Փաստաթուղթ չեն տալիս

28/10/2007

«Միկա-ցեմենտ» գործարանն ընդհանրապես դուրս է մնացել 300 խոշոր հարկատուների ցանկից եւ հավասարվել է 800-երորդական տեղ զբաղեցնողներին` վեց ամսվա կտրվածքով պետբյուջե վճարելով 25մլն դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարի 9 ամսվա կտրվածքով 270մլն դրամ վճարելով` գործարանը զբաղեցրել է 117-րդ տեղը: Հրազդանի եւ Սեւանի շրջաններում շինանյութի, այդ թվում եւ՝ ցեմենտի մանրածախ առեւտրով զբաղվողները նույնպես դժգոհ են «Միկա-ցեմենտի» հետ ունեցած առեւտրային փոխհարաբերություններից: Նրանք ասում են, որ գործարանը հրաժարվում է փաստաթուղթ տալ գործարանից կատարված գործարքների համար: Մանր առեւտրականները եկող տարի պարզեցվածից սովորական հարկատեսակին անցնելու դեպքում մեծ խնդիրներ են ունենալու հարկային մարմինների հետ: «Գործարանից անգամ 1 տոննա ցեմենտի ձեռքբերման փաստաթուղթ չենք կարողանում վերցնել, որ հարկային մարմիններին ցույց տանք»,- ասում է շինանյութի խանութ ունեցող մեր զրուցակիցը: