ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Global Gold» ընկերության միջեւ հաշտության պայմանագիր դեռեւս չի կնքվել: Հիշեցնենք, որ մարտ ամսին «Global Gold»-ը դիմել է Համաշխարհային բանկին կից գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն եւ ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ է սկսել:
Ընկերությունը ՀՀ կառավարությանը եւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին մեղադրում է իր գործունեությանը խոչընդոտելու համար: Ավելի ուշ՝ օգոստոսի 30-ին ընկերությունը եւ ՀՀ կառավարությունը համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ կասեցրել են արբիտրաժը` մինչեւ հաշտության համաձայնագրի կնքումը: Հայաստանի կողմից որպես բանակցող կողմ հանդես է գալիս ՀՀ Գլխավոր դատախազությունը, մասնավորապես՝ դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: «Ակնկալում են, որ հաշտության վերջնական համաձայնագիրը կկնքվի սույն հայտարարությունից հետո տասն օրվա ընթացքում»,- նշված էր Դատախազության` սեպտեմբերի առաջին օրերին տարածած հաղորդագրության մեջ: Այդ ժամկետից անցել է ավելի քան մեկուկես ամիս, բայց հաշտության համաձայնագիր դեռ չի կնքվել: Կողմերն այդ կապակցությամբ ոչ մի կոնկրետ բացատրություն առայժմ չեն տալիս: «Գիտե՞ք ինչ կա, ենթադրվում էր, որ Ղարաբաղի հարցի դեպքում էլ շուտ հաշտության կգան, բայց 10 տարի է՝ բանակցում են: Մենք էլ` «Global Gold» հետ,- «168 Ժամի» հարցին այսպիսի պատասխան տվեց Գագիկ Ջհանգիրյանը: -Մեր բանակցությունները շարունակվում են, դեռ չեն ավարտվել: Շուտով հաշտության կգանք եւ մամուլին կտեղեկացնենք»: Մամուլում հրապարակում եղավ, թե այս ընկերությանն էր պատկանում Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի ուսումնասիրության իրավունքը: Սակայն ռուսական «Prominvest» ընկերությանը պատկանող «Madneuli» ընկերությունն այս տարվա ապրիլին ձեռք է բերել Հանքավանի հանքավայրը 25 տարով շահագործելու իրավունքը: Մինչդեռ մեր երկրի՝ հանքային ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ շահագործման առաջնային իրավունքը պատկանում է ուսումնասիրությունը կատարող ընկերությանը: Միջազգային արբիտրաժում «Global Gold»-ի հիմնական պահանջներից է այս հանքի նկատմամբ իր իրավունքի վերականգնումը: