«Գյումրիում արձանիկներ կառուցելով մարդկանց չես կերակրի»,- ասում է ուսանողների մայրը

01/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Միայնակ մայր Նաիրայի երկու երեխաներն այս տարի փայլուն գնահատականներով ընդունվել են ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ: Երկուսն էլ չափազանց դաստիարակված, խելացի եւ աշխատասեր երիտասարդներ են: Գյումրեցի են եւ համալսարան ընդունվելուն պես տեղափոխվել են Զեյթունի ուսանողական հանրակացարանում ժամանակավորապես ապրելու: Թե ինչ գնով են այս ուսանողներն ուսում ստանում՝ դժվար է նկարագրել: Ամեն օր ոտքով հանրակացարանից գնում են դասի եւ ոտքով էլ վերադառնում են, որովհետեւ անգամ տրանսպորտի գումարի հարցում մայրն անզոր է: Ուսանողներն այժմ Երեւանում ապրում են իրենց ստացած 4950 դրամ թոշակով: Նաիրան ներկայումս մոր հետ ապրում է Գյումրի քաղաքում գտնվող վարձակալած մի բնակարանում. սեփական բնակարան չունեն: «Միշտ էլ աշխատել եմ ինքնուրույն պայքարել դժվարությունների դեմ, բայց հիմա…»,- ասում է ուսանողների մայրն, ով առողջական լուրջ խնդիրներ ունի եւ չի կարող ֆիզիկական աշխատանք կատարել, որպեսզի ուսանող երեխաների տարրական կենսապայմաններն ապահովի: Գյումրիի քաղաքապետը ոչ մի կերպ չի արձագանքել Նաիրայի խնդրանքին՝ երեխաներին ուսման հարցում օգնելու համար: «Դիմեցինք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, չմերժեց, բայց նաեւ չօգնեց»,- ասում է Նաիրան: Երեւանում հանրակացարանի սենյակի մեկ տարվա 90.000 դրամ կազմող վարձավճարն էլ փոխանցել է «Դիակոնիա» կազմակերպությունը: Նաիրան ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանը, թարգմանչուհի է, սակայն ասում է, որ Գյումրիում այնքան էլ պահանջված չեն իր բարձր մասնագիտական տվյալները: Մայր ու աղջիկ ապրում են 67-ամյա տիկին Ելենայի 16.000 դրամ ծերության թոշակով եւ 16.000 դրամ նպաստով, որից 10.000 դրամն ամսական վճարում են բնակարանի համար: «Բախտներս բերել է, որ տան տերը շատ բարեխիղճ, շնորհքով մարդ է: Պատահում է, որ այդ ամիսն ի վիճակի չենք լինում ամբողջը վճարել՝ համաձայնում է մաս-մաս գումարը տալուն: Չգիտեմ, ապրել չի լինում…»,- ասում է տիկին Ելենան՝ վստահեցնելով, որ անցյալ ամիս ուսանող թոռնիկները թոշակը ստացել, բերել են Գյումրի՝ բնակարանի վարձը տալու համար: Ասում է՝ «Մինչեւ թոշակը կամ նպաստը ստանում ենք՝ նույնիսկ 50 դրամ չի լինում, որ հաց գնենք: Գյումրիում շատերն են էդ վիճակում, մենք մենակ չենք, որ մազներս պոկենք, լաց լինենք»: Նաիրան վերջերս իմացել է, որ Գյումրիի բանկերից մեկում աշխատողի կարիք կա: «Ուրախ-ուրախ գնացի, դե՛, ես վստահ եմ իմ գիտելիքների վրա: Մեկ էլ ասում են՝ 30-նն ա՞նց եք: Ասեցի՝ 40 տարեկան եմ, բայց, եթե ձեզ լեզվի մասնագետ է պետք, տարիքն ի՞նչ կապ ունի: Մի խոսքով՝ տարիքս անց էր, չընդունեցին»,- պատմում է Նաիրան, ում փոխարեն, հավանաբար, ընդունել են մի երիտասարդ աղջկա, ով մասնագիտական կարողությունների փոխարեն երեւի «բարետես արտաքին» է ունեցել: Մինչ այս Նաիրան Կաթողիկե առաջնորդարանում ռուսաց լեզու է դասավանդել: Նաիրան ասում է, որ երկու երեխաներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց տանը ցուրտ է, ու դժվար չէ պատկերացնել, թե ձմռանն ինչ սառնամանիքի պայմաններում է գոյատեւում այս ընտանիքը: Էլեկտրականությամբ մի փոքրիկ տաքություն են ապահովում ու շորերով փաթաթվելով փորձում են հաղթահարել ձմեռը: Հարցնում եմ՝ «Գյումրիում ո՞նց է կյանքը»: Հեգնանքով պատասխանում են՝ «Եթերով այնպես են ցույց տալիս, իբր Գյումրիում ոչ մի պրոբլեմ չկա, բայց մեր նման հազարավոր մարդիկ կան, որոնք շատ վատ վիճակում են: Մենք ոչ վատատես ենք, ոչ էլ այդպես ասում ենք, որովհետեւ Վարդան Ղուկասյանին չենք սիրում, կարելի է սիրել լավ ղեկավարին, ոչ թե անգրագետ մարդուն: Արձանիկներ կառուցելով ժողովրդին չեն կերակրի: Ժողովրդին աշխատանք է պետք»:

Նաիրան չափազանց կիրթ մարդ է եւ, չնայած սոցիալական ծանր կենսապայմաններին, այնուամենայնիվ, իր վիճակը նկարագրելիս անընդհատ հումորի զգացումով է ամեն մի դժվարությանը վերաբերվում: Տղան՝ Արամը, մեր այցելության ժամանակ հանգստյան օրերին եկել էր Գյումրի՝ մոր մոտ, եւ խոսակցության ժամանակ անընդհատ հայացքը թաքցնում էր, ամաչում էր: Ասում է՝ «Ես աշխատել եմ շինարարության վրա, գործից չեմ վախենում: Եթե մի հարմար աշխատանք լինի, որ կարողանամ դասերից հետո աշխատեմ՝ կաշխատեմ: Ուղղակի դասերի ժամերի հետ ոչ ոք չի համաձայնում հարմարացնել: Կարամ գնամ դասի, դասից հետո էլ բանվորություն անեմ, մենակ թե ընտանիքիս վիճակը թեթեւացնեմ: Ես կհասցնեմ համ դասերս պարապել, համ էլ աշխատել, թե չէ սենց ապրել հնարավոր չի»: