Գյումրի քաղաքի ավտոկայանի հարակից թաղամասում իրար գլխի տեղադրված «դոմիկները» ջարդուխուրդ եղած գնացքի վագոններ են հիշեցնում:
Քաղաքի այս հատված հասնելու համար ճանապարհով պետք է իջնես դեպի ներքեւ, որտեղ իրար ետեւից շուրջ 600-700 դոմիկներ են շարված: «Ստեղ ամենագեշ տուժվողներն են»,- ասում են նրանք: Գյումրեցիներն ասում են, որ աշնան ու ձմռան ամիսներին այս թաղամասը հայտնվում է ջրի մեջ, եւ մարդիկ տանից դուրս չեն գալիս: «Ամբողջ քաղաքի անձրեւաջրերն ու ձյան հալոցքն իջնում ա ուղիղ մեր դոմիկների վրա: Էդ եղանակներին տնից դուրս չենք գալիս, վախենում ենք դոմիկի դուռ բացենք, որովհետեւ ջրհեղեղը կլցվի տուն, կսրբի-կտանի»,- ասում են նրանք՝ վստահեցնելով, որ խոնավությունից դոմիկների մեջ սնկեր են աճում: Փոքրիկ ասֆալտապատ արահետի ասֆալտը, որը տանում է դեպի թաղամասի վերջ՝ անձրեւաջրերի պատճառով ամբողջովին քայքայվել, քանդվել է: Մեր այցելության ժամանակ այդ թաղամասում տեղադրված դոմիկներում շրջելով՝ ականատես եղանք սարսափելի կենսապայմանների: Խոնավությունից ու ցրտից մարդիկ տարբեր տեսակի հիվանդություններ են ձեռք բերել, իսկ մանկահասակ երեխաներից շատերը տառապում են բազմաթիվ հիվանդություններով: Դոմիկների բնակիչները ծայրահեղ վատ կենսապայմաններից այնքան չարացած են, որ անխնա հայհոյում են քաղաքային իշխանություններին: Մեր հարցերին պատասխանում էին թերահավատորեն. «Ոչ մեկն էլ մեզ չի կարա օգնի: Էսքան տարվա մեջ շատ լրագրողներ են եկել, տեսել, զարմացել, գնացել գրել են, բայց՝ ոչ մի օգուտ: Արդեն հավատ չունենք, որ մի բան կփոխվի, որ գրեցիք՝ ի՞նչ»: Բակում՝ արեւի տակ նստած ծերունիներն, ովքեր պարապությունից մշտապես նարդի են խաղում, վիրավորված ասում էին՝ «Շունը ո՞նց կապրի, էդ տեսակ ենք: Մարդ կա՝ խորովածը կտանի շանը կգցի, մարդ էլ կա, որ ամբողջ տարին չգիտի, թե միսն ինչ բան է: Ծերը ծերին էլ չենք հասցնում, որ մարդավարի ապրենք»:
Գրիգոր պապն ամոթից գլուխը կախելով՝ պատմում էր, որ շատ ընտանիքներ հացը թաթախում են ջրի մեջ եւ ուտում են, որ սովամահ չլինեն: «Ժամանակին լացող չենք եղել, աշխատել, տուն-տեղ ենք դրել, երեխա ենք ուսման տվել, ամուսնացրել, բայց հիմի հացը կթաթխենք ջրի մեջ, կուտենք: 44 տարի ավտոբուսային պարկում եմ աշխատել, հիմա էլ 19.000 դրամ թոշակ կտան ու կըսեն՝ էդորով ապրի: Էդորով ջրի, աղբի, հոսանքի վարձ պիտի մուծեմ»,- ասում է ծերունին ու խորհուրդ է տալիս խաղընկերոջ կյանքի պատմությունը գրել: Նիկոլայը երիտասարդ տարիքում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, սակայն, թե ի՞նչ հանցագործություն է կատարել՝ չի ցանկանում այդ մասին խոսել: «22 տարեկանից նստել եմ, իսկ հիմա 50 տարեկան եմ, բայց գաղութից թոքային հիվանդությամբ եմ դուրս եկել»,- պատմում է Նիկոլայն, ում համար պետությունը թոշակ չի նշանակում աշխատանքային ստաժի բացակայության պատճառով: 1-ին կարգի հաշմանդամության 5000 դրամով է ամբողջ ամիսը գոյատեւում: «Պետությունը նստցրել, 20 տարի աշխատացրել է, բայց էդի ստաժ չի համարում: Էս ի՞նչ օրենք է: Էս մարդու թոքերը բերնից կթափեն: Էնքան ա սոված մնացել, որ հացը կբռե, ուշքը կեթա»,- ասում էին բակում հավաքված ծերունիները:
Երեխան մշտապես հիվանդ է
Հայարփի Սահակյանենց փայտե դոմիկ մտնելուն պես խոնավության հոտը խփում է քթիդ: Պատերը թաց են, դրա համար էլ այս ընտանիքի անդամները մշտապես հիվանդ են: Հայարփիի սկեսրայրը հաշմանդամ է, ողնուղեղի վնասվածք ունի, սայլակով են տեղաշարժում: Որդին՝ Վահագնը, մշտապես հիվանդ է, չի ապաքինվում. «Շաբաթը մեկ անգինա կեղնինք, չենք լավընա»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ դեռ անցած ամսվանից սկսել են դոմիկն էլեկտրականությամբ մի քիչ տաքացնել, որովհետեւ անգամ ամռանն այնտեղ ցուրտ է: «Անընդհատ հիվանդ, անընդհատ ճնշված, շատ վատ կապրինք, ներվային վիճակում ենք, հոգսերը շատ-շատ են»,- ասում է երիտասարդ կինն, ով այնքան է հոգնել դժվար կենսապայմաններին դիմակայելուց, որ տարիքն առած ու տանջված տարեց կնոջ պես է խոսում:
«Երեխի կոկորդից թարախ դուրս գուքա»
Արուս Մկրտչյանը միեւնույն դոմիկում ապրում է տղայի, հարսի, 5 անչափահաս թոռնիկների հետ: Մեծ տղան եւ հարսը երկրաշարժի ժամանակ զոհվել են, եւ նրանց երկու երեխաները նույնպես տիկին Արուսենց խնամակալության տակ են: «Աշխատող չունինք, ախր չկա աշխատանք, որ մարդ կարենա տուն պահի: Շատ դժվար է, 7 երեխա կպահենք, մի օր՝ սոված, մի օր՝ ծարավ, կաշվըներիցս դուրս գուքանք»,- ասում է տարեց կինը: Որպես բազմազավակ ընտանիք՝ ոչ մի արտոնությունից չեն օգտվում: Հարցնում եմ՝ «Բա էս դոմիկում 7 երեխա ո՞նց եք պահում»: Ուսերը թափ տալով՝ պատասխանում է՝ «Է, մեր գյորա: Աստված ինչքանով կամեցել է, ինչքանով հնար ունինք՝ կպահինք: Տուն էլ բաժանին, բայց մեզի չհասավ: Ամեն տեղ զեղծարարություն է, ի՞նչ կըրնանք էնել»։ Տիկին Արուսենք ապրում են 39.000 դրամ թոշակով:
Փոքրիկ թոռնուհու մոտ անհասկանալի հիվանդություն է առաջացել, եւ երեխան մշտապես սաստիկ ցավերի մեջ է: «Կոկորդը կուռե ու թարախ դուրս կուտա: Գլուխը գցավի, կոկորդից էլ թարախը չի կտրե: Տարանք բժշկի, ասին՝ ապերացիա պիտի արվի, շատ բարդ ապերացիա»: Երեխան ցավերից տառապում է, սակայն չեն տանում վիրահատության միայն այն պատճառով, որ գումար չունեն: Հասմիկը սովորում է 1-ին դասարանում, սպորտսմենուհի է: «Շատ է ցավում կոկորդս»,- թախծոտ աչքերով զարմացած նայելով՝ ասում է նա:
Ավտոկայանի հարակից թաղամասում մենք շատ դոմիկների դռներ թակեցինք ու շատերի հետ զրուցեցինք, որոնց խնդիրները նույնն են եւ շուտափույթ լուծում են պահանջում: Այստեղ մարդիկ, բացի սոցիալական վատ կենսապայմաններից, ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք ծագել են իրենց գլխին թափվող անձրեւաջրերի խոնավությունից: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամիսներ առաջ «168 Ժամին» տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Գյումրիում մարդիկ իրեն այնքան շատ են սիրում, որ փողոցով քայլելիս իր ձեռքերը համբուրում են: Գյումրիի մեր շրջագայությունը միանգամայն այլ տպավորություն թողեց: Մասնավորապես վերոնշյալ թաղամասի բնակիչները վստահեցրին, որ քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ ոտք չի դրել այս թաղամաս: Այնպես որ, Վարդան Ղուկասյանի ձեռքերը համբուրելու փոխարեն, կարծում ենք, այստեղ նրան մահակներով կդիմավորեն: