2008թ. ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մոտ 21 տոկոսով եւ կհասնի 89.000 դրամի: Այս մասին 2008թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Փոխնախարարի ասելով՝ 2008թ. կբարձրանա եւ 60 հազար դրամից 136.000 դրամի կհասնի նաեւ դպրոցների վարչական աշխատակազմի աշխատավարձը: Նախատեսված է 10 տոկոսով ավելացնել նաեւ դպրոցների սպասարկող տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: «Աշխատավարձի բարձրացում է սպասվում նաեւ Հայաստանի հատուկ դպրոցների աշխատակիցներին»,- նշել է Պ.Սաֆարյանը: Այսպիսով, նրա տվյալներով, հատուկ դպրոցների ուսուցիչների աշխատավարձի դրույքը (շաբաթական 23 ժամ) 2008թ. կկազմի 89,6 հազար դրամ` ներկայիս 57,8 հազար դրամի փոխարեն, վարչական աշխատակազմինը` 135,6 հազար դրամ` ներկայիս 60,9 հազար դրամի, սպասարկող անձնակազմինը` 26,7 հազար դրամ` 25.000 դրամի փոխարեն: