Երեկ առավոտյան ժամը 7:00-ից Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ «Ջրվեժ» եւ «Չարբախ» մասնաճյուղերի «Բոգդան» եւ ՊԱԶ մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները գործադուլ էին հայտարարել: Վարորդների ասելով` գործադուլի պատճառը տնօրինության զգուշացումն է, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն մասնավորեցվում է, եւ, որ իրենք որոշ ժամանակ պետք է հրաժարվեն ավտոբուսներ վարելուց: Ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե ո՞վ է սեփականաշնորհելու նշված գարաժները, նրանք հրաժարվել են անուններ տալ` նշելով միայն, որ դրանք որոշ գործարարներ ու պատգամավորներ են: Դեպքի վայր մեր թղթակցի այցելության պահին «Ջրվեժի» մասնաճյուղ են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, որոնց, ի զարմանս շատերի` հրահանգներ էին տալիս հավաքված սափրագլուխները (Տես` լուսանկարում): Ստեղծված իրավիճակից զայրացած վարորդները գարաժից անմիջապես շարժվեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ իրենց լսի անձամբ վարչապետ Սերժ Սարգսյանը: Վերջինս ընդունել է նրանց եւ տեղեկացրել, որ ավտոբուսները որեւէ մեկի սեփականությունը չեն, որպեսզի տնօրինվեն ըստ հայեցողության, այլ, որ դրանք վարձակալության տրված պետական սեփականություն են: Նաեւ ասել է, որ ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարությունը որեւէ որոշում չի կայացրել: Ս. Սարգսյանը վարորդներին հորդորել է իրենց նման բան ասողներից պահանջել որոշման մասին փաստաթուղթը` համոզվելու համար, որ ինչ-որ մարդիկ իրենց սխալ տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ են գցում: Վարչապետը վստահեցրել է, որ վարորդները կշարունակեն իրենց աշխատանքային գործունեությունը` աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան, եւ աշխատանքային պայմանների ոչ մի վատթարացում չի լինի: