«Վայ, մամա ջան, խի՞»

04/11/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության որոշ դրույթներ վկայակոչելով՝ իր զարմանքն այսպես արտահայտեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Իսկ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակներն ԱԺ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն են, որոնց, ինչպես հայտնի է՝ չի միացել նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի խոսքով` իրենք իրենց ստորագրությունը կդնեն այդ նախագծի տակ միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանն» օրինագծում ներառեն նաեւ իրենց առաջարկությունները: Եվ եթե ՀՅԴ-ն փորձում է նման սպառնալիքով ստիպել իր գործընկերներին՝ անցկացնել իր առաջարկները, ապա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սպառնում են երկուշաբթի օրը կայանալիք այս օրինագծի քննարկումների ժամանակ այնպիսի աղմուկ բարձրացնել, որին ԱԺ մեծամասնությունը դեռեւս ականատես չի եղել: Մի խոսքով` ԱԺ ընդդիմությունը խոստանում է նախընտրական փուլում իշխանությունների կողմից իրենց ընձեռված այս շանսը բաց չթողնել եւ տեղը տեղին իրենց «PR»-ն անել: «Հայոց հարցն ենք սարքելու, կտեսնեք»,- ասում էր ընդդիմադիր պատգամավորներից մեկը` խնդրելով առայժմ չհրապարակել իր անունը, քանի որ ինքն այդ մասին դեռեւս իր խմբակցության շեֆին տեղյակ չի պահել:

Իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ այս փոփոխություններով իշխանությունները հիմնականում մի քանի հարց են ցանկանում լուծել, որոնցից մեկն էլ` ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալին եւ հանձնաժողովի քարտուղարին յուրաքանչյուր ամիս տրվող ընտրակաշառքների օրինականացումն է: «Հոդված 12-ի, 33 պրիմ դրույթում ավելացրել են, որ նրանք յուրաքանչյուր ամիս ստանալու են հավելավճար ԿԸՀ անդամի վարձատրության 20 տոկոսի չափով: Իսկ գործող օրենքում գրված է, որ նա ստանում է այսքան չափով գումար, հստակ ֆիքսված է»,- ասում է Վ. Դալլաքյանը: Նմանատիպ «խրախուսական» հավելավճար է նախատեսված նաեւ ընտրական հանձնաժողովների նախագահներին: «Այսինքն` փողեր են բաժանում»,- եզրակացնում է պատգամավորը: Առաջարկվող հաջորդ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է նրան, որ համապետական ընտրությունների ժամանակ պետք է ձեւավորվի ԿԸՀ աշխատակիցների «խրախուսման ֆոնդ»: «Վայ, մամա ջան, բա դասատուների համար, օրինակ, խի՞ չի նախատեսվում խրախուսման ֆոնդ: Նրանք պետությունից փող են ստանում, որ կեղծիքներ են անում` դրա համա՞ր եք խրախուսում, ի՞նչ խրախուսման անվերահսկելի ֆոնդի մասին է խոսքը»,- տարակուսում է Վ. Դալլաքյանը` ավելացնելով, որ այս ամենն արվում է զուտ «փող աշխատելու համար»:

Ուշագրավ է նաեւ Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն փոփոխությունը, ըստ որի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները կարող են նման հայտ ներկայացնել միայն ինքնառաջադրման կամ կուսակցության կողմից առաջադրվելու միջոցով: Այսինքն` այս փոփոխությամբ օրենքից դուրս է մղվում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու հնարավորությունը: Վ. Դալլաքյանի հավաստմամբ` սրա վտանգը կայանում է նրանում, որ ընտրողն այլեւս քվեաթերթիկի վրա չի տեսնելու, թե այս կամ այն թեկնածուին քաղաքական եւ հասարակական որ ուժերն են միացել կամ սատարում:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, առաջին հայացքից այս փոփոխությունը դրական է թվում, քանի որ վերացվում է նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաքի գործընթացը, որը հետագայում թեկնածուների «գլխին չարիք» է դառնում, սակայն իրականում դա այդպես չէ: «Եթե դա չարիք էր դառնում թեկնածուների գլխին, քանի որ միշտ գտնում են մեկին, որը հրաժարվում է իր ստորագրությունից, եւ այդ մարդու գրանցումը պրոբլեմ է դառնում, բայց հիմա էլ գրավի չափերի մեծացումով սահմանափակում են մարդկանց մասնակցության իրավունքն ու հնարավորությունը: Եվ պետությունը, որ պարտավոր է պայմաններ ստեղծել իրավունքների իրացման համար, տվյալ դեպքում գնում է հակառակ ճանապարհով»,- ասաց Ս. Սաֆարյանը: Ինչ վերաբերում է օրենքից նախաձեռնող խմբի կողմից առաջադրվելու մասին դրույթը հանելուն, ապա «Ժառանգության» քարտուղարն ասաց, թե իրենք առհասարակ կողմ են, որ թեկնածուն ինքը ցանկություն հայտնի իր մասնակցության վերաբերյալ: «Այլ բան է, որ մենք զրկում ենք այդ քաղաքացիներին` ասելու, որ իրենք եւս ուզում են, որ նա մասնակցի: Պրոբլեմը խնդրի դրվածքի մեջ է, որը բացակայում է, եւ ավելի շատ մտածում են հնարավորությունները սահմանափակելու մասին»: Հարցին, թե դա արդյո՞ք ուղղված չէ կոնկրետ անձի` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Կարծում եմ` կա նման ենթատեքստ, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ինքը նշել է, որ վերադառնալու է ազգի խնդրանքի դեպքում: Իհարկե, դա եղել է կեսկատակ արված արտահայտություն, բայց, կամա թե ակամա, վեր է ածվել շատ լուրջ հիմնավորման: Կարծում եմ` նման նորմ առաջարկող հեղինակի մոտ կա ցանկություն` ցույց տալու, որ, այնուամենայնիվ, չկա նրա առաջադրման համաժողովրդական պահանջ, այլ կա պարզապես ինքնառաջադրում: Ես կարծում եմ` ավելի շատ գործ ունենք հենց այս տարբերակի հետ, որովհետեւ առաջադրման դեպքում, այսպես թե այնպես, հասարակությունը տեղյակ է լինելու, թե որ քաղաքական ուժերն են սատարելու նրան: Դա այնպիսի գաղտնիք չէ, որ կարողանան հասարակությունից պահել: Պարզապես սրանով իրավաբանորեն վերացնում են Տեր-Պետրոսյանին «ազգովի խնդրելու» հիմքերը»:

Պակաս ուշագրավ չէ ԱԺ կոալիցիոն երկու ուժերի կողմից արվող նաեւ այն փոփոխությունը, ըստ որի` ՀՀ նախագահի թեկնածուն այլեւս որպես նախընտրական գրավ պետք է մուծի ոչ թե 5, այլ` 10 մլն: (Իսկ պատգամավորի թեկնածուն պետք է մուծի ոչ թե 100.000, այլ` 1 մլն դրամ):

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանից հետաքրքրվեցինք` արդյոք իրենց չի՞ մտահոգում այս փոփոխությունը, որն ընդունելու դեպքում ցանկացած փող ունեցող մեկը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ արժանիները` գումար չունենալու պատճառով` դուրս մնան ընտրապայքարից: Ըստ Հ. Կարապետյանի` դրանք միտված են նախագահի թեկնածուի մակարդակի բարձրացմանը: «Չեմ կարծում, թե գումարային այդ փոփոխությունը կազդի նախագահի թեկնածուների առաջադրմանը: Պետք է նախագահի թեկնածուի գրավը մի քիչ տարբերվի, էլի: Ցանկացած ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ նաեւ մեծահարուստները կարող են առաջադրվել: Իմ կարծիքով` միայն փող ունենալը բավարար չէ նախագահի թեկնածու առաջադրվելու համար»,- ասաց Հ. Կարապետյանը: Վերջինիս հավաստմամբ` ՀՅԴ-ին ավելի շատ մտահոգում է կրկնակի քվեարկությունների բացառումը, որի համար իրենք առաջարկել են ընտրողի անձնագրում ընտրություն կատարելու պահին կնիք դնել: Եթե ՀՅԴ-ի այս եւ մյուս «սկզբունքային» առաջարկներն ԱԺ մեծամասնությունն ընդունի, ապա ՀՅԴ-ն եւս իր ստորագրությունը կդնի այս օրենսդրական նախաձեռնության տակ, քանի որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք շատերը կարդալիս «վայ, մամա ջան» են բացականչում` նրանց համար ընդունելի են: