Իսկ ի՞նչ է ճշմարտությունը

04/11/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թերեւս շատերի համար ժամանակի հետ դժվար էր համակերպվել այն մտքին, որ մեր սիրելի Ավարայրի ճակատամարտը, որի մասին այնքան բարեխղճորեն տեղեկություններ է հաղորդել պատմիչ Եղիշեն եւ որի մասին բազում գիտական ու գեղարվեստական աշխատանքներ են գրվել, որը համարվում է մեր ժողովրդի պատմության պայքարի լավագույն էջերից մեկը, անգամ հիշատակված չէ պարսկական աղբյուրներում, քանի որ այդ երկրի պատմիչները կա՛մ թերացել են (ինչը քիչ հավանական է), կա՛մ այնքան էլ չեն կարեւորել Ավարայրի ճակատամարտն իրենց երկրի ճակատագրում: Դպրոցում Ավարայրի ճակատամարտը մատուցվում է այնպես, որ մանկական երեւակայությունը նկարում էր հարյուր-հազարանոց հայկական զորագունդը` քաջարի Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, մատյան գունդը` հարյուրավոր փղերով, սակայն պատմաբանների վերլուծությունները խամրեցնում են տպավորությունը: Համարյա անձնական վիրավորանքի ոլորտից են, եւ հատկապե՛ս աններելի է թվում, երբ մեր պատկերացմամբ՝ դավաճան Վասակ Սյունուն համարում են Վարդան Մամիկոնյանից առավել հեռատես քաղաքական գործիչ` ներկայացնելով լուրջ փաստարկներ: Սակայն սրանք դարերի խորքից եկող, 5-րդ դարի իրադարձություններ են եւ իրավունք ունեն մեզ հասնել որոշակի անճշտություններով, որոնք էլ կարելի է հիմնավորել պատմական ոչ այնքան հարուստ աղբյուրներով եւ այլ օբյեկտիվ պատճառներով: Սակայն բանն այն է, որ մենք մեր ժամանակակից պատմության մասին տեղեկացվում ենք ճիշտ նույն սկզբունքով ու նույն մեթոդով, ինչ Հայաստանի ժողովուրդը` հինգերորդ դարում:

Երբ փորձենք յուրաքանչյուրս մեզ համար հասկանալ, թե որքանով է մեզ հայտնի մեր 15-ամյա պետության պատմությունը, այսինքն` որքանով է այդ պատմության իմացության աստիճանը թույլ տալիս՝ հնարավորինս ճիշտ եզրակացություն, ապա եւ՝ ընտրություն անել, պարզ կդառնա, որ իսկական պատմությունն այդպես էլ անհասանելի է ժողովրդին: Մեր երկրի պատմությունից մեզ հայտնի են այն անկյունաքարային չոր թվերը` սեպտեմբերի 21, մայիսի 9 եւ այլն: Սակայն այն ճշմարիտ տեղեկատվությունը, որը թույլ կտա ազատվել ոչինչ չիմացողի, սխալ ընտրություն անողի բարդույթից, մենք չունենք: Ի՞նչ գիտի մեր հասարակությունն իր նորագույն պատմության մասին` բացի «խավարի ու ցրտի, բայցեւ հերոսացման տարիներ» կլիշեից եւ «ղարաբաղյան կլան» բնորոշումից, որոնք չափազանց վտանգավոր են` իրենց հիշեցման պարբերականությամբ:

Ժողովրդին հասանելի է այն ինֆորմացիան, որը հաճախ ամենեւին կապ չունի իրականության հետ եւ ազդում է զգացմունքների վրա: Եվ դրա մեղավորներն ամենեւին էլ այս կամ այն թեւի սպասարկու լրատվամիջոցները չեն, այլ նախեւառաջ՝ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները` թեկուզեւ իրենց անձնական հարաբերությունների, Քոչարյանի կողմից` հատկապե՛ս մանրախնդիր, ցուցադրությունից: Հայաստանի Երրորդ Հանրապետության իրական պատմությունը գիտեն շատ քիչ թվով մարդիկ: Նրանցից են Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր մերձավորագույն շրջապատով, 1998-ից հետո` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Այն իրական ինֆորմացիան, որը թաքցվում է երկու կողմից էլ, շատ հարցեր է առաջացնում: Վերջին օրինակը, թերեւս, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ հայտնի հանրահավաքն էր, ուր Առաջին նախագահը, հիմնավորելով իր այն տեսակետը, թե ինչու է քոչարյանական ռեժիմի սկզբնավորման հիմքը համարում հոկտեմբերի 27-ը, թափանցիկ հիշեցրեց, որ ԱԺ-ում կատարված սպանություններից հետո ինքը բավական կոշտ սաստել է Պաշտպանության նախարարության այն ներկայացուցիչներին, ովքեր հոկտեմբերի 27-ի հաջորդ առավոտյան զանգահարել են իրեն, ասելով, որ զինվորականության գործը չէ միջամտել երկրի ներքին գործերին, եւ, որ նրանց առաքելությունը երկրի սահմանների անվտանգության պաշտպանությունն է եւ երկրին սպառնացող վտանգների կանխումը: Այն, թե ում կամ որ «հայտնի» ուժերի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը թողեց նախագահի իր պաշտոնը, հայտնի է: Եվ այդ մասին շտապեց հիշեցնել նաեւ «Հայլուրը»` նշելով, որ Տեր-Պետրոսյանին հեռացրել է Արամ Զ. Սարգսյանի եղբայրը, այսինքն` Վազգեն Սարգսյանը: «Հայլուրը» չուշացրեց պատասխանը` Վազգեն Սարգսյանի շուրթերով, ուր վերջինս մեղադրանքներ էր հղում Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների, «հայտնի այլ ուժերի» հասցեին: Այն, որ Տեր-Պետրոսյանին «աշխատանքից ազատել է» Վազգեն Սարգսյանը, ճիշտ է նույնքան, որքան այն, որ նույն Վազգեն Սարգսյանը սպանվել է այս իշխանությունների օրոք: Սակայն այս խիստ ժլատ տեղեկատվությունը, երբ ժողովրդի, հասարակության հետ խոսվում է ռեբուսներով, խուսափելով իրերին կամ մարդկանց տալ ճիշտ գնահատականներ` չնսեմացնելով նրանց անուրանալի վաստակը, ժողովրդին դարձյալ ստիպում է սեփական վերլուծական ունակություններին համապատասխանեցնել իրականությունն ու ըստ այդմ ընտրություն անել (ընդ որում, ոչ միայն նախագահի ընտրություն): Այն, որ երկու նախագահներն էլ լավ են հիշում պատմությունը, ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը պատմությունը հիշում է նաեւ դետալային, լապտեր առ լապտեր, հատկապես նախագահական ընտրություններից առաջ, երբ Քոչարյանը անհասկանալի ելակետով ինքը եւս խոստացավ մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարին, դարձյալ եւ դարձյալ անհրաժեշտություն է առաջանում, որ երկու նախագահները նստեն միմյանց կողքին եւ պատասխանեն հասարակությանն անհանգստացնող բոլոր հարցերին:

Գուցե համեմատությունը տեղին չէ, սակայն երբ մենք Թուրքիայից պահանջում ենք ընդունել ցեղասպանության փաստը եւ գլխավոր հիմնավորումներից մեկն էլ երկու ժողովուրդների` բարդույթներից ազատվելն է, ապա նույն այս մոդելն աշխատում է նաեւ յուրաքանչյուր անհատի դեպքում, հատկապես՝ երկրի ղեկավարի: Երբ ճշմարտությունը թաքցվում է, հասարակությունը ստիպված է մտածել, որ այն այնքան սարսափելի է, այնքան է հղի անկանխատեսելի ելքով, որ երկրի ղեկավարները ստիպված են գնալ գիտակցված ստի կամ լռության:

Այսօր հասարակության ճնշող մասը ստիպված է ինֆորմացիա ստանալ բնավ ոչ առաջին ձեռքից, ինչն անհասկանալի է, քանի որ դրսում ամենեւին էլ 5-րդ դարը չէ: Հասկանալու համար, թե ինչ ունեն միմյանց դեմ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, թե ինչու բանը հասավ նման թշնամական մթնոլորտի, հասկանալու միմյանց դեմ բերված նրանց փաստարկների լրջությունը, կրկնենք, խիստ անհրաժեշտ է նրանց երկխոսությունը:

Ճշմարտության փնտրտուքը կամ ճշմարտությունը հասկանալն այնքան էլ դյուրին չէ եւ բարդ է անգամ ձեւակերպել` իսկ ի՞նչ է ճշմարտությունը. Պիղատոսի այս պատմական հարցին ի պատասխան՝ լռեց անգամ Հիսուս Քրիստոսը: Սակայն լռությունը պատասխան է միայն այս դեպքում: