Բուժական նոր մեթոդներ

04/11/2007

Հայաստանում մշակվում են բուսական հիմքով բուժական բոլորովին նոր մեթոդներ` ուղղված, մասնավորապես, բշտախտի, պսորիազի, գինեկոլոգիական եւ ներքին մի շարք հիվանդությունների դեմ: Աչքի մի շարք հիվանդությունների բուժման համար դեռ հնուց են մշակվել համարժեքը չունեցող մեթոդներ: «Մեզանում դեղաբույսերով բուժման մեթոդների մշակմանը միշտ էլ չափազանց մեծ դեր է հատկացվել»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Աշոտյանը, ով դեղաբույսերի մասին «Բժշկարան» գիտական աշխատության հեղինակն է: Նա հիշատակեց Մ. Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու անունները, ովքեր նոր խոսք են ասել բժշկության մեջ, իսկ նրանց կողմից դեռ 1000 տարի առաջ մշակված մեթոդները մինչ օրս լայն կիրառություն են գտնում: Այս ոլորտում, ըստ պրոֆեսորի` ձեռքբերումները շարունակվում են. ՀՀ ԳԱԱ ավանդական բժշկության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնների կողմից մշակվում են նոր մեթոդներ, առավել շատ ուսանողներ են այսօր զբաղվում բուսաբուժության վերաբերյալ գիտական աշխատանքներով: Ըստ մասնագիտական հետազոտությունների` Հայաստանն ունի դեղաբույսերի հարուստ եւ բազմազան աշխարհ, որը ներառում է շուրջ 4600 անուն: ՀՀ-ում աճում են մոտ 10 անուն դեղաբույսեր, որոնք աշխարհում ոչ մի այլ տեղ չեն աճում: Աշխարհում դեղաբույսերն ամենամեծ չափով կիրառվում են Չինաստանի եւ Հնդկաստանի բժշկագիտության մեջ: Այդ երկրներում բուժման մեթոդների մոտ 60 տոկոսն իրականացվում է դեղաբուսային հիմքերի վրա: