոն հենց այն տատիկ-պապիկներն են, որոնք չեն լքել իրենց երկրները պատերազմի ժամանակ ու շարունակում են ապրել հայրենի հողում։ Նրանց թոռներն իսկապես հեռացել են հայրենիքից, իսկ նրանք մնացել են։ Հենց նրանք են իմ հերոսները»,- ասել է նա, ում «Փարոսն» արդեն մոտ 20 փառատոներում է ցուցադրվել։ Նա նկատել է, որ շատ երկրներում մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ Կովկասում պատերազմական իրադարձություններ են ծավալվում։