Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ՀՀ շատ քաղաքացիների, այնպես էլ տաքսու վարորդների համար դարձել է քննարկման առարկա:
«Ժողովրդին սարքել են բադմինտոնի շառ»
Վարորդ Սուրենը վստահեցնում է, որ հոկտեմբերի 26-ին հանրահավաքից ժամեր առաջ այնքան պատվերներ են ստացել, որ մեքենաները չեն հասցրել պատվիրատուների պահանջարկը բավարարել: «Մինչեւ էսօր զարմացած ենք մնացել, թե էդ օրն ինչքան մարդ գնաց Ազատության հրապարակ: Էդ ինչ ոգեւորությամբ էին մարդիկ միտինգ գնում, չնայած, ասեմ ձեզ, որ սաղի մեջ վախ կար, խոսում էին, որ կռիվ ա լինելու: Ասում են, որ Լեւոնը շատ սուր ա խոսացել, հա՞, բայց մեկ ա` ես ոչ մեկին էլ չեմ հավատում: Լեւոնը Քոչարյանին «Հոկտեմբերի 27»-ն ա դեմ տալիս, նա էլ Լեւոնին մութ ու ցուրտ տարիներն ա հիշացնում: Ժողովրդին էլ խամաճիկի տեղ են դրել, սա նրան ա ժողովրդով ահաբեկում, նա էլ նրան ա սպառնում, թե՝ ժողովրդին քսի կտամ վրեդ: Բայց ամոթ ա, էլի, հերիք ա ժողովրդին շան տեղ դնեն: Ժողովուրդը ոչ «27»-ի դեպքն ա մինչեւ էսօր մոռացել, ոչ էլ ցուրտ ու մութ տարիները, որովհետեւ էդ ողբերգությունը ժողովրդի համար սթրես ա եղել, իսկ մութ ու ցուրտ տարիների հետեւանքը մինչեւ էսօր էլ կրում ենք: Սա նրան ա հաթաթա տալիս, նա էլ սրան ա հաթաթա տալիս: Չեն մտածում, որ ժողովրդի ցավի վրա բիբար են լցնում, որովհետեւ թե՛ սրա, թե՛ նրա արածներից էդ ժողովուրդն ա տառապել: Իսկ իրանք իրանց գահերում նստած են եղել: Ժողովրդին սարքել են բադմինտոնի շառ, էն նրան ա պաս տալիս, նա էլ՝ սրան, բայց չեն հասկանում, որ ժողովուրդը երկուսին էլ չի ուզում»,- բարկացած ասում է Սուրենն ու հավելում, որ բոլոր ընտրությունների ժամանակ, որպես կանոն, թեկնածուները հանկարծ հիշում են ժողովրդի մասին: «Փոխանակ կանգնեն, ասեն՝ ա՛յ, հայ ժողովուրդ ջան, ես էս բանը սխալ եմ արել, ու դուք դրանից տուժել եք, ներողություն եմ խնդրում ձեզ ցավ պատճառելու համար… Թե չէ` կանգնել իրար վրա չեպեներ են բռնում, որ ի՞նչ… Մի խոսքով՝ շատ անբարոյական քայլեր են անում ու դեռ շատ պիտի անեն, մինչեւ մեկին գահ բարձրացնեն: Էդ ընդդիմությունից ամենաանշառ մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն ա, որ ոչ մեկին ոչ ցեխոտում ա, ոչ էլ նենց արարք ա թույլ տվել, որ մենք դրանից տուժել ենք: Էդ մարդն իրա օրենսդիր աշխատանքն ա կատարում»,- ասում է Սուրենն ու հարցնում է՝ «Բայց չգիտեմ, ինքը էդ միտինգին եղե՞լ ա, կարծեմ Լեւոնի ժամանակ էր, չէ՞, արտգործնախարար»:
«Լեւոնը ծնվել ա ղեկավար լինելու համար»
«Էդ ի՞նչ բառապաշար, էդ ի՞նչ գրագիտություն ա, ա՛յ մարդ, Լեւոնը մնում ա Լեւոն, էլի, նրա խոսքը մոգական ուժ ունի, ինչքան լսում ես՝ էնքան ուզում ես նորից լսել: Էդ մարդը ծնվել ա ղեկավար լինելու համար: Ես միտինգին մասնակցել եմ ու էնքան ոգեւորված եմ, էնքան հավատ ա մեջս մտել, չեք պատկերացնում,- հիացած պատմում է վարորդ Համլետը՝ շարունակելով,- մեկ ա, ինչքան էլ հեռուստատեսությունը թարախ սրսկի ու մարդկանց Լեւոնին դեմ հանի՝ չի ստացվի, որովհետեւ հերիք ա գնաս ու իրա խոսքը լսես՝ կհասկանաս, որ Քոչարյանը, Սերժը, Օսկանյանը, Արթուր Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը պետք ա լիքը հաց ու պանիր ուտեն, որ դառնան Լեւոն: Իրա ելույթը լսում ես ու մեջդ վաղվա օրվա հանդեպ հավատը վերականգնվում ա: Միտինգի ժամանակ ընկերներիս ասում եմ՝ ա՛յ, էս ա խոսքի զորությունը, էս մարդու ամեն մի բառը կիրթ, գրագետ, հավասարակշռված ա: Էս 10 տարի ա՝ երկիր են ղեկավարում, բայց չսովորեցին, որ ամբիոնից քաղաքականություն բառը քաքականություն չասեն,- ասում է Համլետն ու շարունակում,- Վազգենի մորը, որ տեսա` սիրտս կտոր-կտոր եղավ: Բա մարդ էս տեսակ տղերք մեծացնի, պահի, ու սրանց նման շուն ու գելի բաժին դառնա՞ն: Արամ Սարգսյանը որ խոսում ա՝ ազնվությունն ու պարկեշտությունը վրայից թափվում ա: Էդ տղուն ես շատ եմ սիրում, մեջը շատ միամիտ ու մաքուր բան կա: Էլ չեմ ասում Վազգեն Սարգսյանի մասին, որ հայ ժողովրդի մեջքը կոտրեցին: Հանրահավաքի բեմում կանգնածներին էլ կարելի էր նայել ու ահագին բան հասկանալ: Նույն Արամ Սարգսյանը, որ էդքան ասում էին՝ իբր իրա աթոռի համար ա պայքարում, տեսա՞ք ոնց կանգնեց Լեւոնի կողքին: Տեսա՞ք, որ էդ մարդու պայքարը ազնիվ ա, ինքը սրանց նման պաշտոն չի ուզում, այլ ուզում ա երկրի դրվածքը փոխի, որ վաղը-մյուս օրը մեր ախպերներին էլ անմեղ տեղը չսպանեն: Ես հավատում եմ, որ էդ խումբը գա իշխանության՝ «27»-ի գործը կբացվի, ու մեր համար շատ ցնցող բաներ ենք լսելու: Էդ իշխանությունները խի՞ են խառնվել իրար, հանրահավաքի նախորդ օրն էլ Քոչարյանը իբր պատահաբար լրագրողների հարցերին ա պատասխանում: Հիշացնում ա, թե ինչքան ճանապարհներ ա բացել, ինչ տնտեսական աճ ա տվել: Խի կարո՞ղ ա տուպոյ ենք, չենք հասկանում, որ նախօրոք մարդկանց մոտ տպավորություն են ուզում ստեղծել: Խի չե՞նք հասկանում, որ հեռուստատեսությունը զավթել են ու մեզ չեն տալիս իսկական լուր ստանալու հնարավորություն: Որ տելեն միացնում ես՝ Հայաստանը որպես Եվրոպա են ներկայացնում, բայց մարդիկ աղքատության մեջ են ապրում: Հեռուստատեսությունը ղեկավարության համար տամոժնյա ա դարձել, լուրը ստուգում, նոր ցույց են տալիս: Եթե էդ լուրն իրանց դուր չեկավ, կկտրեն, կգցեն: Էդ հեռուստատեսության զիբիլը, որ մատուցում են, թող դրանով իրանց երեխեքին դաստիարակեն: Սաղ հարցերը լուծել են, հիմա էլ դրել գոմիկների ու դիսկատեկաների հարցն են քննարկում: Թող մի օր ինձ կամերա ու միկրաֆոն տան՝ կանգնեմ իրանց քֆրտեմ, ասեմ՝ ա՛յ փչացածներ, խի՞ եք իմ երեխեքին էլ փչացնում: Թող միտինգը ցույց տային ու ժողովուրդը թող որոշեր՝ հավատո՞ւմ ա Լեւոնին, թե՞ չէ»:
«Բանվորական ուժը Լեւոնի թեթեւ ձեռքով դառավ բոմժ»
Վարորդ Պարգեւն էլ զայրացած հիշում է. «Լեւոնի հետ կապված ցանկացած հարց իմ համար տհաճ ա, որովհետեւ բացի վատ ապրումներից՝ ուրիշ ոչինչ չեմ զգում: Լեւոնը Հայաստանի գործարանները թալանեց ու տվեց օտարներին: Հայաստանի բանվորական ուժը Լեւոնի թեթեւ ձեռքով դարձավ բոմժ, ու էսօր ընկել, նրա մասին պրոպագանդա՞ եք անում: Թողե՛ք, թող մարդիկ հանգիստ ապրեն, հերիք ա նորից ցեցը գցեք մարդկանց մեջ: Ամբողջ գիտական ուժը Հայաստանից քոչեց օտար երկիր, էլ գրագետ մարդ չմնաց ստեղ: Էդքան որ ասում են՝ մտավորականություն չկա, խի՞ են հիմիկվա իշխանություններին ասում, նրանք Լեւոնի վախտով են փախել, որովհետեւ սովամահ էին լինում: Հերիք ա դուք էլ Լեւոնի անունը տալով` ման գաք ու մարդկանց նորից ջղայնացնեք: Հայաստանի կործանումը իրանից ա սկսվել: Քոչարյանն էն օրն ասում էր՝ շատ վատ ժառանգություն եմ ստացել, կարո՞ղ ա էդ մարդը սուտ էր ասում, մենք հո գիտենք, որ տենց ա եղել: 14 տարեկան երեխես տրոլեյբուսի դռնից կախված էր դասի գնում, յա կհասներ, յա էլ ճամփին մի տեղ կընկներ: Մենք հո գիտենք, որ էսօր որ առոք-փառոք ման ենք գալիս՝ Քոչարյանի շնորհիվ ա: Վախենո՞ւմ եք ասել, որ էդ մարդը մեր երկիրը ոտքի հանեց: Վատ բաները վռազ տարածում եք, բայց լավ բաների մասին ասել վախենում եք, չէ՞»,- զայրացած ասաց վարորդ Պարգեւը: Ապա թե` «Ի տարբերություն ձեզ, ես էդքան համարձակություն ունեմ, որ ասեմ՝ մեր երկիրը կործանումից հանել են Քոչարյանն ու Սերժը: Էսօր իշխանության ձգտողներից ոչ մեկն էլ իրանց նման չի կարա աշխատի: Բոլորն էլ իրանց բարեկեցության համար կուզեն գալ իշխանության ու նորից երկիրը հողին հավասարեցնել: Լեւոնը մեկ տարում Հայաստանը դժոխք դարձրեց, մարդիկ փողոցով քայլում էին՝ ոնց որ կենդանի դիակ լինեին: Հերիք ա Քոչարյանին վարկաբեկեք, մարդը շատ լավ էլ աշխատում ա, երկիր ա կառավարում: Էդ միտինգի օրը 2 հոգի նստել են ավտոս, Լեւոնի մասին էին խոսում, թե՝ սենց կանի, նենց կանի: Ասում եմ՝ տո դու Լեւոնի վախտով կարայի՞ր տաքսի նստեիր, էն վախտ, որ ավտոբուսից կախված էիր տեղ գնում, չե՞ս հիշում: Ինձ ասում ա՝ հոպար, դու էս մաֆիոզի կողմնակի՞ցն ես: Ասում եմ՝ տղա ջան, մաֆիան Լեւոնն էր, որ էդքան մարդու մառալնի ու նյութական վնաս տվեց, իսկ Վանոյին թռցրեց ուրիշ երկիր: Էս մարդիկ նորմալ աշխատում են։ Իսկ եթե ուզում եք, որ Լեւոնը ձեր թագավորը լինի, ուրեմն՝ գնացե՛ք, էլի իրա ոտերն ընկեք: Բայց ժողովրդի վրա հույս չդնեք, որովհետեւ իմ նմանները շատ են, որ Լեւոնի անունը լսելուց հիստերիայի մեջ են ընկնում»,- բարկանում է վարորդ Պարգեւն ու խնդրում խոսակցությունը եզրափակել:
Խի՞ դաշնակներին Լեւոնը պաշտպանեց
Վարորդ Սահակը ընդդիմության հանրահավաքին ներկա է եղել: Ասում է` իրեն հետաքրքիր էր, թե 10 տարի լռությունից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ է ասելու ժողովրդին. «Ես գնացել եմ հանրահավաքին: Ինձ համար էդ օրը Լեւոնի դիմակը նորից պատռվեց: Լեւոնը «Հոկտեմբերի 27»-ի մասին մեզ հիշացրեց, բայց ամենակարեւոր մեղավորների մասին վաբշե չխոսաց: Պարզ չի՞, խի, որովհետեւ իրա աթոռի համար հիմա դաշնակների հետ լավ հարաբերություններ ա հաստատել, պայմանավորվել են, որ իրար դեմ կոմպրոմատներ չհանեն, դրա համար էլ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մեջ դաշնակների խառը լինելու փաստերի մասին չխոսաց: Քանի՞ դաշնակների անուններ էին էդ օրերին շոշափվում: Դրանց մատը տենց գործերում միշտ խառն ա, բայց Լեւոնը հանուն իրա իշխանության, հանուն իրա աթոռի նրանց անունը չտվեց, սաղ մեղքը գցեց Հ1-ի տնօրենի ու ներկա իշխանությունների վրա: Հիմա էլ դաշնակների հետ սիլի-բիլի անելով` Սերժի դեմ են ուզում աշխատեն: Ժողովուրդը հո խոտ չի՞, սաղ հասկանում ենք: Դրա համար էլ էս ժողովուրդը, մեկը` ես, էդ էրկուսին էլ դեմ եմ քվեարկելու ու Սերժ Սարգսյանին եմ ընտրելու: Հերիք ա Լեւոնը խաղեր տա, 10 տարի ձեն չի հանում, հետո գալիս ու ժողովրդին մթամ բաներ ա բացատրում: Հա, շատ սիրուն ա խոսում, բայց էդ սիրուն խոսալուց էլ ենք կուշտ: Գրում եք, թե 50-60 հազար մարդ ա էղել հանրահավաքին, ամոթ չի՞, էդքան մարդ ընդեղ որտեղի՞ց: Հիմա էլ սաղ ասում են` տեսա՞ք հանուն ժողովրդի, հանուն Հայաստանի՝ Լեւոնը իրա հին թշնամու` դաշնակների հետ բարիշեց… Ոչ թե հանուն Հայաստանի ժողովրդի, այլ հանուն իրա աթոռի բարիշեց, նախ՝ որ միասին պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ, եւ երկրորդ՝ որ դաշնակներն էլ իրա դեմ փաստեր չհանեն: Համ դաշնակներին, համ Լեւոնին հեչ ձեռնտու չի, որ շատ բաներ բացվեն, էս ա սաղ հարցը: Ես էս իշխանություններին չեմ սրբացնում, բայց ճիշտը մնում ա ճիշտ»:
«Ով փող տվեց` նա էլ կդառնա հայրենիք»
«Էդ ճի՞շտ ա, որ Սերժը նախագահ ա նստելու, իսկ Լեւոնը՝ վարչապետ,- հարցնում է վարորդ Սերյոժան ու շարունակում,- նենց բաներ են խոսում, որ մարդ մանթրաժ ա ընկնում: Ասում են` իբր Սերժն ու Լեւոնը միանում են, որ Քոչարյանին դեմ դուրս գան, բայց ո՞նց կըլնի, իրանք անհամատեղելի են: Տո ինչ ասես կլսես, էս ընտրությունների ժամանակ մարդիկ իրանց գաղափարներն ամեն օր փոխում են: Ես դաշնակներին եմ ընտրելու, էդ կուսակցությունը միակն ա, որ սրանց նման անպատկառություն չի անում: Տարրական բան ասեմ ձեզ, էդ դաշնակ նախարարների հետեւից երբեք չես տեսնի, որ սափրագլուխների շարասյուն գնա: Եսիմ, ես իրանց վարքի մասին վատ բան չեմ լսել: Իրանց երեխեքը մարդ չեն խփել, ավտոյի տակ մարդ չեն գցել, սկանդալ չեն արել, գլուխները կախ աշխատում են մարդիկ: Հետո դաշնակցական գաղափարախոսությունը հայրենասիրության վրա ա, իրանք մի ուրիշ ձեւի են նվիրվում հայրենիքին: Սրանց պես չեն, որ չգիտես, թե ում հայրենիքը որն ա: Մեկի հայրենիքը Ղարաբաղն ա, մեկինը՝ Մոսկվան, մյուսինն էլ՝ Եվրոպան: Ով փող տվեց, նա էլ կդառնա հայրենիք, ոնց որ ասենք՝ Արամ Կարապետյանը կամ Արթուր Բաղդասարյանը: Սաղ էլ ծախվում են: Լավ, բայց, եթե Սերժը պրեզիդենտ նստեց, իսկ Լեւոնը՝ վարչապետ, բա Քոչարյանն ի՞նչ ա անելու: Էս ա էլի քաղաքականությունը, 2 րոպեում կարան իրանց 40 տարվա ընկերներին ծախեն»: