Ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում, Ուկրաինայում եւ անգամ Ղրղըզստանում հաջողվում է հեղափոխություն իրականացնել, իսկ Հայաստանում դա չի ստացվում: Այսօր այս հարցը հուզում է գրեթե բոլորին, սակայն ոչ մեկը չի կարողանում միանշանակ պատասխանել դրան: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում հեղափոխություն անելու կոչերով հանդես են գալիս այնպիսի ուժեր, որոնք իրականում անում են ամեն ինչ, որպեսզի հեղափոխություն տեղի չունենա: Իսկ նման ուժերի առաջամարտիկը, թերեւս, Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունն է, որը տարեսկզբին հայտարարել էր, թե ապրիլից Հայաստանում ազգային հեղափոխության գործընթաց է սկսելու: Երեկ, որպես այդ գործընթացի մեկնարկ, «Նոր ժամանակները» հրավիրել էր երկրորդ արտահերթ համագումարը, որտեղ, ըստ էության, որեւէ նոր բան չասվեց, քան մինչեւ օրս ասել ու ասում է Արամ Կարապետյանը: «Այսօր ես որոշել եմ քննադատական խոսքեր չասել»,- իր ելույթն այսպես սկսեց ազգային հեղափոխություն իրականացնելու խոստում տված Արամ Կարապետյանը՝ իր այդ որոշումը պատճառաբանելով, թե անցել են խոսելու ժամանակները եւ «եկել է զանգ կախելու ժամանակը»: Հեղափոխություն Արամ Կարապետյանը ցանկանում է իրականացնել քաղաքակիրթ ճանապարհով, ոչ ինչպես ղրղըզները, եւ դրա համար Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է ցրել Ազգային ժողովն ու կառավարությունը, անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ ու դրանից հետո ինքնակամ հրաժարական տալ: Թերեւս միայն պետք է Արամ Կարապետյանի չափ ռուսամետ լինել՝ հավատալու համար, որ Հայաստանում նման ճանապարհով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել: Եվ թերեւս Արամ Կարապետյանի «առաքելությունը» հենց հեղափոխությունների նման իմիտացիա ստեղծելն է: Բացի այդ, Արամ Կարապետյանն իշխանություններին կոչ է անում քաղաքական կոնսուլտացիաներ սկսել ընդդիմության հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունները ընդդիմության հետ քննարկումներ կազմակերպեն՝ ազգային հեղափոխություն սկսելու հարցի շուրջ: Հակառակ դեպքում, ըստ Արամ Կարապետյանի, գործելու է երկրորդ տարբերակը, որը մոտավորապես լինելու է այն, ինչ տեղի ունեցավ Ղրղըզստանում: Սակայն Արամ Կարապետյանը գտնում է, որ դա հարիր չէ մեր ազգին եւ թույլ չի տալու, որ «հեղափոխության ժամանակ ինչ-որ բան կոտրվի»: Ավելին՝ Արամ Կարապետյանն իր կուսակիցներին կոչ արեց տեղերում դրուժինաներ ստեղծել՝ հեղափոխության ժամանակ նման հեռանկար թույլ չտալու համար: Իսկ հեղափոխությունն, ըստ նրա, ընթանալու է երեք փուլով. «Առաջին էտապը լինելու է մարզերում մեր հանդիպումները բնակչության հետ, երկրորդ էտապը եռալու ընթացքն է, երբ բոլորը հասկանում են, որ իշխանությունների վարած այս քաղաքականության արդյունքում առաջընթաց չկա, երրորդ էտապը՝ կրիտիկական մասսայի հավաքը եւ մեր պահանջների թելադրանքն իշխանություններին»: Ինչեւէ: Իր բոցաշունչ ելույթի ընթացքում Արամ Կարապետյանը որեւէ կոնկրետ անուն չնշեց, իշխանությունների հասցեին որեւէ մեղադրանք չհնչեցրեց: Միայն առանց անուններ նշելու՝ թեթեւակի «բոչկա գլորեց» նրանց ուղղությամբ, ովքեր իրենց համ ընդդիմություն են ներկայացնում, համ իշխանություն: Դրանով Արամ Կարապետյանն ինչ-որ բան էր հասկացնում նաեւ ընդդիմությանը: Սակայն գործող ընդդիմությունից ներկայացուցիչներ «Նոր ժամանակների» համագումարում գրեթե չկային: Չնայած, ըստ Արամ Կարապետյանի, բացի «Ազգային Միաբանությունից» իրենք հրավիրել էին բոլորին, բայց երեկվա համագումարին ներկա չէին անգամ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները: Այդ ֆոնին բավական հետաքրքիր էր, որ «Նոր ժամանակների» համագումարին մասնակցում էր «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որն անգամ հանդես եկավ ողջույնի խոսքով: Հեղափոխականների հետ շփումները թերեւս տեղավորվում են Արթուր Բաղդասարյանի եւ «Օրինաց երկիրի» վերջին «ռեւերանսների» տրամաբանության մեջ:
Ի դեպ, «Նոր ժամանակների» համագումարին իր օրհնությունն էր ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը փոխանցեց Արարատյան հայրապետական թեմից տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը: