Անցած մեկ ամսվա ընթացքում համառ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Երեւանի մետրոյի կայարանների մոտ իրականացվող գետնանցումների վերանորոգչական աշխատանքների ժամանակ վնասվել են մետրոպոլիտենի ենթակառույցները: Իսկ վերանորոգչական աշխատանքներ իրականացվում են «Բարեկամություն» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանների խաչմերուկներում:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներն այս ընթացքում մի քանի անգամ հերքեցին շրջանառվող այդ լուրերը: Մոտ երկու շաբաթ առաջ էլ քաղաքապետարանի պաշտոնյաները մի քանի անգամ իմիջիայլոց հայտարարեցին, թե Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի անցումի շինարարությունն իրականացնող կազմակերպությունը փոխվել է: Սակայն այդ հայտարարությունների ժամանակ չնշվեց, թե կոնկրետ ո՞րն է եղել պատճառը, որ աշխատանքների կեսից մի կազմակերպությանը հեռացրել եւ բերել են մեկ այլ կազմակերպության: Չեն նշվել նաեւ շինարարական այդ կազմակերպությունների անունները: Մետրոպոլիտենի հատկապես «Զորավար Անդրանիկ» կայարանից դուրս եկող ուղեւորները հաճախ են անդրադառնում այդ հարցերին. ավելին, մարդիկ նաեւ ասում են, որ շինարարության պատճառով այդ կայարանում ջուր է լցվել: Շինարարները անզգուշաբար վնասել են կայարանի սահմանները: Մարդիկ բողոքում են, որ շինարարական ընկերությունն ընդհանրապես անորակ աշխատանք է կատարել: Պարզվեց, որ շինարարական այդ աշխատանքներն իրականացրել է «Էներգացանցշին» ընկերությունը, որը պատկանում է իշխանությունների աջակցությունը վայելող Լավրենտի Միքայելյանին: Այժմ գետնանցումի շինարարությունը շարունակում է «ԳրիԱր» ընկերությունը, որը, մեր տեղեկություններով՝ պատկանում է ԱԱԾ պետի արդեն նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանին: Այս նոր ընկերության բանվորներն օրեր առաջ մեզ հետ զրույցի ընթացքում պատմեցին, որ «Էլեկտրացանցշին» ընկերության շինարարներն, իսկապես, մոտեցել են մետրոյի սահմաններին: Այժմ նրանք շտկում են իրենց աշխատանքի թերությունները, գետնանցումի ուղղությունը փոքր-ինչ թեքում են, որպեսզի այդ արանքը հողով ծածկեն: Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանում գնացքի ռելսերի հատվածում իսկապես ջուր էր լցվել, պատերի մարմարապատ սալիկների տակից անընդհատ ջուր էր հոսում, եւ պատերը երկու կողմից ամբողջ երկարությամբ խոնավ էին: Ընթերցողը կհիշի, որ մետրոյի կայարանները ջրի մեջ էին նաեւ 1990-ականների սկզբին, երբ պոմպերը չէին հասցնում դատարկել հավաքվող ջուրը: Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը որոշեց ստորգետնյա թունել կառուցել, որպեսզի մետրո լցվող ջրերը հեռացվեն դեպի Հրազդան գետ: Դրանից հետո մետրոյի կայարաններում այլեւս ջուր չի հավաքվել: Համեմատության համար այս անգամ մենք եղանք մետրոյի մի քանի կայարաններում, եւ «Զորավար Անդրանիկ» կայարանից բացի, ոչ մի այլ կայարանում հոսող ջուր չհայտնաբերեցինք: «Էլեկտրացանցշին» ընկերության տնօրեն Լ. Միքայելյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց, թե իր շինարարները վնասել են մետրոյի սահմանները: Իսկ իր կազմակերպությանը, ըստ իր խոսքերի, ոչ թե հեռացրել են անորակ աշխատանք կատարելու պատճառով, այլ իրենք են աշխատանքները զիջել մեկ այլ ընկերության: «Դե, քաղաքապետարանն է, մի բան պիտի ասի,- ասաց պրն Միքայելյանը: -Այդ սխալներն ավելի շուտ նախագծողինն են եղել: Նրանք մի փոքր ավելի բարձր էին նախագծել, հիմա մերոնք շտկում են»: Իսկ նախագծողը «Երեւաննախագիծ» ինստիտուտն է: Ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծն անթերի է եղել: «Իսկ թե շինարարին ինչո՞ւ են փոխել` ես չգիտեմ,- ասաց պրն Մուշեղյանը: -Պատվիրատուին հարցրեք»: Պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանն է: Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, ով համակարգում է փողոցային շինարարական աշխատանքները, նույնպես հերքեց շինարարների կողմից մետրոյի սահմանները վնասելու փաստը: Իսկ «Էլեկտրացանցշին» ընկերության մասին էլ ասաց, թե «ժամկետների մեջ չէին տեղավորվում, դրա համար էլ կազմակերպությանը փոխել են»: Նա, իհարկե, ամբողջությամբ չհերքեց, որ նախագծի մեջ սխալներ են եղել, ոչ էլ հերքեց այն կարծիքը, թե շինարարներն անորակ աշխատանք են կատարել: «Խոսքը նախագծային սխալների մասին չէ,- ասաց Կ. Դավթյանը: -Մենք շինարարին տվել էինք այդ հատվածում գտնվող կոմունիկացիաների՝ ջրագծերի, կոյուղագծերի, հաղորդալարերի, մալուխների ճիշտ տեղերը, սակայն աշխատանքի ընթացքում որոշ բաներ վնասվել էին»: Մեր տեղեկություններով՝ այդ «որոշ բաներից» են եղել նաեւ ջրատար խողովակները, որոնք վնասվել են, եւ այդ պատճառով հոսող ջուրը լցվել է մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան: Կ.Դավթյանի պատասխանից, սակայն, հստակ չհասկացվեց, թե, ի վերջո, գետնանցումի նախագիծը ճի՞շտ է արվել, կամ թե քաղաքապետարանն ունի՞ արդյոք այդ խաչմերուկով անցնող կոմունիկացիոն կառույցների ճշգրիտ քարտեզը:
Եթե շինարարական կազմակերպությունն է աշխատանքներն անորակ կատարել, ապա սա այլ մտահոգության տեղիք է տալիս: «Էլեկտրացանցշին» ընկերությունն այս պահին իրականացնում է նաեւ Ջերմուկի ճոպանուղու կառուցումը: Ըստ Լ. Միքայելյանի` իրենք են կառուցել նաեւ Ծաղկաձորի ճոպանուղու առաջին եւ երկրորդ հատվածները: Հետեւաբար, հարց է առաջանում, թե նման շինարարական ընկերությանն ինչպե՞ս է վստահվում այդպիսի պատասխանատու օբյեկտների շինարարությունը: Իշխանություններն այս փաստից հետո այս ընկերությանը վստահելու հարցում պետք է որ ավելի զգույշ լինեն: Հիշեցնենք, որ այս ընկերությունն է կառուցում նաեւ Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկի գետնանցումը: Կ.Դավթյանի խոսքերով` այստեղ արդեն որակյալ շինարարություն է իրականացվում: Այս հանգամանքը երկմտելու տեղիք է տալիս. միգուցե իսկապե՞ս սխալները նախագծի մեջ են եղել: Չէ՞ որ Լ. Միքայելյանն ասում է, թե՝ «պաշտոնյաներ են, մի բան պիտի ասեն, էլի»: Այնուամենայնիվ, ո՛չ պատվիրատուի, ո՛չ էլ կատարողի խոսքերից այդպես էլ վերջնականապես պարզ չդարձավ, թե ի վերջո ո՞ր կողմն է թույլ տվել սխալը: