«Ես պարտավոր են դատավոր դառնալ»,- ասում է փոքրիկ Սպարտակը

28/10/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տան «հյուրասենյակում», որը ոչնչով չի տարբերվում շքամուտքերի նկուղներից՝ փոքրիկ Սպարտակը ծալապատիկ նստած, մրոտ ձեռքերով Սովետի թվի հեռուստացույցի մասերն է առանձնացնում: Անգամ անծանոթ մարդու ներկայությունը նրան չի շեղում իր գործից. հեռուստացույցի մասերն առանձնացնելը նրա համար շատ կարեւոր նշանակություն ունի, շատ բան է կախված նրա աշխատանքից: Հարցնում եմ՝ «Էս ինչի՞ ես հեռուստացույցը քանդում»: Պատասխանում է՝ «Որ տանենք ալյումինը հանձնենք: Հացի փող չկա, սենց հին բաները քանդում ենք, որ հանձնենք, մի քիչ փող տան, մաման ուտելու բան առնի: Գիտե՞ս՝ իմ ամենասիրած բանը ցամաք հացն ա, բայց լինում ա, որ հաց չենք ունենում, ու ես սոված եմ մնում: Սիրում եմ ամեն օր ցամաք հաց ուտել»,- ասում է նա ու աչքերը ճպճպացնելով, արագ-արագ հեռուստացույցի պտուտակներն է թուլացնում: Արդեն սովորել է` ինչպես քանդել հին տեխնիկան, որովհետեւ նրանք ապրում են ծանոթների տված կամ փողոցներից գտած հին, անպետք սարքերից ստացված ալյումինի հանձնուքի գումարով: Տղան սովորում է առաջին դասարանում, ու, երբ դպրոցի մասին հարցեր եմ տալիս՝ շատ պատրաստակամ հայտարարում է՝ «Դե՛, լավ, եթե քեզ էդքան հետաքրքիր ա, սպասի գնամ, օրագիրս բերեմ, որ գնահատականներս տեսնես»: Սիրում է դպրոցը, իսկ օրագրի գնահատականները շատ տարբեր են: Ասում է` ամեն ինչ անելու է, որ գերազանցիկ դառնա. «Եթե գերազանց չսովորեմ՝ չեմ կարա դատավոր դառնամ: Ես պիտի, այսինքն՝ պարտավոր եմ դատավոր դառնալ, որ մի քանի մարդու դատեմ, բանտ գցեմ»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Հոնքերը խոժոռելով` բարկացած պատասխանում է. «Պիտի դատավոր դառնամ, որ էդ մարդկանց պատժեմ: Պապայի թոշակը չտվեցին, վերցրին իրանց, դրա համար էլ մենք սոված մնացինք: Երեսուն հազարը պահեցին իրանց երեխեքին: Ես ուզում եմ, որ իրանք բանտում նստեն ու հասկանան, որ ես սոված էի մնացել: Էդ մարդկանց պետք ա պատժեմ, դրա համար էլ ես պետք ա լավ սովորեմ, որ դատավոր դառնամ»: 6-ամյա երեխայի աչքերում հանկարծ չարություն է հայտնվում, ու նա նյարդային շարժումներով հեռանում է, հագուստի թեւքերը ծալելով` կրկին սկսում է կոտրված հեռուստացույցն ալյումինից «մաքրազարդել»:

Մայրը՝ Աշխենը, որդու խոսքերից շփոթված՝ մեկ ծիծաղում, մեկ էլ տխրում է, որովհետեւ իրենց կյանքի դժվարությունները մեծ հետք են թողել փոքրիկի հոգեբանության վրա: Ասում է. «Չէ՛, հիմա ամուսինս թոշակ ստանում ա, ուղղակի մի քանի ամսվանը կտրեցին, բայց հետո վերականգնեցին: Էդ քանի ամիսը սովամահ էինք լինում, շատ դժվարություններ ունեցանք, դրա համար էլ երեխու մեջ տպավորվել ա»: Աշխենի ամուսինն ազատամարտիկ է, Մանվել Գրիգորյանի ջոկատից է եղել: Ստամոքսի խոցի պատճառով հիվանդանոցից վերջերս է դուրս գրվել եւ առողջական ծանր վիճակի պատճառով աշխատունակ չէ: Ապրում են Վաչագանի 28.000 դրամ թոշակով: Ամուսինները, բացի միակ որդուց, խնամում են նաեւ Աշխենի 80-ամյա մորը: Ռիմա տատն աստիճանաբար կորցնում է տեսողությունը: Անձրեւանոցով շուրջբոլորը շոշափելով է տեղաշարժվում: Վերջերս փողոցով քայլելիս մեքենան հարվածել է: Չի տեսնում… կուրանում է…

Ռիմա տատը մարմինս շոշափելով՝ ինչ-որ բան է փնտրում ու անհանգիստ շարժումներս զգալով` մխիթարում է՝ «Մի՛ վախեցի, աղջիկ ջան»: Ձեռքս գտնելով մոտեցնում է շուրթերին, որ համբուրի: Շփոթված ասում եմ՝ «Ի՞նչ եք անում…»: Ասում է՝ «Աղջի՛կ ջան, էս անարդար երկրում մեկն էսքան տարվա մեջ լայեղ չի արել ոտք դնի էս տուն: Շնորհակալ եմ, որ մեզնով հետաքրքրվել ես ու համբերատար լսում ես»: Ռիմա տատը գլուխս շոյում է. «Աչքերս փակվավ, կուրացա, բալես»: Ասում է ու լաց է լինում։

Աշխենը պատմում է, որ Արցախի պողոտայում գտնվող իրենց նախկին տունը ծանր տարիներին վաճառել են, որ կուտակված տոկոսով վերցրած գումարների պարտքը մարեն: 2001 թվից ապրում են Գուրգեն Մահարի փողոցում գտնվող նախկին Խոհարարական ուսումնարանի շենքում, որը ներկայումս ավելի շատ պարզապես ծածկ է, քան շենք: Սենյակի սեփականաշնորհման իրավունք չունեն. «Լրիվ գումարի հարց ա»: Ընդհանրապես շատերը չգիտեն, որ քաղաքի այս հատվածում մարդիկ են ապրում: Էրեբունի համայնքի Վարդաշենի խուլ փողոցներից մեկն է, որը շրջապատված է բարձր սարերով, եւ միակ երթեւեկելի ճանապարհով անգամ երթուղային տաքսի չի անցնում:

Աշխենի ընտանիքը նպաստառուների ցուցակում ընդգրկված չէ: «Էս ա, հին, գցելու հեռուստացույց ա, ռադիո ա գտնում, բերում ենք, որ քանդենք, ալյումինը հանձնենք: Գոնե մի բան ստեղծում ենք, երեխեն ուտում ա: Դպրոցում էլ՝ ֆոնդ ա, դասատուների տոն ա, էս գրքի, էն խաղալիքի համար: Առաջին դասարան ա, բայց արդեն ամեն օր փող տալու պրոբլեմը կա: Ես էլ անում եմ, որ երեխես վատ չզգա, չարհամարհեն: Ասում ենք՝ թող մենք սոված մնանք, բայց երեխեն իրան ճնշված չզգա: Ալյումինը հանձնում եմ, որ հացի փող անեմ, բայց չգիտեմ՝ դպրոցի՞ն տամ, թե՞ հաց առնեմ»,- ասում է Աշխենը` վստահեցնելով, որ ձմռանը երեխային պաշտպանելու համար ոչինչ չեն կարող անել: Սպարտակն այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել ծանոթ-բարեկամների տված հագուստով, իսկ ձմեռային շորերի հարցում մայրն անելանելի վիճակում է: Նրանց տանն արդեն ցուրտ է. «Փայտ չենք կարա առնենք, պիտի դրսից վառելիք հավաքենք, որ տաքացնենք: Տեսում եք, էլի, հիմիկվանից ինչ խոնավ ու ցուրտ ա»,- ասում է Աշխենը, ով ինձ հրաժեշտ տալուց հետո նորից մոտենում է անպետք հեռուստացույցին ու ալյումինի մասերն է առանձնացնում:

Արդարադատության նախարարության «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում ներկայումս պահվում են 52 անչափահաս դատապարտյալներ, որոնց զգալի մասը դատապարտվել է ալյումինի գողության պատճառով: Նրանցից շատերն այն սպարտակներն են, ովքեր սիրել են ցամաք հաց ուտել ու երազել են դատավոր դառնալ, որ անարդարությունների դեմ պայքարեն: