«Հովեր» կամերային երգչախումբը նոյեմբերի 2-4-ը Լեհաստանում կմասնակցի հոգեւոր քրիստոնեական «Լոգոս» 11-րդ երաժշտական փառատոնին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, որ այս տարի նշվում է խմբի ստեղծման 15-ամյակը եւ հոբելյանական տարվա շրջանակում խումբը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը 12 համերգներով հանդես է եկել Գերմանիայի մի քանի քաղաքներում: Հոբելյանական տարվա համերգաշրջանը, որը հովանավորում է «Flora family» հիմնադրամը, երգչախումբը սկսել է 2006թ. դեկտեմբերին` Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում 6 համերգներով հանդես գալով Փարիզում եւ այլ քաղաքներում: Երգչախումբը Լեհաստան մեկնելու հրավեր է ստացել, երբ այդ երկրում համերգներով հանդես է եկել գարնանը:
«Հոբելյանական տարում ունեցել ենք 33 համերգ եւ Հայաստանում, եւ արտերկրում, սակայն ամեն տարի էլ մենք ունենում ենք հագեցած համերգային ծրագիր, քանի որ ամեն տարի փորձում ենք ապացուցել, որ «ապրելու իրավունք ունենք»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Առաջիկայում կթողարկվի «Հովերի» «Աշխարհիկ խմբերգեր» խորագրով ձայնասկավառակը, իսկ 2006-ին թողարկվել է խմբի «Պատարագ» երկակի ձայնասկավառակը: