Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում օրերս անցկացվել է քիմիական անվտանգության եւ ջրի սանիտարիայի բարելավմանը նվիրված կոնֆերանս: «Կայուն օրգանական ախտորոշիչների վերացման միջազգային ցանցի» ղեկավար Շերալ Պատոնին եւ «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» հ/կ նախագահ Մարի Կրանինդոնգը տեղեկանալով Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանի մասին՝ որոշել են միջնորդ դառնալ իրենց կառավարությունների` ԱՄՆ-ի ու Նիդեռլանդների եւ ՀՀ կառավարության միջեւ: Մարի Կրանինդոնգն ասում է, որ այցելել է սողանքային հողերում թաղված թունաքիմիկատների գերեզմանը եւ մտահոգված է, որ այն կարող է ցանկացած պահի փլուզվել` հասնելով մոտակա գյուղին ու գետին: Սա էլ արդեն կարող է տարածաշրջանային աղետ դառնալ` աղտոտելով ջրային ավազանը: Նշենք, որ 500 տոննայից ավելի թունաքիմիկատ է թաղված այս գերեզմանում: Թունաքիմիկատների գերեզմանի խնդիրը լուծելու համար Հայաստանը չունի համապատասխան տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ, ուստի այս տիկնայք մտադիր են իրենց կառավարություններից օգնություն հայցել` նշյալ խնդրի լուծման համար: Բացի այս, ֆինանսավորման առումով կարող են պատրաստակամություն հայտնել նաեւ միջավայրի պահպանության գլոբալ հիմնադրամները: Սակայն շատ կարեւոր է, որ Հայաստանի Կառավարությունն էլ միանա նրանց նախաձեռնությանը եւ հայցի փորձ ունեցող երկրների աջակցությունը: 2 օրից Շերալ Պատոնին եւ Մարի Կրանինդոնգը մեկնելու են Հայաստանից, սակայն դեռեւս Կառավարությունից հանդիպման հրավեր չեն ստացել: