Թերություններ են գտել

04/11/2007

ՀՀ Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին: Աշխատանքային խումբը եղել է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրում պահման պայմաններին ծանոթանալու համար: Այցելության պահին ՁՊՎ-ում ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն եղել: Ինչպես հայտնում են Պաշտպանի գրասենյակից, ուսումնասիրվել է ՁՊՎ-ի տեղաշարժի մատյանը, որտեղ հայտնաբերվել են նշումներ, որոնցից երեւացել են որոշ խախտումներ: Օրինակ` անչափահաս Վ. Կ.-ն. ՁՊՎ է ընդունվել 28.06.07թ. եւ տեղափոխվել է «Աբովյան» ք.հ. միայն մեկ շաբաթ հետո` 06.07.07-ին: Ոստիկանության աշխատակիցները սա պատճառաբանել են նրանով, որ ձերբակալված եւ կալանավորված անձանց տեղափոխում են շաբաթը մեկ անգամ: Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ոստիկաններին ներկայացրել են տեղաշարժի մատյանում առկա թերությունները, նաեւ վերջիններին բացատրել, որ ՀՀ Քր. դատավարության օրենսգրքի 137 հոդ. համաձայն՝ կալանավորված անձը չի կարող 3 օրից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով: