Շեւարդնաձեն քննադատել է

04/11/2007

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ առաջին անգամ խիստ քննադատության է ենթարկել պետության գործող ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին: Նա լրագրողներին հայտարարել է, որ «երկրում առկա են քաղաքական ու տնտեսական ճգնաժամեր, իսկ Վրաստանի նախագահն ուշացել է միջոցներ ձեռնարկելու հարցում»: «Երբ ժողովուրդը սովի է մատնված, երբ ժողովուրդն աշխատանք, աշխատավարձ չունի, երբ ժողովրդի առջեւ բազմաթիվ հիմնախնդիրներ են ծառացած, ժողովուրդը ստիպված է դուրս գալ փողոցներ»,- ասել է նախկին նախագահը եւ հավելել, որ «նոր ճանապարհներ գցելն ու շատրվաններ բացելը լավ է, բայց երբ ժողովուրդը թշվառ վիճակում է, նման միջոցառումներով նրա տրամադրությունը չի լավանա»: Ըստ Շեւարդնաձեի, «թույլ տրված սխալները շտկելու համար Միխայիլ Սահակաշվիլիին գրեթե ժամանակ չի մնացել»: Միեւնույն ժամանակ Շեւարդնաձեն դեմ է նոր հեղափոխությանը, քանի որ գտնում է, որ նման գործընթացները «ոչ մի լավ բան չեն բերում»: Հիշեցնենք, որ միավորված վրացական ընդդիմությունը նոյեմբերի 2-ին Թբիլիսիում անցկացվելիք հանրահավաքում հանդես է գալու «Վրաստանն առանց նախագահի» կարգախոսով: