Արդեն մի քանի օր է, ինչ Խոր Վիրապի քանդված պարսպի քարերը դեպի խորանը տանող ճանապարհը փակել են, եւ պահակները ստիպված են լինում մի փոքրիկ արահետ բացել, որպեսզի այցելուները կարողանան վերեւ բարձրանալ: Խոր Վիրապի պահակ Վիգենն «Ա1+»-ի թղթակցին պատմել է, որ մի քանի օր առաջ եկեղեցում պսակադրություն է եղել, եւ արարողությունից հետո, երբ հյուրերն արդեն իջնում էին, մեծ դղրդյուն են լսել ու անմիջապես «դուրս են թռել եկեղեցուց»: «Առաջին բանը, որ մտքովս անցավ` երկրաշարժն էր, հետո տեսանք, որ պարսպի տոննայանոց քարերն են քանդվել եւ թափվել ներքեւ` փակելով ողջ ճանապարհը, ներքեւը չէինք տեսնում եւ մտածում էինք` Խոր Վիրապը փլվեց հարսի ու փեսայի գլխին»,- պատմել է Վիգենը` ավելացնելով, թե, բարեբախտաբար, վիրավորներ չեն եղել, քարերը փլվել էին այն ժամանակ, երբ հարսանիքի հյուրերը համարյա ներքեւում էին: Նա նաեւ պատմել է, որ պարսպի մոտ 3-4 մետրանոց ճաքն արդեն մի քանի տարի է` կա, եւ այդքան էլ անակնկալ չէր տեղի ունեցածը: «Մի օր հաստատ փլվելու էր: Լավ է, որ զոհեր չեղան»,- ասել է նա: «Ա1+»-ի թղթակցի հավաստմամբ` պարսպից շարունակ փոքր քարեր էին պոկվում-թափվում նաեւ այն պահին, երբ ինքն այնտեղ էր: Պահակը պատմել է, որ, չնայած վիճակը վտանգավոր է, սակայն Խոր Վիրապ մարդկանց հոսքը չի դադարում, իսկ իրենց էլ խոսք են տվել մոտ ապագայում անպայման ամրացնել պարիսպն ու լուծել այդ խնդիրը: Հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար Արտյոմ Գրիգորյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, թե այդ ուղղությամբ քայլ պետք է ձեռնարկի Էջմիածնի առաջնորդարանը, քանի որ այն Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն է: «Խոր Վիրապի պարիսպը բազմաշերտ է, առաջինը 13-14-րդ դարի է, ավելի վերին շերտը` 17-18-րդ դարի է, եւ ողջ պարիսպը վթարային վիճակում է 2000-ից, երբ ճաքը սկսեց աստիճանաբար մեծանալ»,- ասել է Ա. Գրիգորյանը` նկատելով, թե պարսպի վերականգնման համար հատուկ տեխնիկա է պետք, որոնք էլ կապված են խոշոր ծախսերի հետ: Նա հույս ունի, թե Էջմիածինն ինչ-որ բան կձեռնարկի: «Վախն էլ սրտներումս է, թե հանկարծ պոկվող քարերը մեկի գլխին չընկնեն»,- ասել է պահակ Վիգենը, ով նույնպես Ա. Գրիգորյանի հետ սպասում է, թե երբ է Էջմիածինն ինչ-որ բան ձեռնարկելու իր սեփականության համար: Իսկ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնից «ponara-ma.am»-ի թղթակցին հայտնել են, որ պատը կառուցվել էր վերջերս, իսկ քանդվելու հիմնական պատճառը ճարտարապետական ոչ ճիշտ նորմերով այն կառուցելն էր: