Թանկացումների հերթական շղթան

04/11/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական այս շաբաթը սկսվեց բենզինի ու դիզվառելիքի գների աճով: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ սպասվում է, որ վառելիքի գների 10 տոկոսանոց աճը շղթայաձեւ սպառողական ապրանքների 10 տոկոսանոց գնաճ կապահովի: Գնաճը սպառնում է դառնալ տնտեսության մասին գրող լրագրողների միակ թեման: Երկու պատճառով: Նախ` դա մեր երկրում դարձել է ամենօրյա գործընթաց: Երկրորդ` գնաճը մասամբ սկսել է հետաքրքրել նաեւ իշխանության մարմիններին: Նրանց մի մասը, հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով, մի գլուխ հաթաթա է տալիս գները բարձրացնող գործարարներին: Անիմաստ ու որեւէ հետեւանք չունեցող հաթաթա: Մյուս մասը փորձում է գնաճի որեւէ հիմնավորում գտնել: Երկուսն էլ հիմնավորապես ձանձրալի են: Որովհետեւ անընդհատ նույն բանն են կրկնում: Մեր չինովնիկների կարծիքով՝ սպառողական շուկայում աճող գները բացատրվում են միմիայն արտաքին պատճառներով: Բա ո՞նց: Երկնիշ աճ ունեցող մեր տնտեսությունը մինչեւ վերջին թելն ինտեգրվել է համաշխարհային տնտեսությանը: Հետեւաբար, եթե եվրոպական կամ ամերիկյան ապրանքահումքային բորսաներում առավոտյան որեւէ ապրանքի գին բարձրանում է, ապա կեսօրին նույն բանը պիտի կատարվի Հայաստանում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ տնտեսական ոլորտի իշխանավորները, պետականամետ լրատվամիջոցները միմիայն բորսայական թանկացումների լուրերի են սպասում: Լրատվամիջոցներն իրենց պարտքն են համարում տիրաժավորել թանկացումների մասին հերթական լուրերը, իսկ չինովնիկները դրանք դարձնում են իրենց անձեռնհասության քողարկման միջոց: Լավագույն օրինակին մենք ականատես դարձանք այս շաբաթ: Շաքարավազի գների սպեկուլյատիվ խաղը դեռ մարսել չէինք հասցրել, երբ արեւմտյան բորսաներից եկավ բոթը` նավթը նորից թանկացել է: Ներքին Չարբախից մինչեւ գյուղական ճամփաբաժանի լցակայանները նույն վայրկյանին բարձրացրեցին գները: Ինչպե՞ս է դա հնարավոր. այս հարցը մեր չինովնիկներին չի հետաքրքրում: Նրանք նույնիսկ չգիտեն էլ, որ վերջին թանկացումներն արեւմտյան երկրների ներքին շուկաներում կարձանագրվեն միայն երկու-երեք ամիս հետո, երբ վաճառքի կհանվի արդեն թանկ գնված վառելիքը: Որովհետեւ բորսաներում վաճառքի են հանվում, լավագույն դեպքում, երկու-երեք ամիս հետո մատակարարվելիք խմբաքանակներ: Ուստի ոչ մի պետություն թույլ չի տա գերշահույթ ստանալ ավելի էժան ձեռք բերած ապրանքի իրացման հաշվին: Բացառությամբ Հայաստանից: Շաքարավազի գների հետ կապված միջադեպը վերլուծելիս Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ երկրում առկա է վեց ամսվա սպառման պաշար: Հետեւաբար՝ առաջիկա մեկ տարում այս ապրանքի գնի աճ չի սպասվում: Իսկ բենզինի պահուստներ կարծես չկան: Որովհետեւ արտասահմանյան երկրներում եկող տարվա հունվար-փետրվարին թանկանալիք վառելիքը Հայաստանում սկսեց թանկ վաճառվել անցած երեքշաբթի օրվանից: Այն, որ թանկ է վաճառվում էժան գնվածը, նույն Տնտեսական մրցակցության հանձնաժողովից բացի՝ պիտի որ հետաքրքրեր նաեւ հարկային տեսչությանը: Եթե, իհարկե, այն ձեռնհաս լիներ վերահսկելու մեր մոնոպոլիզացված շուկան: Այն, որ վառելիք ներկրում են մի քանի սեփականատերեր, գիտեն բոլորը: Անգամ` իշխանությունները: Հետեւաբար ներքին շուկայում գներն ամենեւին էլ շուկայական գործընթացներով չեն ձեւավորվում: Մեր ներքին շուկայում գնագոյացումն ինքնին հետաքրքիր երեւույթ է: Թանկացումների վերջին գրոհի ընթացքում թանկացավ նաեւ կարագը: Ու տարօրինակ պատկեր արձանագրվեց: Թանկացավ միայն չփաթեթավորված կարագը: 1 կգ-ն վաճառվում է 2200-2500 դրամով: Իսկ փաթեթավորված` փոքր բրիկետներով վաճառվող կարագի գինը մնացել է նույնը: Արդյունքում տարօրինակ պատկեր է ձեւավորվել: Ավելի որակյալ ու նախկինում ավելի թանկ վաճառվող տուփերով կարագն այսօր կիլոգրամով վաճառվողից ավելի էժան է: Ակնհայտ է, որ սա մրցակցության արդյունք է: Տուփերով կարագ ներմուծում են տարբեր գործարարներ: Հիմա կիլոգրամով վաճառվող կարագ ներմուծողը հայտնվել է մրցակցության դաշտում: Շուկայական տնտեսության տրամաբանությամբ նա պիտի վնասներ կրի եւ դուրս մղվի այս ոլորտից: Մինչդեռ Հայաստանում տեղի կունենա ճիշտ հակառակը: Կիլոգրամներով վաճառվող կարագ ներմուծող օլիգարխն օգտագործելով իր ազդեցությունը հարկային ու, ամենակարեւորը, մաքսային կառույցների վրա, մանր գործարարների առջեւ անհաղթահարելի խոչընդոտներ կհարուցի: Եվ վերջիններս կամ դուրս կգան բիզնեսի այս ոլորտից, կամ ստիպված կլինեն բարձրացնել իրացման գները: Սա մոնոպոլիզացված տնտեսության չգրված կանոնն է: Կանոն, որի արդյունքում մեր ներքին շուկայում գներն այդքան վերահսկելի են դառնում: Խոսքը բոլոր լիկվիդային ապրանքների մասին է: Լինի տարադրամ թե բենզին: Եթե անգամ դրանք էժանանում կամ թանկանում են միջազգային գործընթացներին համահունչ, ապա՝ միմիայն մեր մենթալիտետին համապատասխան: Ու, չգիտես ինչու, այդ մենթալիտետ կոչվածը միշտ ծառայում է իշխանությունների եւ օլիգարխների շահերին: