«2008-ին հիմնական ուշադրությունը պետք է դարձվի գների մակարդակի կառավարման, կարգավորման ոլորտի վրա»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, թե վերջերս համաշխարհային շուկայում վառելիքի եւ սննդամթերքի գների աճը «դաս է եղել» իրենց համար, ուստի իրենք գիտեն` ինչպես պետք է 2008թ. խուսափեն գնաճից: «ԿԲ-ն դա պետք է անի մոնետար գործիքներով, իսկ կառավարությունը պետք է հսկի շուկաները, որպեսզի գնագոյացումը լինի արդար եւ մրցակցային, որպեսզի համաշխարհային շուկայից եկող գնաճը Հայաստանում չեզոքացվի արտադրողականության աճով»,- պարզաբանել է Տ. Սարգսյանը` ընդգծելով, թե այդ գործընթացում հատուկ ուշադրության պետք է արժանացնել ներմուծման ոլորտին: Ըստ Տ. Սարգսյանի` ԿԲ-ն եւ կառավարությունն առաջիկա 3 տարիների համար Հայաստանում նախատեսել են 4 տոկոս գնաճ: